Արյան շրջանառության հիվանդություններից մահացությունն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշոտանական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը 520-ով պակասել է:

Մահացության պատճառներից առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց պատճառով այս տարվա 9 ամիսներին մահացել է 9788 մարդ: Նշենք, որ տվյալ հիվանդություններից մահացածների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 108-ով կամ 1.1 տոկոսով ավելացել է: Իսկ, ահա, դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից մահացածների թիվը այս տարվա 9 ամիսներին անցած տարվա համեմատ 13-ով պակասել է՝ կազմելով 975: Նորագոյացություններից մահացած մարդկանց թիվը նույնպես նվազել է՝ 486-ով՝ կազմելով 4036 հոգի:

Շնչառական օրգանների հիվանդություններից մահացել է 1668 մարդ, որը նույնպես անցած տարվա 9 ամիսների համեմատ 4.3 տոկոսով ավելացել է: Իսկ մարսողական օրգանների հիվանդություններից մահացածների թիվը 2.3 տոկոսով նվազել է. այս տարվա 9 ամիսներին նշված հիվանդությունից մահացել է 1227 մարդ: Այլ հիվանդություններից հաշվարկված ժամանակահատվածում մահացել է 2544 մարդ:
Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերը եւս նվազել են 7.9 տոկոսով: Այսինքն՝ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների 257 մահ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 279: Ի դեպ, 0-4 տարեկան մահերը նույնպես պակասել են. այս տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 298 մահ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 333:

Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվը 7.9 տոկոսով նվազել է: Այսինքն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է 12.088 ամուսնություն: Իսկ արձանագրված ամուսնալուծության դեպքերը կազմել են 2682, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4.2 տոկոսով նվազել է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս