Արդեն մի քանի օր է` համացանցում բուռն կերպով քննարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչը» նախագիծը, որի շրջանակում հարթակ է տրամադրվել ռաբիս երգերի կատարողների: Քաղաքացիների մի զգալի հատված այն համոզման է, որ այս ծրագրի շրջանակում պետական մակարդակով պրոպագանդվում եւ խրախուսվում է ռաբիս, ռեստորանային երաժշտությունը: Անգամ օնլայն ստորագրահավաք է կազմակերպվել, որի մասնակիցները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից եւ ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը: Այս պահանջին միացել են նաեւ մի շարք հայտնի արվեստագետներ: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, որն անդրադարձավ նախագծին եւ որակեց այն որպես երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն:
Ներկայացնում ենք «Ամենակարող երգիչը» նախագծի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումը` ի պատասխան «Ժողովուրդ»-ի գրավոր հարցման:
Այսպիսով՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ս. Մուրադյանը մեզ պատասխանել է (պատասխանը ձեւակերպվել է նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման օրոք). «ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած քաղաքականության մեջ երբեք ռաբիս երաժշտության տարածումը տեղ չի գտել: Հակառակը` դասական, ժողովրդական, ազգագրական երաժշտության զարգացմամբ փորձել ենք ձեւավորել իրական արժեհամակարգ: Առաջնորդվելով այս տրամաբանությամբ` մեզ համար ընդունելի չէ նմանատիպ հաղորդման գոյությունը»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին հեռուստաընկերության տնօրինությանը դիտողություն էր արել «Ամենակարող երգիչը» հաղորդման վերաբերյալ` հորդորելով նախապես խորհրդակցել մասնագետների հետ, հաշվի առնել նրանց խորհուրդները եւ չանտեսել հանրության պահանջները:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ին հաջողվեց մեկնաբանություն ստանալ նաեւ Հանրային հեռուստաընկերությունից: Մասնավորապես` Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով նախագծի վերաբերյալ հնչած քննադատություններին, մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշել են. ««Ամենակարող երգիչ» նախագծի հիմնական նպատակը հեռուստադիտողներին նոր անուններ բացահայտելու հնարավորության ընձեռումն է: Հեռուստատեսային տվյալ հարթակում մրցում են ակումբային եւ ռեստորանային երգիչները, որոնք, ըստ հաղորդման ձեւաչափի, յուրաքանչյուր շաբաթ ներկայանալու եւ իրենց ուժերը փորձելու են տարբեր ժանրերում`թեմատիկ ուղղություններ ունեցող երգերի միջոցով:
Հաղորդման առաջին եթերի ընթացքում մասնակից երգիչներին հնարավորություն է տրվել երգել իրենց նախընտրած ստեղծագործությունները, իսկ որպես երկրորդ թողարկման թեմա ընտրվել է 6/8-ը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ստեղծագործություններն առավելագույնս մոտ են մասնակից երգիչ-կատարողներին: 6/8-ը եղել է մեծ նախագծի` վերոնշյալ ժամանցային հաղորդման մի փոքր հատվածը միայն»:
Առաջին ալիքից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդող շաբաթների ընթացքում հեռուստադիտողները մասնակիցներին կտեսնեն ժողովրդական ժանրում, հնարավորություն կունենան գնահատելու նրանց կատարմամբ երեւանյան երգերը, հայրենասիրական կատարումները, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, միջագային հիթերը, դուետները եւ այլն: Նախագծի հաջորդ թողարկման թեման կլինի ժողովրդական երգն ու երաժշտությունը, իսկ ժյուրիի հրավիրյալ անդամը` Ռուբեն Մաթեւոսյանը:
Աննա Բաբաջանյան