Երկամյա դադարից հետո այսօր Վիեննայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ալիեւ-Սարգսյան հանդիպման ակնկալիքների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ:
-Պարո՛ն վարչապետ, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս հանդիպումից:
-Հանդիպումն ինքնին ողջունելի է, քանի որ մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի համար պետք են բանակցություններ: Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում: Այնպես որ, այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում: Այս տեսանկյունից ուշագրավ է, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ հանդես է եկել բաց եւ կառուցողական դիրքերից, ինչի օրինակներից մեկն էլ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման մեր առաջարկն էր: Սակայն, ի պատասխան մեր կառուցողական քայլերի, Ադրբեջանը միշտ հանդես է գալիս ագրեսիվ հայատյաց դիրքերից՝ միտումնավոր կերպով մերժելով այն ամենը, ինչը կարող է որոշակի չափով օգնել փոխվստահության կառուցման գործին, առանց որի, անտարակույս, հնարավոր չէ կարգավորել որեւէ հակամարտություն:
-Տեսակետ կա, որ այս հանդիպումը կարող է վճռորոշ լինել Արցախի համար:
-Ինչպես նշեցի վերեւում, սա կհամարեի հերթական հանդիպում, մանավանդ որ այն երկարատեւ ընդմիջումից հետո է տեղի ունենում, ինչը բավարար է ենթադրելու, որ մեկ հանդիպումը չի կարող վճռորոշ դառնալ հակամարտության կարգավորման գործում: Այլ խոսքով՝ ընդհանուր առմամբ այն նպատակ ունի ընդամենը վերականգնելու հանդիպումների խզված շարքը:
-Այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, ըստ պաշտոնական տեղեկատվության, նորացված Մադրիդյան սկզբունքներն են: Դուք որքանո՞վ եք այդ փաստաթուղթն ընդունելի համարում, խնդրում եմ կոնկրետ նշել ԼՂՀ իշխանությունների համար ընդունելի եւ անընդունելի կետերը:
-Ես չեմ կարող որեւէ կետի համաձայն լինել, քանի որ դրանք չեն բանակցվել անմիջականորեն Արցախի Հանրապետության հետ եւ չեն ներկայացնում հակամարտության տարածքի բնակչության կարծիքը: Չէ՞ որ հենց մենք ենք մեզ վրա զգալու ցանկացած կետի կիրառման հետեւանքները, եւ մենք էլ պետք է թույլատրենք դրանց կիրառումը, ինչը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունը պետք է ընդգրկվի բանակցություններում ոչ թե ինչ-որ փուլից, այլ սկզբից, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր իսկ կողմից համաձայնեցված սկզբունքները: Կուզեի նաեւ ընդգծել, որ Արցախի ապագան կարող է եւ պետք է որոշվի միմիայն Արցախի ողջ բնակչության կողմից, այդ պատճառով ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել որեւէ սկզբունքի հետ միայն որպես քաղաքացի:
-Ի. Ալիեւի հետ հանդիպումից առաջ Ս. Սարգսյանը ծավալուն օրակարգով այցելեց ԼՂՀ, որտեղ հանդիպումներ ունեցավ ԶՈՒ հրամկազմի հետ, ստուգեց ՊԲ մարտական վիճակը, սահմանների պաշտպանվածությունը եւ այլն: Դրանից որոշ փորձագետներ եզրակացրին, որ առաջիկայում ԼՂ խնդրում լուրջ զարգացումներ են սպասվում: Տեսակետ կա, որ իշխանություններն արդեն իսկ հրատապ անհրաժեշտություն են տեսնում` լրջորեն նախապատրաստվելու ռազմական գործողությունների վերսկսմանը, եւ Ս. Սարգսյանի այցը հենց այդ միջոցառումների շրջանակում էր: Սակայն կա նաեւ այլ տեսակետ, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրում պատրաստվում են ստորագրել կոնկրետ փաստաթղթեր, գնալ կոնկրետ զիջումների, եւ այս այցի նպատակն Արցախի իշխանությունների հետ գործողությունները քննարկելն ու նրանց նախապատրաստելն էր: Ձեր մեկնաբանությունը:
-ՀՀ նախագահը ո՛չ առաջին անգամ է ծավալուն օրակարգով այցելում Արցախ, ո՛չ էլ վերջին: Ավելին, միշտ էլ զինված ուժերի նկատմամբ ընդգծված ուշադրությունը եղել է նրա այցերի բաղկացուցիչ մասը: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, ապա կարո՞ղ եք հիշել, թե 19 տարվա ընթացքում քանի անգամ են լրագրողները եւ փորձագետները խոսել այդպիսի վտանգի մասին, այնինչ առայսօր հայկական բանակը վստահ կերպով պաշտպանում է մեր անդորրը՝ հակառակորդին ստիպելով մտքով անգամ չանցկացնել արկածախնդրության գնալ, այլապես իրենք էլ են հասկանում, որ այդ արկածախնդրությունը շատ ավելի թանկ կլինի իրենց համար, քան շուրջ 20 տարի առաջ: Այնպես որ, մեր զինվորն ամուր է իր դիրքում, ինչի մասին քաջատեղյակ է եւ պաշտոնական Բաքուն, այդ պատճառով պատերազմի վերսկսման հավանականությունը կհամարեի այնքան ցածր, որքան եւ մինչ այժմ: Անդրադառնալով ՀՀ նախագահի այցի օրակարգին՝ կուզեի շեշտադրել, որ այն հագեցած էր նաեւ Արցախի տնտեսական զարգացման խոշոր նախագծերի հետ ծանոթությամբ, որոնց մեկնարկը եւ հաջողություններն անմիջականորեն կապված են հենց իր անձնական ջանքերի հետ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՍՔՈՎ՝ ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ