Այսօր Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ հարցով հայտարարություն է արել, որում, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«Բանակցությունների տարրերի մեջ է մտնում օկուպացված տարածքների վերադարձը, փախստականների և հարկադրաբար վերաբնակեցվածների վերադարձը, ինչպես նաև խաղաղապահների տեղակայումը: Այդ ամենը կլինի քննարկման առարկան: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը առաջ էր քաշվել հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, և մենք դա ողջունում ենք: Նման հանդիպումները պետք է շարունակվեն: Համանախագահներն արդեն հայտարարել են, որ ներկայիս ստատուս քվոն ժամանակավոր է»,-ասել է Ուորլիքը:
Ինչպես նաև Ուորլիքը նշել է, որ «երկու երկրների երեխաները պետք է խաղաղության մեջ ապրեն, և դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով»:
Ավելի վաղ Ուորլիքը հայտարարել էր, որ Ալիևը պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: