Armenian text to speach

Կամաց խոսե՛ք, Կարեն Ավագյա՛ն, հանկարծ սահմանին կանգնած զինվորները չլսեն, թե չէ մեկ էլ տեսար՝ այդքան էլ ներողամիտ չլինեն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

1000 դրամների աղմկահարույց նախագիծն առանց հանրային քննարկումների Աժ ներկայացրած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախագծի շուրջ սպասվածից ավելի բուռն քննադատությունից հետո ստիպված եղավ ուշացումով հանրային քննարկումների շարք սկսել: Նախօրեին էլ ԶԼՄ-ների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ ինքը խնդրելու է ԱԺ բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին, իսկ նրանց էլ, ովքեր չեն ցանկանում կողմ քվեարկել, խնդրեց գոնե չմասնակցել քվեարկությանը՝ այդկերպ, ըստ երեւույթին, չցանկանալով, որ սահմանին կանգնած զինվորները արձանագրեն այդ պատգամավորների դեմ լինելը: ՊՆ նախարարը նաեւ Աժ ամբիոնից նախագծի քննադատներին հորդորեց՝ կամաց խոսե՛ք, հանկարծ սահմանում կանգնած զինվորները չլսեն:

Երեկ, սակայն, սահմանին կանգնած զինվորների անունից Աժ-ում պաթետիկ եւ ճոռոմ հայտարարություններով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Մարդ, ով, ի դեպ, տնօրինում է ամեն տարի պետական միջոցներից ՀՀ երիտասարդական հիմնադրամին հատկացվող հարյուրավոր միլիոնները: Եվ, ահա, բանակում չծառայած սույն պատգամավորը անհուն պաթոսվ հայտարարեց.«Այս օրերին մենք Հայաստանի տարբեր անկյուններում ոգեւորում ենք երիտասարդներին, մեծարում երիտասարդությանը, փառաբանում երազանք ունենալու իրավունքը: /Հավանաբար երազանք ունենալու իրավունքի փառաբանման վրա են ծախսվում Ավագյանի ղեկավարած հիմնադրամի միլիոնները/: Այսօր սահմանին կանգնած են երիտասարդ տղաները, ովքեր հայոց երազանքն իրականություն են դարձնում: Զինվորը չի էլ մտածում, թե որ զենքը ձեռքին կանգնած է, իր հաշվին հարստացողի՞ն է պաշտպանում, թե՞ սեփական ընտանիքը: Զինվորը պաշտպանում է իր հավաքական հայրենիքն ու բոլորիս անվտանգությունը»:

Այո՛, զինվորը չի մտածում՝ բանակում չծառայած, մեծ-մեծ խոսող իշխանական պատգամավորին է պաշտպանում, նրա կուսակից միլիոնատեր գեներալներին թե սեփական ընտանիքը: Բայց այդ նույն զինվորը հաստատ չի երազում /երազանքի իրավունքը փառաբանողներին ի գիտություն/, որ իր անունից խոսի բանակում չծառայած, կարիերիստ մի պատգամավոր, այն էլ՝ այսպիսի անկաշկանդ ճոռոմությամբ: «Իսկ մենք այսօր քննարկում ենք զինվորին 1000 դրամ տալ-չտալու հարցը: Ու ես համոզված եմ, որ նույն զինվորը, այնտեղ՝ սահմանին կանգնած, տեսնելով այս քննարկումներն ու շահարկումները, ներողամտորեն ժպտում է… Ամեն ինչ կարելի է քննարկել ու ուղղել, մի բան կա միայն, որի հարցում սխալ անել չի կարելի, քանի որ ուղղելը շատ դժվար կլինի: Զինվորի ինքնասիրությունն է: Մի՛ դիպչեք հայրենիքի պաշտպանի հոգուն»,- կոչ արեց ընդմիշտ երիտպատգամավորը:

Ավագյանի այս «սրտաճմլիկ» ելույթից հետո մնում է միայն կրկնել Վիգեն Սարգսյանի հորդորը՝ կամաց խոսե՛ք, Կարեն Ավագյա՛ն, հանկարծ սահմանին կանգնած զինվորները չլսեն, թե չէ մեկ էլ տեսար՝ այդքան էլ ներողամիտ չլինեն…

 




Լրահոս