ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՕԳՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ Արարատի մարզի սահմանամերձ Երասխավան գյուղի Երասխի գինու գործարանը սկսել է խաղող մթերել: Նշենք, որ գործարանը տարեկան մթերում է 1700-1800 տ խաղող Երասխ, Սուրենավան, Արմաշ եւ Սեւակավան գյուղերից:

Երասխի գինու գործարանը գտնվում է ուղիղ սահմանագծին, որից 10 մ այն կողմ հայկական խրամատն է, ուղիղ գծով եւս 20-25 մետրից՝ ադրբեջանականը: Այս գինու գործարանը Հայաստանի եւ Արցախի տարածքում սահմանին ամենամոտ ձեռնարկությունն է: Եւ չնայած սրան՝ գործարանը հարկային արտոնություններից չի օգտվում:
Բանն այն է, որ գործարանը ակցիզային հարկով հարկվող ձեռնարկություն է, ինչպես բոլոր ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ արտադրողները, որոնց հարկային արտոնություն չի տրվել: Նշենք, որ սահմանամերձ գյուղերում նման 2 ձեռնարկություն կա, որից մեկը Արարատի մարզի Երասխավանում է, մյուսը՝ Տավուշի մարզի Այգեպարում: Եւ չնայած սրան՝ կառավարությունը Երասխի գինու գործարանից գումարներ գանձում է դատարկ շշեր ու խցաններ ներմուծելու համար: Սակայն ըստ օրենքի՝ վերամշակվելու եւ արտահանվելու նպատակով ներմուծվող ապրանքը ազատված է մաքսային վճարներից: Սա կոչվում է «ժամանակավոր ներմուծում»: Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանի պատմելով՝ իրենք մրգային օղիներ արտահանելու պայմանագիր են կնքել ամերիկյան «Marani Spirits Inc»-ի հետ, ում պատվերով եւ ապակյա տարաներ են ներմուծում Ֆրանսիայից, խցաններ՝ Իտալիայից: Գործարանի արտադրած օղիներն արտահանվում են ԱՄՆ: Նախորդ մի քանի տարիներին շշերի եւ խցանների դիմաց գործարանից գումար չի գանձվել, միայն 2014-ից սկսած է ֆինանսների նախարարությունը որոշել գանձել:
Ի դեպ, ՀՀ օրենսդրության համաձայն՝ արտահանումից հետո վճարված ԱԱՀ-ի գումարը որպես գերավճար ՖՆ-ն պարտավոր է վերադարձնել գործարարին: Սակայն մի քանի անգամ արտահանումից հետո ֆինանսների նախարարությունը Երասխի գինու գործարանի մասով այն հետ չի վերադարձրել, ինչի արդյունքում գործարանի նկատմամբ կուտակել է 12 մլն դրամ պարտք: Եւ նախորդ տարվա ապրիլի 3-ին գործարանը ֆինանսների նախարարության դեմ հայց է ներկայացրել:
«Ժողովուրդ»-ը Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանից տեղեկացավ, որ վերջերս ՀՀ կառավարությունում հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել են մթերող գործարանների տնօրենները: Թեւոնյանի պատմելով՝ այդ հանդիպմանը կառավարության ներկայացուցիչները խոստումներ են տվել գործարարներին: «Կարծես թե այդ խոստումները փորձում են իրականացնել: Հիմնականում խոստացել են օգնել վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով»,- նշեց Թեւոնյանը:
Որպես սահմանագոտում գործող գործարանի տնօրեն կառավարությունում Թեւոնյանը հարց է բարձրացրել հարկային արտոնություններից օգտվելու մասով: Սակայն այս պահի դրությամբ դեռ առարկայական օգնություն չի տեսել կառավարությունից: «Մեր գործարանը շշերը ներմուծում է Եվրոպայից, ինչի համար ընդհանուր վճարը կազմում է 32 տոկոս, որի մեջ մտնում է ե՛ւ մաքսատուրքը, ե՛ւ ԱԱՀ-ն: Ես այդ բոլոր հարցերը բարձրացրել եմ կառավարությունում, բոլորը նստած էին, այդ թվում նաեւ էկոնոմիկայի նախարարը, վարչապետը: Իրենք խոստացել են վարկ վերցնելու դեպքում միայն օգնել»,- լրացրեց Թեւոնյանը:
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բազմաթիվ ընկերություններ վարկային պարտավորությունները չմարելու հետեւանքով փակվում են կամ սնանկանում: «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք ընկերությունը կկարողանա արտադրանքը խելամիտ գնով վաճառել եւ միաժամանակ նոր վարկային պարտավորություններ ստանձնել, Թեւոնյանն արձագանքեց. «Բա ուրիշ ինչ անենք, ասա՛»:
Ինչպես հայտնի է՝ նախորդ տարի, երբ վերամշակող գործարանները խաղողագործներից խաղող չէին մթերում, կառավարությունը վերամշակողներին հորդորեց, իսկ իրականում ստիպեց մթերել՝ սոցիալական լարումից խուսափելու համար: Արդյունքում ընկերությունները գյուղացիների նկատմամբ հսկայական պարտքեր կուտակեցին, իսկ այս տարի արդեն հայտնվեցին ծայրահեղ ծանր իրավիճակում: Օրինակ՝ «Վեդի Ալկո» ընկերությունը այս օրերին փակվել է, չի աշխատում, քանի որ գյուղացիներին պարտք է 145 մլն դրամ եւ չի կարողանում վճարել: Հիմա էլ հերթը Երասխի գինու գործարանինն է. 3 ամիս չաշխատելուց հետո մեկ շաբաթ կլինի, որ գործարանը սկսել է խաղող մթերել: Այն էլ վարչապետի հետ հանդիպումից հետո, երբ վերջինս գործարարին խոստացել է, որ կօգնի վարկ ստանալու հարցում: Ստացվում է, որ հայրենի կառավարությունը այլ տարբերակ չունի դժվարին կացության մեջ հայտնված գործարարներին օգնելու հարցում: Միայն կարող է օգնել ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել: Այստեղ հարց է առաջանում՝ սա օգնությո՞ւն է, թե՞ գործարարին ավելի արագ կործանելու միջոց:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴԻՄԵԼՆ ԷԼ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑ
«Վանաձոր-ՋԷԿ»-ի աշխատակիցները 5 տարի շարունակ պայքարում են՝ ստանալու համար 2011թ. չվճարված իրենց 4 ամսվա աշխատավարձերը: Նախօրեին նրանք կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել Լոռու մարզպետարանի բակում, որտեղ հանդիպեցին նաեւ մարզպետի հետ: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, երբ պաշտոնական այցով Վանաձորում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը, ցուցարարները կտրել էին վարչապետի ճանապարհն ու ներկայացրել իրենց խնդիրը: Վարչապետը խոստացել էր հարցը քննարկել մարզպետի հետ ու պատասխանել ցուցարարներին մեկ շաբաթվա ընթացքում: Մեկի փոխարեն մի քանի շաբաթ է անցել, սակայն ոչ վարչապետից, ոչ էլ կառավարությունից ու մարզպետարանից որեւէ պատասխան չստանալով՝ ցուցարարները կրկին հավաքվել էին:
Նշենք, որ «Վանաձոր ՋԷԿ»-ը մինչ օրս ավելի քան 150 աշխատակցի չի վճարել մոտ 130 մլն դրամ աշխատավարձի գումարը: Մարզպետարանի բակում հավաքվելը մեկ նպատակ էր հետապնդում՝ անձամբ մարզպետին խնդրել կառավարությունից տեղեկանալ իրենց աշխատավարձերի ճակատագրի մասին. «Մենք պարզապես մեր աշխատավարձն ենք ուզում, որ մրի ու կեղտի մեջ աշխատել ենք, գիշեր-ցերեկ քրտնել, որ 2 կոպեկ փող ստանանք»,-ասում է «Վանաձոր ՋԷԿ»-ի նախկին աշխատակից Հրաչիկ Մանուկյանը:
Ցուցարարները տարիների ընթացքում նաեւ դատարան են դիմել, դատարանը բավարարել է նրանց հայցը, պարտավորեցրել գործարանին վճարել աշխատակիցների աշխատավարձերն ու տույժ-տուգանքները, սակայն անգամ դատարանի վճիռը չի օգնում «Վանաձոր ՋԷԿ»-ից ստանալու իրենց հասանելիք գումարները: «Վանաձոր ՋԷԿ»-ի նախկին աշխատակիցները դիմել են նաեւ արդարադատության նախարարություն: Վերջերս էլ կառավարության ղեկավարին հանձնեցին իրենց գրավոր բողոք-պահանջը, որի արձագանքներից էլ ուզում էին տեղեկանալ մարզպետից. «Առայժմ լուծման առաջարկ չկա, հիմա եթե նամակի պատասխանում գրեն համբերեք, քննարկվում է, էդ նամակի պատասխանն էլ ձեզ չի գոհացնելու»,-աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Բոլոր օրինական քայլերով իրենց բողոքն արտահայտած ու արդյունքի չհասած աշխատակիցները պատրաստվում են միանալ «Նաիրիտի» աշխատակիցներին ու բողոքի ցույցեր իրականացնել արդեն Երեւանում՝ կառավարության շենքի դիմաց՝ հույս ունենալով հանդիպել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին: Հանդիպում կազմակերպելու խնդրանքով ցուցարարները դիմեցին նաեւ մարզպետին, ով, սակայն, մերժեց՝ հիշեցնելով, որ արդեն իսկ մեկ անգամ ինքը նման հանդիպում կազմակերպել է, սակայն աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են ներկայանալ հանդիպմանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս