Կարեն Կարապետյանը գործարարներին խաղի նոր կանոններ է թելադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտահերթ նիստում ձայների 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն ընդունվեց: «Ժողովուրդ»-ը ԱԺ մի շարք գործարար պատգամավորներից փորձեց պարզել՝ արդյոք նրանք ծանոթացել են կառավարության ծրագրին եւ կոնկրետ որ կետերին անվերապահորեն հավանություն տալով են կողմ քվեարկել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյան

garegin-nushikyan
Գարեգին Նուշիկյան

-Պարո՛ն Նուշիկյան, կարդացե՞լ եք կառավարության ծրագիրը:

-Բնականաբար ուսումնասիրել եմ, բնականաբար կողմ եմ քվեարկել: Հիմնականում իմ կողմից հավանության է արժանացել տնտեսական բլոկը, ավելի շատ դրանում եմ խորացել, ուսումնասիրել եմ մոտեցումները, անելիքները:

-Կոնկրետ կասեք, թե տնտեսական բլոկից որ մոտեցումներն եք դրական գնահատել եւ կնշեք անելիքներից մի քանիսը, որոնց հավանություն եք տվել:

-Դե, որպեսզի կարճ ասեմ, միայն նա, որ տնտեսվարողը դիտարկվում է որպես կառավարության, այսպես ասած, գործընկեր, նյութական արժեք, տնտեսվարող սուբյեկտը ընդունվում է որպես երկի հենասյուներից ամենակարեւորներից մեկը, դա արդեն բավական է, եւ դրանից բխող ամեն ինչը: Նաեւ հավասար դաշտի ձեւավորում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:

-Բայց հավասար դաշտի ձեւավորման եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին նաեւ նախորդ վարչապետներն են խոսել, եւ դա նրանց ծրագրային առաջնահերթություններից էլ է եղել: Անգամ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվեց, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար սկսելու մասին: Ինչո՞վ է տարբերվում Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի մոտեցումն այս հարցում:

-Համաձայն եմ Ձեր դիտարկմանը, բայց վարչապետը հարցազրույց տվեց եւ ասաց, թե ինչ պետք է անեն: Ինչ վերաբերում է նրան, թե նախորդ կառավարությունը նույնպես… տեսնենք, թե այս կառավարությունը ինչպես կանի:

-Վարչապետը գործարարների հետ հանդիպմանը ասել էր, որ համարձակ, դուխով գործեն, ըստ Ձեզ՝ գործարարները համարձա՞կ չեն:

-Դուխով ասելով՝ վարչապետը նկատի է ունեցել ներդրումները, որպեսզի ավելի համարձակ գործարարները իրենց երկրում ներդրումներ իրականացնեն: Երեւի թե վարչապետը հիմքեր ունեցել է, որ այդպես է հայտարարել:

-Վարչապետը խոսեց նաեւ բարեխիղճ հարկատու լինելու մասին: Ըստ Ձեզ՝ այսօր խոշոր գործարարները բարեխիղճ հարկատունե՞ր չեն:

-Դե, եթե մենք խոսում ենք ընդհանուր առմամբ հավասար դաշտի ձեւավորումից, ստվերից, ուրեմն կա որոշակի գործարար խավ, որ չասենք, թե հարյուր տոկոսով չի վճարում հարկերը, բայց որոշակի տոկոսով խուսափում է հարկերի վճարումից, երեւի թե վարչապետը դա նկատի ուներ այդ ասելով:

Նրա ասածի հիմնական նպատակը այն է, որ եկեք, խաղի կանոնները ձեւավորենք եւ պահպանենք այդ կանոնները: Բայց այստեղ երկրորդ հարցն այն է, որ գործարար միջավայրը, գործարարները, ավելի շատ սպասողական վիճակում են, սպասում են՝ տեսնեն, կառավարությունը, նոր վարչապետը ինչ քայլեր կձեռնարկեն, որ ըստ դրա կարողանան իրենց գործունեությունը ձեւավորել: Ձեզ հավաստիացնում եմ, որ գործարարների գերակշիռ մեծամասնությունը շահագրգռված է աշխատելու սպիտակ դաշտում, միայն թե՝ եթե լինեն խաղի հավասար կանոններ:

-Հավատո՞ւմ եք, որ կապահովվեն հավասար կանոնները:

-Հավատում եմ, հավատում:

Զրուցեց Քնար Մանուկյանը

 




Լրահոս