Գլխավոր դատախազությունը Վարդան Պետրոսյանի կալանքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ:
“Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.
Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ և չի՛ կարող դրսևորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի  մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչնդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ:
Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր, մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ևս մեկ անգամ վստահեցնում է, որ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն և նախաքննության ընթացքում նոր ապացույցների ձեռքբերման, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունների քննարկման արդյունքում քրեական գործի ընթացքի և կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի”,- ասվում է պարզաբանման մեջ:




Լրահոս