ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԸՆԴԴԵՄ ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ
«Եկե՛ք կանխենք գազի թանկացումը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը սկսել է 10-օրյա ստորագրահավաք գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Երեկ Ազատության հրապարակում սկսված ստորագրահավաքը մեծ հետաքրքրություն է առաջացրել, հերթեր են գոյացել։ Ստորագրահավաքի ավարտից հետո գազի թանկացման գործով բաց ու անաչառ դատավարության պահանջագիրը նախաձեռնությունը ներկայացնելու է դատարան։ Բացի այդ՝ ստորագրահավաք է սկսվել Մաքսային միությանն անդամագրվելու դեմ:

ԱՐՏԱԳԱՂԹԵԼՈՒ Է
ՀՀ Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքում այս տարվա նոյեմբերի 17-ին տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն: Գրանցվել են երկու թեկնածու՝ ներկայիս անկուսակցական համայնքապետ Գարիկ Գեւորգյանը եւ Ջրամբարի գյուղապետարանի համակարգչային օպերատոր Նազելի Մկրտչյանը: Գարիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացավ, որ Նազելի Մկրտչյանը ստիպված է եղել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ գյուղապետի պաշտոնի այլ հավակնորդներ չեն եղել. «Ես չէի ուզում, բայց հայտնվել եմ էս պաշտոնում, ու արդեն 17 տարի է, ինչ գյուղապետ եմ: Մտադիր էի մեկնել Ռուսաստանի Դաշնություն, չկարողացա էս գործը թողնել: Բայց հաջորդ տարվա գարնանը հաստատ մեկնելու եմ ՌԴ՝ արտագնա աշխատանքի, թե չէ այստեղ աշխատատեղ չկա: Ապրելու միջոց չկա»: Նշենք, որ այս պահին համայնքում ապրում է 82 մարդ:

ԿՃԱՄՓՈՐԴԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, որը հրապարակավ շնորհակալություն էր հայտնել նոյեմբերի 18-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ուղեկցող պատվիրակության կազմի մեջ ընդգրկվելու եւ լատինաամերիկյան երկրներ մեկնելու համար, չի գնալու: Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրուկ ու մի տեսակ նեղացած ասաց, թե չի ցանկանում գնալ եւ վերջ: Ըստ ամենայնի, ՀՀԿ տիկնայք «տեղն էին դրել» նրան: Հիշեցնենք, որ այդ ճամփորդությանը մեկնելու առիթով ՀՀԿ տիկնայք խայտառակ կռիվ էին սարքել ԱԺ-ում:
Եվ ահա երեկ պաշտոնապես հաստատվեց, որ ԱԺ խոսնակին այցի ընթացքում կուղեկցեն ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Արտակ Դավթյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն»), Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ): Իսկ կանանցից «կռվում հաղթեցին» եւ ԱԺ նախագահի հետ կճամփորդեն Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Հեղինե Բիշարյանը (ՕԵԿ), Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ), Ռուզաննա Մուրադյանը (ՀՀԿ):

ԵԿԱՆ ԳՆԱՑԻՆ
Երեկ ԱԺ-ում արտահերթ նիստի շրջանակներում պետք է քննարկվեր ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» նախագիծը, սակայն չստացվեց: Ու այդ իրավիճակն ամենաշատը զվարճացրել էր կառավարության անդամներին: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը լայն ժպիտով հեռացան ԱԺ-ից:




Լրահոս