ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ, Ե՛Վ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական մեծամասնությունը երեկ բոյկոտեց ԱԺ չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստը, որի օրակարգում էր ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» նախագիծը: Ժամը 12-ին գրանցվեց 45 պատգամավոր, երեք ժամ անց նրանց թիվն ավելացավ եւս 5-ով, սակայն քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը համարվեց չկայացած:
Մինչ այդ ԱԺ-ի մոտ էին հավաքվել մեծ թվով ցուցարարներ, որոնք եւս բողոքում էին հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծից: Ցուցարարների թիվը գնալով ավելանում էր. նրանց մի մասը հավաքվել էր Դեմիրճյան փողոցում, մի մասը` Բաղրամյան պողոտայում` ԱԺ կենտրոնական մուտքի մոտ: ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները, տեսնելով իշխանությունների վարքագիծը, դուրս եկան ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարներին ընդառաջ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոչ արեց երթով շարժվել դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ու պահանջել, որ ՀՀԿ-ականները մասնակցեն արտահերթ նիստին: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իշխանությունների պահվածքը վկայում է, որ ՀՀԿ-ն թքած ունի Սահմանադրության վրա:
Այնուհետեւ ցուցարարները «STOP կուտակային կենսաթոշակին», «STOP պարտադիր դրամահավաքին», «Չպետք է նվազի աշխատավարձը» եւ այլ ցուցապաստառներով Բաղրամյան-Սայաթ Նովա-Հանրապետության հրապարակ-Հանրապետության փողոց երթուղով շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ: Այստեղ ցուցարարների հետ հանդիպեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Ռազմիկ Թադեւոսյանը, որին հանձնեցին պահանջագիրը: Նա էլ խոստացավ, որ ՀՀԿ-ում խնդիրը կուսումնասիրեն ու կփորձեն լուծումներ տալ: Մինչ այդ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե ՀՀԿ-ականներն ինքնաբուխ են բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը: «Ես հո Սասունցի Դավի՞թը չեմ, որ 70 պատգամավորի կարողանամ արգելակել»,-մտքի հերթական փայլատակումը ներկայացրեց նա: Ժամը 15-ին այդպես էլ ՀՀԿ-ականները չեկան խորհրդարան: Ոմանք այս առիթով նույնիսկ կատակում էին, թե ՀՀԿ-ականները զբաղված են հերթական էլիտար հարսանիքին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներով եւ հավանաբար «վարսավիրանոցում ֆենվելը» գերադասել են ԱԺ գալուց. երեկ ամուսնացավ Վարդան Այվազյանի դուստրը:
Ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչներն այսքանից հետո հայտարարեցին, թե իշխանությունների նման վերաբերմունքն իրենց համար անակնկալ չէր: Ավելի ուշ նրանք փոքր խորհրդակցություն անցկացրին եւ հանդես եկան հայտարարությամբ` դատապարտելով իշխանական մեծամասնության քայլն ու արձանագրելով. «Սա արհամարհանք է Սահմանադրության հանդեպ եւ ԱԺ-ի դերը նսեմացնելու հերթական փորձ»: Ոչ կոալիցիոն ուժերը նաեւ նշեցին, թե իրենք «շարունակելու են պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով», նաեւ կոչ արեցին ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել այդ պայքարին:
Այսքանից հետո, թերեւս, արձանագրենք, որ իշխանությունները ոչ միայն չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, այլեւ պատրաստ չեն ամենափոքր հարցով անգամ որեւէ փոխզիջման: Ու նման իրավիճակում հասարակությանն այլ բան չի մնում, քան դիմել ըմբոստացման եւ ծայրահեղ միջոցների:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս