Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ անցած շաբաթ` նոյեմբերի 3-ին, Հայաստանի մարզերում գործող 6 հեռուստաընկերությունների ղեկավարների՝ ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակի, ինչպես նաեւ անալոգային հեռարձակումն անջատելուց հետո այս հեռուստաընկերությունների ճակատագրի վերաբերյալ։
«Անցած շաբաթ` նոյեմբերի 3-ին, Հայաստանի մարզերում գործող 6 հեռուստաընկերությունների ղեկավարներ բաց նամակով դիմեցին ՀՀ նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին՝ հայտնելով, որ երկրում անալոգային հեռարձակումը անջատելուց հետո իրենք զրկվել են լսարանից եւ հայտնվել փակման եզրին։ Ընդհանուր առմամբ, այդ ճակատագիրը սպառնում է 11 հեռուստաընկերությունների։
Դեռեւս 2010-ին՝ թվային հեռարձակմանն անցնելու գործընթացի սկզբին, ոլորտի պատասխանատուներն առաջ քաշեցին խոցելի մի մոդել՝ համաձայն որի յուրաքանչյուր մարզում գործելու է մեկ տեղական հեռուստաընկերություն, իսկ մնացածը պետք է փակվեն։ Այդ մոտեցմամբ փոփոխվեց նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ անցկացվեցին լիցենզավորման մրցույթներ։ Սակայն մինչ օրս ոչ մասնագետներին, ոչ էլ հանրությանը որեւէ լուրջ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու, օրինակ, Լոռու մարզում թվային համակարգով պետք է հեռարձակվի մեկ հեռուստաընկերություն, իսկ մնացած չորսը, որոնք ունեն իրենց կայուն լսարանը, դադարեն գործել։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արդեն 6 տարի ուսումնասիրում ենք ստեղծված անհեթեթ իրավիճակից դուրս գալու հնարավորությունները, հանդես ենք գալիս հստակ օրենսդրական եւ տեխնիկական լուծումներ պարունակող առաջարկություններով: Համոզված ենք, որ վերոհիշյալ 11 տեղական հեռուստաընկերությունների փակվելը թվային դարաշրջանում, երբ գրեթե անսահմանափակ են դարձել հեռարձակման տեխնիկական հնարավորությունները, ուղղակի անթույլատրելի եւ անընդունելի է։ Թեեւ դեռ 2010-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացրեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը հիմնովին կբարելավվի, սակայն իրականացված փոփոխությունները հիմնականում ուղղված էին նախկինում որդեգրած ու լայն քննադատության արժանացած մոտեցումներին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք կոչ ենք անում.
– ՀՀ նախագահին՝ արձագանքելով մարզերում գործող հեռուստաընկերությունների ղեկավարների բաց նամակին, ընդունել նրանց, քննարկել առկա խնդիրներն ու նպաստել համապատասխան մարմիններում անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը, որոնք կերաշխավորեն բոլոր մարզային հեռուստաընկերությունների բնականոն գործունեության շարունակությունը թվային ժամանակաշրջանում,
– Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ գործնական քայլեր իրականացնել՝ փակման եզրին հայտնված հեռուստաընկերությունների խնդիրները հիմնովին լուծելու ուղղությամբ։
Մենք նաեւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում մասնակցելու բոլոր քննարկումներին եւ հնարավոր աջակցությունը ցուցաբերելու՝ լավագույն լուծումները գտնելու համար։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)»