ՆՈՐ «ԿՈՒԼՏՈՒՐԱ»՝ ԲՈՂՈՔՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վարակվելով» «Ոչ 150 դրամին», «Ավելին չենք վճարելու» եւ նման այլ կարգախոսներով ակցիաների կազմակերպիչներից՝ նախօրեից բողոքի ակցիաների տեսքով պայքար են սկսել գծատերերը՝ ընդվզելով գործող սակագնի՝ 100 դրամի դեմ: Ուշագրավն այն է, որ բողոքներին ընդդեմ բողոքների այս հատկությունն ասպարեզ եկավ Փակ շուկայի հայտնի պատմությամբ, երբ ակտիվիստներ հայտնվեցին, որոնք սկսեցին բողոքել վերանորոգված Փակ շուկայից բողոքողների դեմ՝ հրապարակ հանելով անգամ ավանակների:
«Քաղաքապետարանն ասում է՝ մենք շահել ենք մրցույթը 100 դրամով, բայց մենք ի՞նչ իմանայինք, որ գազն ու պահեստամասերը կթանկանան: 100 դրամով մեքենա շահագործելն էսօր արդեն անհնար է»,-լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասաց թիվ 4 երթուղային գիծը սպասարկող «ԻՍԱՎ» ՍՊԸ-ի տնօրեն Պատվական Միհրանյանը: Իրենց հաշվարկներով Երեւանում 1 ուղեւորավարձը պետք է լինի 200 դրամ:  
Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով էլ՝ իրենք պատրաստ են աշխատել 150 դրամով, եթե մնացած 50 դրամը կառավարությունը փոխհատուցի: «Ուղեւորների 10%-ը երթեւեկում է անվճար, կառավարությունը դա էլ պետք է փոխհատուցի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Հիշեցնենք, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով քաղաքապետարանում ձեւավորված հանձնաժողովը 3 ամսում ընդամենը 2 նիստ է անցկացրել, իսկ ուղեւորափոխադրող ընկերությունները պահանջում են արագացնել աշխատանքները եւ որոշում կայացնել: 2 օր առաջ ուղեւորափոխադրողների միության կողմից քաղաքապետարանին ներկայացվել է նման պահանջով բաց նամակ, որը  ուղեւորափոխադրում իրականացնող 62 կազմակերպություններից 57-ը ստորագրել են: Նամակը քաղաքապետարանին փոխանցվել էր երթի հատուկ արարողությամբ:
Այսպիսով՝ բողոքողների դեմ բողոքելու նոր «կուլտուրայի» սկիզբ դրվեց Հայաստանում, որը նշանավորվեց Փակ շուկայի պաշտպանությանն ուղղված ակցիաների նախադեպով: Կարելի է մտածել, որ սա դիվանագիտական բավականին խորամանկ քայլ է, որը համապատասխան մարմինները գործածում են ըմբոստությունները լռեցնելու նպատակով:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս