ՆԿԱՐՈՒՄ ԷԻՆ
88 կողմ, 13 դեմ արդյունքներով երեկ հայրենի խորհրդարանը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ ընտրեց Իշխան Զաքարյանին: Ընտրությունների ժամանակ զավեշտալի վիճակ էր ստեղծվել: ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, մտավախություն ունենալով, թե այս անգամ եւս իրենց քվեաթերթիկը կարող է կեղծվել, ընտրելուց հետո արագ լուսանկարում էին այն, ապա նոր դուրս գալիս քվեախցից: Այս անգամ իրենց քվեաթերթիկները լուսանկարել են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, Ալիկ Արզումանյանը, իսկ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ, մինչ քվեաթերթիկն արկղը գցելը, այն ցույց է տվել լրագրողներին: Ի դեպ, թեեւ ՀԱԿ-ը որոշել էր բոյկոտել Իշխան Զաքարյանին, այնուամենայնիվ, Հրանտ Բագրատյանն ու Ն. Փաշինյանը մասնակցեցին քվեարկությանը: Փաշինյանը եւս լուսանկարել էր իր «դեմ» քվեարկած քվեաթերթիկը:
ՉԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ
Երեկ Երեւանի ճարտարագիտական պետական համալսարանի նախկին աշխատակիցները բուհի մոտ բողոքի ակցիա անցկացրին: Նախկին աշխատակիցները հայտարարում են, որ իրենք աշխատանքից հեռացվել են կամայական որոշումների արդյունքում, ինչի համար էլ պահանջում են ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը: Բուհի նախկին աշխատակիցներին միացել էին նաեւ ռեկտորի գործելաոճից դժգոհ, բայց ներկա պահին աշխատող դասախոսները: Նշենք, որ բուհի բողոքող նախկին աշխատակիցները ռեկտորի հրաժարականի պահանջով նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին, սակայն դեռ պատասխան չկա: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց բուհի ռեկտոր Արա Ավետիսյանի հետ, որն էլ փոխանցեց. «Բողոքի ակցիան՝ որպես այդպիսին, տեղի չունեցավ: Ես իրենց բոլորին հրավիրեցի վերեւ՝ քննարկելու իրենց կողմից բարձրացված հարցերը: Սակայն նրանք չեկան: Երեւի ասելիք չունեին: Ես արդեն չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել»:
ՄԵԿՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂ
Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Ս. Սարգսյանն այցելել է պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը:
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը երեկ հայտարարել է, թե առաջիկա երկու ամիսների ընթացքում կնախապատրաստվեն Հայաստանի ու Ղրղըզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզները:
Ո՞Վ Է ԲԱԶՄԱԿԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի` շքեղ առանձնատուն ունենալու փաստին, ասել է. «Չեմ ուզում շատ խորանալ, բայց նայե՛ք ընդդիմության գլուխգործոցներին, բոլորի՛ն էլ նայեք տեսեք՝ ինչեր ունեն, չեմ ուզում անուններ տալ։ Ամեն մեկն էլ մի երեք-չորս հատ էլ կնիկ ունեն»:
ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՎԱՆՈ՛
Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա դարձավ 67 տարեկան: Եվ այսօր ստիպված ենք հերթական անգամ փաստել, որ Հայաստանի անկախության ճանապարհին մեծագույն ներդրում ունեցած անձնավորությունն իր ծննդյան տարեդարձը նշում է վտարանդու կարգավիճակում. քաղաքական հալածանքների պատճառով Սիրադեղյանը 2000թ. ստիպված էր լքել հայրենիքը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է նրան` մաղթելով շուտափույթ վերադարձ: