Նոյեմբերի 15-ի առավոտյան Բերդի շրջանի Պառավաքար գյուղի բնակիչներն ինքնակամ բացել են հանրապետական նշանակության Բերդ-Իջեւան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը: Նշենք, որ ճանապարհը փակվել էր այդ հատվածում հոկտեմբերի 22-ին ադրբեջանական գնդակոծության պատճառով, որի հետեւանքով զոհվել էր մեկ ժամկետային զինծառայող, երեքն էլ վիրավորվել էին:
Պառավաքարի բնակիչները մեզ հայտնեցին, որ ճանապարհը բացվելուց հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանն այցելել են Վազաշեն եւ Պառավաքար` զրուցելու բնակիչների հետ: Նրանք խորհուրդ են տվել սահմանամերձ, վտանգավոր հատվածում ավելի արագ երթեւեկել, որպեսզի ավտոմեքենաներն ադրբեջանական զինուժի համար խոցելի թիրախ չհանդիսանան: Իսկ պառավաքարցիները ճանապարհը բացել են, քանի որ այլընտրանքային Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհը շատ վատ վիճակում է, եւ ավտոմեքենաները Բերդի շրջանից Տավուշի մարզկենտրոն են հասնում մեծ դժվարությամբ: Բերդի շրջանի բնակիչներն ասում են, որ լեռնային այդ ճանապարհով ձմռանը շատ դժվար կլինի երթեւեկել: Ներկայումս Պառավաքար-Վազաշեն հատվածը երթեւեկության համար բաց է:
ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում ներկայումս պաշտպանության նախարարության կողմից ճանապարհի անվտանգության ապահովման համար լայնամասշտաբ աշխատանքներ են կատարվում: Ա. Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ ՀՀ տարածքային կառավարման, տրանսպորտի եւ կապի նախարարությունները քննարկում են Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի վերանորոգման հարցը:
Տավուշ