ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ նախագահի նստավայրի առջեւ
Սարի թաղի բնակիչները երեկ կրկին հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ եւ պահանջում էին ազատ արձակել սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել էին հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած ոստիկանների հետ բախումներից հետո: Արդեն մի քանի օր է, ինչ նրանք հավաքվում են նախագահականի դիմաց եւ խոստանում են ամեն օր գալ, մինչեւ Սերժ Սարգսյանը կընդունի նրանց: Նշենք, որ ցուցարարները պդնում են, թե իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով, քանի որ Սարի թաղում անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրացիների կենսաթոշակային ապահովության իրավունքը Հայաստանում ի՞նչ կարգով է իրականացվում:
Երանուհի Հայրապետյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացու կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է.
1. ՀՀ միջազգային պայմանագրերին եւ
2. ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան:
1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետությունների՝ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում՝ ըստ ՀՀ-ում նրանց հաշվառման վայրի, եթե նախկին բնակության երկրում նրանց նշանակված կենսաթոշակի վճարումը դադարեցված է:
Կենսաթոշակը նշանակվում է նախկին բնակության երկրում կենսաթոշակի վճարումը դադարեցված լինելու մասին տեղեկանքի կամ կենսաթոշակ նշանակող մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հաստատել Հայաստանում աշխատող օտարերկրացի մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, նախքան նրա կենսաթոշակային տարիքը մարվելը առաջացած միջոցները, հօգուտ մասնակցի` օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցելու կարգը եւ պայմանները:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամի վերականգնման գործընթացը: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում է անձին հաշմանդամության անժամկետ կարգ սահմանվում:
Սերինե Հակոբյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերականգնման գործընթացը բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցումն է: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը եւ նյութական անկախությունը: (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ:)
Հայտնում ենք նաեւ, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջներին եւ ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 684-Ն որոշման 2-րդ եւ 3-րդ հավելվածների պահանջներին համապատասխան՝ ելնելով ախտաբանական վիճակներից, 2 եւ 4 տարի դիտման պայմաններում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բժշկական վերականգնումը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր եւ այլ խանգարումների բուժման միջոցառումների համակարգն է հաշմանդամության հանգեցրած խեղումների եւ հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելու նպատակով: Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մարմինների, գերատեսչական, ապահովագրական, բարեգործական եւ այլ բուժական հիմնարկների կողմից: