Վանաձորում 21-ամյա տղայի սպանությունը, նախնական տեղեկություններով, տեղի է ունեցել անանձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության հետևանքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականի ծնված, Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի դիակը՝ ծակած-կտրած վերքերով: Սպանված երիտասարդը ստացել է դանակի 6 հարված մարմնի տարբեր մասերում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Կատարվածից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Սպանությունից հետո սպանության գործիք հանդիսացող դանակը հանցագործը նետել է հարակից տանձուտ գետը, որի տեղն ավելի ուշ ցույց է տվել իրավապահներին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սպանված երիտասարդը ընտանիքի միակ երեխան էր, ապրում էր մոր ու տատիկի հետ, բանակից ամռանն էր վերադարձել: Դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով:
Նշենք, որ սպանված երիտասարդը ընկերուհի է ունեցել, ում հետ նոր-նոր էր սկսել շփվել: Աղջկա եղբայրն էլ, ով կասկածվում է տղայի սպանության մեջ, հանդիպել է վերջինիս հետ ու պահանջել, որ այլևս չանհանգստացնի քրոջը:
Վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ: Ի դեպ, դեպքի վայրը, որտեղ կատարվել է դանակահարությունը, ամբողջությամբ արյունով է պատված: Դատելով դեպքի վայրից, դանակահարված տղան փորձել է այդ վիճակում փախչել, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվել: Տղայի դին հայտնաբերվել է դեպքի վայրից շուրջ 7 մետր հեռավորության վրա:
Լուսանկարում` սպանված Հարություն Աղաջանյանն է: