Գործարար-նախագահացուների ժամանակը. միլիարդատեր գործարարին հաջողվում է ներքաշվել նախագահական մրցավազքի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մնացել է 1 օր, եւ քարոզչական մարաթոնի ավարտի մոտենալուն զուգահեռ ավելի է կարեւորվում 2016թ. պայքարի յուրօրինակության բացահայտումը: ԱՄՆ պատմության մեջ արդեն երկրորդ անգամ միլիարդատեր գործարարին հաջողվում է ներքաշվել նախագահական մրցավազքի մեջ եւ լրջագույն դերակատարություն ստանձնել: Հետաքրքիր է, որ գործարարների ներգրավվումը քաղաքական գործընթացներում հատկապես վերջին տարիներին վերածվել է համաշխարհային թրենդի:

1992թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում պայքարն ընթանում էր Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Ջորջ Բուշի եւ դեմոկրատական կուսակցության թեկնածու, Արքանզասի նահանգապետ Բիլլ Քլինթոնի միջեւ: Հատկանշական է, որ ամերիկյան հայտնի գործարար Ռեսս Փերոթը եւս առաջադրվել էր եւ ստացել ընտրողների ավելի քան 18 տոկոսի (մոտ 20 մլն ընտրողի) աջակցությունը: Ոչ հաճախ պատահող այդ պրակտիկան վերջին տասնամյակներում եզակի դեպք էր, երբ երկկուսակցական պայքարին միջամտում էր երրորդ ուժը եւ այդքան բարձր ձայներ ստանում:

Փերոթը մերժում էր Բուշի եւ Քլինթոնի առաջարկները, քննադատում նրանց քաղաքականությունն ու խոստանում փոխել լճացած քաղաքական համակարգը: Այնժամ ամերիկացիները չվստահեցին գործարար թեկնածուին եւ միաժամանակ մերժելով նախագահ Բուշին` նախապատվությունը տվեցին Քլինթոնին: Արդեն 2016թ. նախագահական ընտրություններում գրեթե նույն պատկերն է կրկնվում: Ճակատագրի հեգնանքով` Բիլ Քլինթոնի կինը` Հիլարի Քլինթոնը, մրցում է գործարար-թեկնածուի հետ, որը ներկուսակցական պայքարում ջախջախել է նախագահ Բուշի որդուն` Ջեբին:

Սակայն ի տարբերություն 1992թ.` այս անգամ գործարար թեկնածու Թրամփը հանդես է գալիս որպես կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ եւ շատ ավելի ամուր հողի վրա է կանգնած, քան Փերոթը 24 տարի առաջ: Փաստելի է, սակայն, որ ներկայումս ամերիկացիների ճնշող մեծամասնությունը, ձանձրացած քաղաքական քարացած համակարգից, չվստահելով դասական քաղաքական-պետական գործիչներին, իր նախընտրությունն է տալիս պետական կառավարման բնագավառում փորձ չունեցող Դոնալդ Թրամփին: Վերջինս այսօր իրական շանս ունի ընտրվելու ԱՄՆ նախագահ եւ եթե դա տեղի ունենա, կարող ենք պնդել, որ ամերիկյան քաղաքական համակարգը լրջագույն ճգնաժամի առաջ է կանգնած: Քլինթոնի ընտրության պարագայում նույնպես քաղաքական համակարգի կարկառուն գործիչները պարտավոր են առողջացման գործնական ծրագրեր առաջ քաշել` ընտրողների համար պետա-քաղաքական հարաբերությունները ընկալելի եւ հատկապես ընդունելի դարձնելու առումով: Այլապես հաջորդ ընտրություններում քաղաքական համակարգի անկումը կարող է կատարված փաստի վերածվել: Քաղաքական ընտրախավը, այսպես թե այնպես, պարտավոր է նոր գաղափարներ առաջ քաշել` պետության լճացումը կասեցնելու եւ նախկին կայսրությունների ճակատագիրը չկրկնելու մտահոգությամբ:

Գործարար թեկնածուների բազմազանություն է առկա նախկին խորհրդային տարածաշրջանում: Այստեղ քաղաքացիները ավելի արագ հիասթափվեցին դասական քաղաքական գործիչներից` իրենց հայացքը ձգելով հարուստ գործարարների ուղղությամբ: Լավագույն օրինակը, թերեւս, Ուկրաինան է, որտեղ նախագահ ընտրվեց Պետրո Պորոշենկոն` ուկրաինական «Ռոշենի» սեփականատերը: Հետաքրքիր է, որ Պորոշենկոյին հաճախ անվանում էին նաեւ «շոկոլադի արքա»: Սակայն, ի տարբերություն այլ երկրների օլիգարխ-նախագահացուների, Պորոշենկոն 2005թ. եղել էր Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը, 2009-10թթ.` արտգործնախարարը, իսկ 2012թ.` առեւտրի ու էկոնոմիկայի զարգացման նախարարը: Լինելով գործարար` Պորոշենկոն քանիցս զբաղեցրել էր պետական բարձրագույն պաշտոններ եւ ուներ համապատասխան փորձառություն: Մեր հարեւան Վրաստանում Սահակաշվիլի իշխանությունը պարտվեց կրկին գործարար թեկնածուի` Բիձինա Իվանիշվիլիին: Վերջինս Վրաստանի վարչապետ աշխատեց ընդամենը մեկ տարի եւ Սահակաշվիլիի նախագահության ժամկետի ավարտից հետո, երբ երկիրն անցավ լիովին խորհրդարանական կառավարման, լքեց պաշտոնը:

Ըստ էության, Իվանիշվիլին ժամանակին ընկալվում էր որպես Սահակաշվիլիի այլընտրանքը, եւ վրացիների նախընտրությունը քաղաքականությունից հեռու գործարարի նկատմամբ խոսուն փաստ է: Այսօր Իվանիշվիլին Վրաստանում պետական պաշտոն չունի, սակայն նրա քաղաքական դերակատարությունը շարունակում է կենտրոնական համարվել: Պատահական չէ, որ հենց նրա ցանկությամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական տվեց: Իսկ մեկ ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի «Վրացական երազանքը», հակառակ սպասումների, խիստ անհավանական բարձր արդյունքներ արձանագրեց՝ ավելի քան 48 տոկոս: Ի դեպ, գործարար թեկնածուների հանդեպ հետաքրքրության աճ տեղի ունեցավ նաեւ Ռուսաստանում: Վերջին նախագահական ընտրություններում գործարար Միխայիլ Պրոխորովը երկրորդն էր Պուտինից հետո:

Հայաստանում նույնպես գործարարների հանդեպ հասարակության վստահությունը վերջին շրջանում շատ ավելի բարձր է, քան դասական քաղաքական գործիչների նկատմամբ: 2012թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն` հանձին Գագիկ Ծառուկյանի, շատ բարձր քվե ստացավ: 2013թ. նախագահական ընտրություններին արդեն Ծառուկյանը համարվում էր Սերժ Սարգսյանի միակ հնարավոր մրցակիցը, սակայն նա հրաժարվեց նախագահական ընտրապայքարից: 2014-15թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանի հղացած «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը», թվում էր, պիտի հաղթանակեր` հաշվի առնելով գործարար Ծառուկյանի շուրջ ձեւավորված դաշինքի իրական պոտենցիալը: Գիտակցելով վերահաս վտանգը` Սերժ Սարգսյանն իր համար հաջող «վիրահատական» միջամտությամբ չեղարկեց «գործարար-նախագահացու» անչափ հավանական զարգացումը: Փաստորեն, Հայաստանում գործարարի կողմից իշխանությանը նետված դասական մարտահրավերը չկայացավ` Հայաստանը նաեւ այս հարցում դուրս դնելով համաշխարհային միտումներից:

Ն. Հովսեփյան




Լրահոս