Ազատամարտիկ Սարգիս Հացպանեանն այսօր իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում էր մի խնդիր, որ «Ազգագրության և Հնեաբանության» ինստիտուտի աշխատակցուհի Վարդուհի Մադաթյանին ոստիկանությունը հոգեբուժարանի աշխատողների հետ բռնությամբ իրենց մեքենան խցկելով` տարել է անհայտ ուղղությամբ:
ArmLur.am-ին 56-ամյա Վարդուհի Մադթյանը պատմեց, որ օրեր առաջ այցելել է ինչ-որ քննիչ, և ոստիկանության աշխատակիցների օգնությամբ իրեն տեղափոխել են Ավանի հոգեկան առողջացման կենտրոն և իր կամքին հակառակ փակի տակ են պահում. «Ես գտնում եմ, որ այս ամենի պատճառն այն է, որ ես Ազատության հրապարակում էի, ու այն ինչի մեջ փորձում են ինձ մեղադրել, ուղղակի հորինված է: Այստեղ մեղավոր են նաև իմ հարևանները, որոնցից մեկը մարմնավաճառ է, իսկ մյուսը` թմրամոլ, և այս կերպով ցանկանում են ինձ իմ բնակարանից զրկել»:
Նա նաև հայտնեց, որ իրեն ասել են, որ 24 ժամ անց բաց կթողնեն, բայց ժամանակն անցել է, իսկ ինքը դեռևս անազատության մեջ է:
Քննչական կոմիտեից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել` դեպքից մանրամասներ հայտնելու համար: