ԻՆՉՈՒ Է ՊԵԿ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՍԿՍԵԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստուգումներ է իրականացնում հարկային պարտավորությունների մասով: Թե որն է այդ ստուգումների պատճառը, թերեւս պարզ կդառնա առաջիկայում, սակայն տեսակետ կա, որ այս կերպ փորձ է արվում ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի հեղինակության վրա ցեխ շպրտել:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 8-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, երբ ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանն էր, ուսումնասիրել է կրթության եւ գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ եւ «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամի գործունեությունն ու բացահայտել բազմաթիվ խախտումներ: Այսպես՝ ընկերությանը տրամադրված 140 մլն դրամաշնորհը, ըստ ՎՊ-ի, սխալ է ծախսվել, եւ Կրթության ազգային ինստիտուտը սահմանված տնտեսումները չի արել: Ուշագրավ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է ուսումնասիրել ՎՊ բացահայտումների թեման, համապատասխան փաստաթղթեր է պահանջել ՎՊ նախագահից: Թե ինչ ավարտ կունենա քրեական գործը, առայժմ դժվար է ասել՝ հաշվի առնելով նախընտրական քարոզչության՝ արդեն տրված մեկնարկը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս ընթացքում ընկերությունում սկսել է ստուգումներ իրականացնել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: Այս գերատեսչությունը ստուգում է ընկերության հարկային պարտավորությունները:
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացվող ստուգումների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ընկերության տնօրեն Նորայր Ղուկասյանի հետ:
-Պարո՛ն Ղուկասյան, ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում: Արդյո՞ք դա կապ ունի վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների հետ:
-ՊԵԿ-ը մեզ մոտ ուսումնասիրություններ իրականացնում է, բայց դրանք կապ չունեն ՎՊ-ի եւ դատախազության ստուգումների հետ: ՊԵԿ-ը այլ ժամանակաշրջան է ուսումնասիրում, իսկ դատախազությունը՝ այլ: Դրանք տարբեր ժամանակներ են: ՊԵԿ-ի ուսումնասիրությունները պլանային են հարկային պարտավորությունների մասով: ՊԵԿ-ի ուսումնասիրությունը վերաբերում է բացարձակ այլ ժամանակաշրջանում կատարված հարկային պարտավորություններին:
-Կմանրամասնե՞ք:
-ՀՀ գլխավոր դատախազութունը ուսումնասիրում է ընկերության՝ 2015-2016 թվականների գործունեությունը, իսկ ՊԵԿ-ը՝ 2012-2013թթ.-ի հարկային պարտավորությունները: Նորից եմ կրկնում՝ ՎՊ-ի ստուգումները բացարձակ կապ չունեն ՊԵԿ-ի ուսումնասիրությունների հետ: Իսկ դատախազութունը եկել եւ փաստաթղթերը տարել է: Բայց ընթացքի մասին տեղեկություններ չունեմ:
-Ինչո՞վ եք հիմնավորում ՎՊ-ի՝ ստուգումների արդյունքում բացահայտված խախտումները:
-Ես իմ կողմից բոլոր տեսակի հիմնավորումները ներկայացրել եմ ինչպես կրթության եւ գիտության նախարարությանը, այնպես էլ գլխավոր դատախազությանը: Հիմա սպասում եմ, որ իրենք քննարկեն ու որոշում կայացնեն: Բայց պնդում եմ, որ ընկերությունը ոչ մի խախտում էլ չի արել: Բացարձակ որեւէ խախտում չի արել:
-Պարո՛ն Ղուկասյան, ընկերությունը վնասո՞վ է աշխատում, թե՞ շահույթով:
-Շահույթով…
-Այսինքն՝ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին նվիրած «Տուարեգ»-ը դա շահույթի՞ հաշվին գնված նվեր էր:
-Դուք սխալ եք ձեւակերպում, այդ ավտոմեքենան նվեր չէր, այն տրված էր ժամանակավոր օգտագործման, որը վերադարձվել է եւ աճուրդի հանվել: Կան փաստաթղթերը, որոնցում սեւով սպիտակի վրա գրված է, որ դա տրված է ժամանակավոր օգտագործման: Բայց այդ մեքենան արդեն օգտագործված է, աճուրդի է հանվել ու ավելի էժան գնով, մինչդեռ այն ավելի թանկ գնով էր ձեռք բերվել: Նշեմ, որ Աշոտյանին ավտոմեքենա տրամադրելը մտնում էր մեր լիազորությունների մեջ:
-Իսկ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին նոր ավտոմեքենա տրամադրվելո՞ւ է:
-Չենք պատրաստվում, որովհետեւ նման ցանկություն չկա (ծիծաղում է-Ս.Հ.):
-Ինչո՞ւ:
-Դե, ինքը ունի ավտոմեքենա: Այն ժամանակ Աշոտյանը մեքենա չուներ:
«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ՎՊ-ի իրականացված ստուգումների մասով «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ԿԱԻ-ի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ: Սակայն վերջինս, լսելով հարցը, հայտարարեց. «Ես այս ստուգումների խորությանը չեմ տիրապետում: ՎՊ-ի պաշտոնական կայքէջում ստուգումների վերաբերյալ ընտրովի նախադասություններ են տեղադրված: Այնտեղ հնարավոր է, որ կարդացողը շփոթության մեջ ընկնի: Կարճ ասած՝ ես չեմ մեկնաբանում: Բայց ես շատ բաներին ներսից տեղյակ եմ, դրա համար էլ համաձայն չեմ ՎՊ-ի ստուգումների արդյունքների հետ: Ես պնդում եմ, որ ԿԱԻ-ն խախտում չի արել»:
Հ.Գ. Տեսակետ կա, որ իշխանական օղակները միտում ունեն այսպես ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին ներքաշել ինչ-որ քրեական պատմությունների մեջ: Պատահական չէ, որ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ ՊԵԿ-ը սկսել են կասկածելի ակտիվությամբ ստուգել վերոնշյալ կառույցը: Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներին զբաղեցրել է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՍՆՈՒՆԴԻ ԳՈՂԸ
Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, Երեւան քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Գարեգին Բաղդասարյանը, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի տնտեսական ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, լիազորված լինելով մասնակցելու մթերքների բաշխմանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն զորամասի զինավանի ճաշարանից փորձել է հափշտակել իրեն վստահված, պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված սննդամթերք: Նա 2016 թվականի ապրիլ-մայիսին տնտեսման եղանակով յուրացնելու նպատակով ավելացրած 35 հազար 186 դրամի սննդամթերքը 2016 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ճաշարանից տեղափոխել եւ իր բնակարան տանելու նպատակով տեղավորել է իր կողմից օգտագործվող «Օպել Աստրա» ավտոմեքենայի սրահում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից անակնկալ ստուգայցով եւ ավտոմեքենայի զննությամբ նշված սննդամթերքը հայտնաբերվել է:
Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում Գ. Բաղդասարյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, միջնորդությունը բավարարվել է: Հոկտեմբերի 24-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Բաղդասարյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել 500 հազար դրամ տուգանքի, իրեղեն ապացույց ճանաչված 8.7 գրամ խոզի միսը, 2.550 կգ կարագը, 0.095 կգ ռեհանը, 5.9 կգ խտացրած կաթը, 0.510 կգ կետչուպը, 90 հատ հավկիթը թողնել զորամասի տնօրինմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս-Տաթեւ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակվել է: Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 17-ին փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար. պատճառը ձյան առատ տեղումները եւ ձնահոսքի վտանգն են:

 

 

 
ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔ ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի՝ մեդիայի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ հնչեցրած մտքերին:

Հայտարարությունը ներկայացված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում. «Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը եւ ձեւանալով օլիմպիական խարտիայի «մեծագույն» մասնագետ՝ բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ՝ ո՞վ գիտի՝ հնարավոր է եւ հաջողությամբ: Շատ ավելի ափսոսում եմ, որ միայն «նախարարական» երկրորդ փորձից «մեծագույն» մասնագետը հասկացավ, որ պետք է զբաղվի բոլոր մարզաձեւերով՝ ներառյալ ֆուտբոլը, բայց, ավաղ, դեռեւս չի հասցրել հասկանալ, որ խոսքը կազմակերպված եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին չէ, առավել եւս՝ ֆուտբոլի հավաքականի, նրա մարզչի եւ այլն: Հարկ չհամարելով երկար անդրադառնալ «մեծագույն» մասնագետի «հանճարեղ» մտքերին՝ միայն նշեմ, որ վերջին 10-13 տարիների ընթացքում ՖԻՖԱ-ն 24 անգամ տարբեր ժամկետներով որակազրկել եւ զանազան պատժամիջոցներ է կիրառել անդամ ֆեդերացիաների նկատմամբ՝ տվյալ երկրում պետության կամ երրորդ կողմի կողմից ֆեդերացիաների գործունեությանը միջամտելու պատճառով»:




Լրահոս