«ԻՆՉ-ՈՐ ԱՌՈՒՄՈՎ ՈՒՇԱՑԱԾ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխությանը, ասաց. «Վերջին շրջանում դրա անհրաժեշտությունը շատ կար, եւ կարծում եմ` վարչապետի փոփոխությունը տեղին էր»:

-Պարո՛ն Մարգարյան, մեր երկրում որեւէ անգամ ընդդիմությանը չի հաջողվել ընտրություններում հաղթել եւ այդպիսով երկրում իշխանափոխություն իրականացնել: Եվ հանրության կողմից այնքան պահանջված փոփոխություններն ամեն անգամ իշխանությունները փորձել են անել՝ վարչապետներին փոխելով: Նախորդ վարչապետը իշխանության եկավ նաեւ «հրաշալի քառյակում» Ձեր ղեկավարած ուժի անմիջական ջանքերի արդյունքում, սակայն ընդամենը երկուսուկես տարի անց պարզ դարձավ, որ նա էլ ի զորու չեղավ որեւէ բան շտկելու: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնել վարչապետների փոփոխությամբ:
-Ընդհանրապես փոփոխությունները լավ բան են, չեմ էլ կարծում, որ այդքան հաճախ են տեղի ունենում: Բայց հավատում եմ, որ անհրաժետություն կար մեկ նոր մոտեցումի, մեկ նոր տնտեսական քաղաքականության, մեկ նոր ղեկավարման մշակույթի, եւ հուսով եմ, ուզում եմ հավատալ, որ այս նոր վարչապետի նշանակումով դա կունենանք:
-Ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը, այլ թեկնածու չկա՞ր:
-Հիմա ցանկացած մարդու պարագայում կարելի է ասել՝ ինչու այս մեկը, ոչ այն մեկը: Համենայնդեպս, որոշողը ես չեմ եղել, որոշողը նախագահն է եղել: Կարծում եմ՝ հնարավոր թեկնածուների մեջ ինքը լավագույններից էր:
-Իսկ եթե նա նորից «նեղանա» ու գնա ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի՞, ինչպես որ եղավ, երբ նա Երեւանի քաղաքապետն էր:
-Կարծում եմ, որ դա շատ պրիմիտիվ, պարզունակ բացատրություն է, թե ինչու Կարեն Կարապետյանը քաղաքապետության հանգամանքը թողեց: Չեմ կարծում, որ ավելի լավ աշխատավարձով աշխատանքի համար թողեց: Չեմ հավատում, ավելի լուրջ պատճառ կար: Մանրամասնություններին տեղյակ չեմ, բայց կարող եմ ինչ-որ բաներ ենթադրել:
-Նաեւ որպես իշխող կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժի ղեկավար՝ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր պետք է անի նոր կառավարությունը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որպեսզի մեր երկրի՝ 5 միլիարդից ավել պետական պարտքը աստիճանաբար ոչ թե ավելանա, այլ նվազի, որպեսզի արտագաղթի տեմպերը պակասեն, եւ, վերջապես, աղքատության 35 տոկոսանոց ցուցանիշը նվազի:
-Գիտեք, քայլերը մեկ չեն: Վստահության ինստիտուտի վերականգնում, արդար մրցակցության, կայունության ապահովում եւ դրսի ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում, նաեւ՝ սոցիալական արդարության ուղղությամբ քայլեր, սրանք հերթական քայլերն են, որոնք կարծում եմ, ով որ ուզում է՝ երկրի վիճակը դեպի լավը փոխվի, պարտավոր է այս ճանապարհներով ընթանալ:
-Երբ մամուլը գրում էր Հովիկ Աբրահամյանի մոտալուտ հրաժարականի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն տեղյակ չէ կառավարության փոփոխության մասին: Հետաքրքիր է՝ կոալիցիոն գործընկերները ձեզ տեղյակ չէին պահե՞լ կառավարության փոփոխության մասին:
-Ո՛չ, երկար ժամանակ էր, որ փոփոխությունների անհրաժեշտությունը քննության նյութ էր: Դեռ նախքան մեր կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը, դեռ նախքան այդ էլ մենք քննել ենք այդ հարցերը նախագահի հետ, եւ նախագահն ունեցել է տրամադրություն փոփոխությունների: Այլ հարց է, թե այդ փոփոխություները կոնկրետ ինչպես պետք է լինեին: Թե դա կոնկրետ ինչպես պետք է լիներ, բնականաբար, դրանք ամեն մեկ հանգրվանում են պարզվում, հստականում, հղկվում, բայց այս փոփոխությունների ծրագիրը դեռ նախքան մեր՝ Հանրապետականի հետ համաձայնագրի ստորագրումը քննության նյութ է եղել, իսկ համաձայնագիրն արդեն փաստն է, որ անհրաժեշտ է փոփոխություն, քանի որ այն, ինչ-որ մենք համաձայնում էինք անել, դա արդեն փոփոխություն է:
-Իսկ կոնկրետ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին Դուք ե՞րբ եք իմացել:
-Դե, հիմա ինչ կարեւոր է… բայց այնպես չի, որ չենք իմացել, կարծում եմ, որ առաջիններից ենք եղել, որ իմացել ենք:
-Տեղեկություններ կան, որ Կարեն Կարապետյանը դաշնակցական նախարարներից միայն Լեւոն Մկրտչյանի հետ է ցանկանում աշխատել: Խոսե՞լ եք նոր վարչապետի հետ այս թեմայով:
-Միայն չէ: Այդ արտահայտությունը աղավաղված եք ներկայացնում, լսել եմ, որ բոլոր նախարարներից ավելի շատ կուզեր Լեւոն Մկրտչյանի հետ աշխատել, ոչ թե դաշնակցական նախարարներից: Կարծում եմ, որ ինքը նախարարների հետ պրոբլեմ չունի, ուղղակի այս 20 օրվա աշխատանքային ժամանակաշրջանում ինքը պետք է եզրակացությունների հանգի, ինչպես է տեսնում կառավարության կառուցվածքն ու ձեւավորումը, տնտեսական ինչ քաղաքականություն է ուզում կիրառի երկրում, եւ բնական է, որ այստեղ կարող են հարցեր ստեղծվել: Բայց այս պահին առարկություն կամ վերապահություն չունի մեր նախարարների նկատմամբ:
-Դուք այդ թեմայով խոսե՞լ եք իր հետ:
-Բնականաբար:
-Հիմա բոլոր նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, ե՞րբ են դաշնակցական նախարարները վերանշանակվելու եւ արդյո՞ք վերանշանակվելու են:
-Սկզբունքային կա, որ մեր նախարարները մնալու են, այսքանը, բայց սա ընդհանուր ձեւով: Ինչպես ասում են՝ ինքը 20 օր դեռ ժամանակ ունի:
-Տեղեկություններ կան, որ 2017թ. ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը Հանրապետական կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու: Կա՞ նման ծրագիր, քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:
-Չգիտեմ, հանկարծ մամուլը երբեմն բաներ է մոգոնում, որ մարդու երեւակայությունից դուրս է: Այդպիսի բան չկա, մենք գնալու ենք մեր ծրագրով եւ անհրաժեշտություն չկա որեւէ մեկի հետ դաշինք կազմելու: Ես նման բան առաջին անգամ եմ լսում:
-Իսկ քաղաքական ո՞ր ուժի հետ եք տեսնում ձեր հետագա համագործակցությունը:
-Ճիշտն ասած, բոլորի հետ էլ տեսնում եմ, եթե կա նպատակների մեջ ընդհանրություն: Իսկ եթե մոտեցումները համընկնում են, ես չեմ տեսնում պատճառ չհամագործակցելու: Կարծում եմ, որ մենք արդեն համագործակցության մեջ ենք Հանրապետական կուսակցության հետ, եւ դա ամեն ինչ ասում է, բայց դա չի նշանակում, որ մեզ համար բացառված է մյուսների հետ համագործակցելը:
-Դաշնակցությունը, լինելով իշխանության ներսում, մշտապես հռչակել է իրեն իշխանության ներսի ընդդիմություն եւ բարձրաձայնել է իշխանության թերությունների մասին, սակայն տարիների ընթացքում այդ թերությունները ոչ թե նվազել են, այլ ավելի են խորացել:
-Նախ ես համոզված չեմ, որ ավելի խորանում են, մեր երկիրը այն չի այսօր, ինչ որ 20 տարի առաջ էր:
-Այո՛, այսօր ավելի մեծ է անվստահությունը, մարդկանց հուսահատությունը, ինչի դրսեւորումները մենք տեսանք հուլիսյան դեպքերի ժամանակ:
-Այո՛, այսօր դա կա, բայց ամեն մի երեւույթ, որ դու գնահատում ես, համեմատական հասկացողություն է: Մեկ կողմից դու քեզ պետք է գնահատես քո նման ուժերի հետ, բայց որպեսզի ինքնասիրահարվածությամբ չտարվես, ինքնագոհություն չապրես, քեզ պետք է համեմատես զարգացած երկրների հետ, որին ձգտում ես հասնել: Այս առումով մենք զգացել ենք, որ միշտ էլ առաջ ենք գնում, բայց միշտ էլ գոհ չենք եղել: Ես Հայաստանում եմ 1990 թվականից, եւ բոլոր օրերը ժապավենի նման իմ աչքի առաջով անցնում են: Այսինքն՝ Հայաստանը ամենավատ երկիրը չէ, սա մեր մտքից պետք է հանենք: Ժողովրդավարության առումով մենք շատ-շատ բարձր ենք բոլորից: Թերություններ ունենք անշուշտ, Դուք ասում եք՝ մենք կառավարության մեջ ինչ-որ իմաստով բացասական երեւույթները փորձել ենք մատնանշել, չեմ կարծում, որ Դաշնակցության կեցվածքների մեջ բան է փոխվել այն առումով, որ մի ժամանակ ընդդիմություն էինք կամ իշխանություն, քանի որ մեր մոտեցումները կուսակցական շահից ելնելով մոտեցումներ չեն: Մեր դիրքորոշումները մեր երկրի համար են, մենք չենք կարող ասել, որ երբ ընդդիմություն էինք, երկրում կոռուպցիա կար, իսկ երբ իշխանություն ենք, կոռուպցիա չկա, այդպիսի բան չենք կարող ասել: Իբրեւ ընդդիմություն՝ այլ բան ունեինք եւ անում էինք, իբրեւ իշխանություն՝ մենք հավատում ենք, որ գործ ունենք անելու եւ անում ենք:
շարունակելի

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ԿՄՆԱ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ըստ ամենայնի, կշարունակի մնալ մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ: Ինչպես հայտնի է՝ նա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարականի դիմումը ներկայացրեց 2016 թվականի օգոստոսի 4-ին: Նրա փոխարեն Արթուր Դավթյանն արդեն նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Ու ենթադրվում էր, որ Կոստանյանը հրաժարականի դիմում կներկայացնի նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախկին գլխավոր դատախազը ցանկացել է նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հրաժարվել, սակայն իշխանական վերնախավում նպատակահարմար չեն գտել նրան ազատել: Այսինքն` Գեւորգ Կոստանյանը կշարունակի մնալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ:

 

 

ԴԱՀԿ-Ն «ԺԵՇՏ» Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Արմեն Հարությունյանը շարունակում է Միհրան Պողոսյանի ավանդույթները: ԴԱՀԿ ծառայությունը դեռ շարունակում է երկաթյա կտորների վաճառքը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն այս անգամ վաճառքի է հանել 43 հազար 800 կգ քաշով սեւ, մետաղյա ջարդոն: Ջարդոնը գտնվում է Սյունիքի մարզում, վաճառվում է մեկ ամբողջական լոտով եւ արժի ավելի քան 55 հազար դրամ: Այլ կերպ ասած՝ ԴԱՀԿ-ն փորձում է աղբի դիմաց գումար կորզել, բայց այդպես էլ չի գտնում այն մեկին, որը կհամաձայնի իր փողերը «քամուն տալ»:

 

 

ՐԱՖՖԻՆ ԱՄՆ-ՈՒՄ Է
Վերջին շրջանում քաղաքական ասպարեզում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններին այդպես էլ մասնակից չդարձավ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջին ժամանակներն ավելի հաճախ ճամփորդում է, քան մնում երկրում: Ո՞րն է քաղաքական դաշտում պասիվություն ցուցաբերելու պատճառը, եւ որտե՞ղ է այս օրերին գտնվում Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանից: Պարզվում է` Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում է: Իսկ թե ո՞րն է երկրից բացակայելու պատճառը, Սանասարյանը պատասխանեց. «Անձնական գործերով է գնացել, ռազմավարական կենտրոնի` «Օրրանի» հետ կապված որոշակի խնդիրներ լուծելու է գնացել»:




Լրահոս