Մի քանի ջերմաստիճան տնտեսելու հետևանքները. մանկապարտեզի տնօրենի ազատման հետքերով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ թիվ  28, 37 և 46 մանկապարտեզների տնօրեններն ազատվել էին աշխատանքից` այդ հաստատություններում անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար:

Այսօր ArmLur.am-ն այցելեց թիվ 28 մանկապարտեզ` տեղում հասկանալու, թե այժմ ինչ իրավիճակ է տիրում: Ինչպես և սպասելի էր, տրված հանձնարարականներից և զգուշացումներից հետո մանկապարտեզում բավականին տաք էր: Փորձեցինք հենց տնօրենից և աշխատակիցներից հասկանալ` նախկինում մանկապարտեզն արդյոք ջեռուցվել է, թե հանձնարարականներն դարձել պատճառ: Ինչպես սպասելի էր, դպրոցի տնօրեն Սեդա Խաչատրյանը չէր ցանկանում խոսել տեսախցիկի առջև, սակայն վստահեցրեց, որ ջեռուցում կա և եղել է:

Թիվ 28 մանկապարտեզի տնօրենը խորհուրդ տվեց բոլոր հարցերով դիմել կրթության բաժնի աշխատակցին, սակայն վերջինս նույնպես չցանկացավ որևէ պարզաբանում տալ: Զրուցեցինք նաև մանկապարտեզի մի քանի աշխատակիցների հետ. նրանցից մեկը հաստատեց, որ նախկինում ջեռուցման խնդիրներ են եղել, մյուսը` հերքեց:

Մանկապարտեզ հաճախող երեխաների մի քանի ծնողներ մեզ հետ զրույցում իրենց զարմանքը հայտնեցին տնօրեն Խաչատրյանի ազատման առթիվ: Նրանք նշեցին, թե մանկապարտեզում տիրող իրավիճակի առնչությամբ երբևէ դժգոհություններ չեն ունեցել և տարակուսած էին կայացված որոշումից: Հավելենք, որ որպես աշխատանքից ազատման հիմք կարգադրություններում նշվել է Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:   Այս պարագայում անհամատեղելի արարք է դիտարկվել ջեռուցման հետ կապված նորմատիվների կատարումը:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մանրամասներ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքներից:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան 




Լրահոս