ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՑ ՀԵՏՈ ՑԵՑԵՐԸ ՍԱՏԿԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի 16-րդ համագումարում Ս. Սարգսյանի ունեցած ելույթին, ասաց. «Սա Սերժ Սարգսյանի՝ որպես կուսակցության նախագահի, վերջին ելույթն էր»:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարճ ժամանակ է մնացել: Արդյո՞ք Հանրապետություն կուսակցությունը մասնակցելու է Աժ ընտրություններին, եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով:
-Նորմալ երկրներում գոյություն ունի իշխանություն եւ ընդդիմություն: Մեզ մոտ նորից փորձում է ձեւավորվել ոչ իշխանություն մասը, որը իշխանության եւ ընդդիմության միջակայքում է: Իշխանությունները, ակնհայտ է, ովքեր են, դա ՀՀԿ-ն է՝ իր համակարգով, վարչական ռեսուրսներով, թաղային հեղինակություններով, ոստիկանությամբ եւ այլն: Ոչ իշխանական ուժերը դրանք այն ուժերն են, որոնք անհամբեր սպասում են հարգարժան Գագիկ Ծառուկյանի մուտքին, որովհետեւ իր հետ ե՛ւ ապահով է, ե՛ւ անվտանգ է, ե՛ւ նյութական ռեսուրսների խնդիր չկա, մի բան էլ իրենք կարող են իրենց «մատները լպստել»: Եվ կան իրական ընդդիմադիր ուժեր, որոնցից երկուսի հետ այսօրվա դրությամբ Հանրապետություն կուսակցությունը ընդհանուր երկխոսության, ծրագրերի առումով՝ համաձայնության գալու գործընթացի մեջ է:
-Որո՞նք են այդ ուժերը:
-Այդ ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Այս ուժերի հետ ընդհանուր առմամբ մենք ունենք գրեթե նույն մոտեցումները ծրագրային առումով, բայց ընտրությունները դրանք գործընթաց են, որտեղ պետք է հանդես գաս ապագայի շուրջ քո մոտեցումներով, Հայաստանը կերտելու քո ձեւով, քո առաջնահերթություններով, որոնք լայն քննարկման, համաձայնության խնդիր են պահանջում, եւ այս շրջանում այդ հարցերն են, որ միասնական քննարկում ենք: Կան էլի ուժեր, որոնց ես ընդդիմադիր եմ համարում, որոնք ոչ իշխանական դաշտում չեն, բայց եկեք, սպասենք, ժամանակը ցույց կտա:
-Իսկ ո՞ր քաղաքական ուժերի հետ եք բացառում համագործակցությունը: Կոնկրետ կնշե՞ք:
-Դրանք այն ուժերն են, որոնք մարտի 1-ից հետո, շամպայնի բաժակները ձեռքներին, շրխկացրին Սերժ Սարգսյանի հետ, կոալիցիա կազմեցին եւ կիսեցին ՀՀԿ-ի այն մոտեցումը, որ նույնիսկ մարդկանց սպանելու գնով կարելի է իշխանություն պահել եւ հաջողությունների հասնել: Այդ ուժերի հետ անցնելու ճանապարհ չունենք: Դա «Օրինաց երկիր» կուսակցությունն է /ներկայումս՝ ՀՎԿ, Ք. Մ/, Դաշնակցությունն է, «Բարգավաճ Հայաստանն» է, որը հիմա ինչ-որ փոփոխությունների է ուզում ենթարկվել, դա «Համախմբում» կուսակցությունն է, որի ղեկավար Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի աջ թեւն էր եւ ամեն ինչ անում էր՝ արտաքին քաղաքական դաշտում մարտի 1-ի գործողությունները արդարացնելու համար, մինչդեռ այսօր իրեն Մայր Թերեզայի տեղ դրած՝ ուզում է ինչ-որ կերպ արդարանալ: Եվ, իհարկե, բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանի զարգացումը տեսնում են Եվրասիական տնտեսական միությունում, որոնք Կրեմլի ջատագովն են:
-Նոյեմբերի 26-ին կայացավ ՀՀԿ 16-րդ համագումարը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդես եկավ հաշվետու ելույթով: Ինչպիսի՞ տպավորություն ունեցաք այդ ելույթից եւ համագումարից առհասարակ:
-Տպավորությունն այն է, որ սա Սերժ Սարգսյանի՝ որպես կուսակցության նախագահի, վերջին ելույթն էր: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ենթագիտակցական մակարդակում ինքն էլ էր դա զգում, եւ նաեւ դա էր պատճառը, որ նա բարձրացել էր «Ծիծեռնակաբերդի լեռը»՝ Մովսեսի նման պատվիրաններ իջեցնելու եւ պատվիրաններով էր դիմում ժողովրդին: Ու ինչ էր այդ առաջին պատվիրանը. ամբողջ իմաստը այն էր, որ մեր երկրի համար մեկ արժեքը մեր անկախությունն է, մեր ազատությունն է, մենք դա պարտավոր ենք գնահատել: Հետաքրքիր է՝ ում էր ուղղված այդ պատվիրանը. մեկ գիշերում ՀՀԿ-ին անդամակցած օտարերկրյա պետության աշխատողներ հանդիսացող գազավիկների՞ն, թե իր ռուսիանո վարչապետին: Սա լուրջ խնդիր է, վաղն էլ կարող է նույն հաջողությամբ էլի մի 7 հազար մարդ՝ այդ նույն օտարերկրյա պետության բաշխիչ ցանցերի աշխատողները, դառնան Հանրապետական կուսակցության անդամ, մյուս օրը՝ երկաթգծի աշխատողները, ու բարով ես եկել անկախություն: Սա ազգային անվտանգության խնդիր է, սրանով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի: Բանը հասել է նրան, որ ՀՀԿ փոխնախագահը հայտարարում է, թե մեզանում քաղաքական նորաձեւության առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Տո՛, պարո՛ն Աշոտյան, դուք ոչ միայն նորաձեւ չէք, դուք այնքան հին եք, այնքան կոմունիստական, այնքան նավթալինոտ, որ ձեր այդ հոտերից մարզահամերգային համալիրում ինչքան ցեց կար, սատկեց: Երեւի միակ դրական բանը, որ համագումարը տվեց այս երկրին, դա էր: Այդ համագումարը շատ-շատ նման էր կոմունիստական կուսակցության վերջին՝ 25-րդ համագումարին:
Ասել ու շարունակում եմ պնդել, որ Սերժ Սարգսյանը երկու խոշոր ներքաղաքական սխալ է արել: Առաջինը դա Սահմանադրության փոփոխությունն էր՝ ընտրական օրենսգրքի փոփոխության հետ միասին, եւ երկրորդը՝ Կարեն Կարապետյանին, այսինքն՝ դրսից ուղարկած մարդուն, դրսի ցանկությամբ վարչապետ նշանակելը: Այս երկուսի համար ինքը շատ լուրջ պատասխան է տալու ու հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՄԵՆԱՈՒՆԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Հայաստանում կարծես ձեւավորված կարգ է, որ երբ որեւէ յուրային բարձրաստիճան պաշտոնյա ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, նրան չնեղացնելու համար նշանակում են կա՛մ որեւէ երկրում դեսպան, կա՛մ էլ ՀՀ նախագահի խորհրդական:

«Պատվավոր թոշակառուների» ակումբի վերածված ՀՀ նախագահի խորհրդականների փունջը բաղկացած է 9 հոգուց, որի մեծ մասը նախկին նախարարներ կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են: «Ժողովուրդ»-ը, ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին այդ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը, փորձեց պարզել, թե ով է ՀՀ նախագահի «ամենաունեւոր» խորհրդականը:
Այսպիսով՝ ըստ հայտարարագրերի՝ ՀՀ նախագահի ամենաունեւոր խորհրդականը Ալիկ Սարգսյանն է: Վերջինիս կարիերայի գագաթնակետը ՀՀ ոստիկանապետի պաշտոնն էր: Այդ պաշտոնում նա նշանակվեց 2008-ի մայիսին, իսկ մինչ այդ՝ սկսած 2000 թվականից, զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը: Ալիկ Սարգյանը՝ որպես ոստիկանապետ, պաշտոնավարեց մինչեւ 2011 թվականի նոյեմբերը, իսկ պաշտոնանկությունից անմիջապես հետո համալրեց Ս. Սարգսյանի խորհրդականների շարքը: Այս պաշտոնյայի՝ 2011 թվականին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները կազմել են 120 մլն դրամ եւ 70 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը գոյացել է միայն աշխատավարձից, ավելի քան 5 մլն դրամ է եղել: Իսկ արդեն 2015 թվականին Ալիկ Սարգսյանի դրամական միջոցները աճել են մոտ 20 մլն դրամով: Նախկին ոստիկանապետը հայտարարագրել է 140 մլն դրամ եւ ավելի քան 54 հազար դոլար, իսկ եկամտի չափը, որը կրկին գոյացել է աշխատավարձից, կազմել է մոտ 27 մլն 500 հազար դրամ:
Սերժ Սարգսյանի 9 խորհրդականներից ամենաքիչ միջոցները հայտարարագրել է Վարդան Խաչատրյանը: Նա 2000 թվականից մինչեւ 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Պաշտոնանկությունից հետո նշանակվել է Ս. Սարգսյանի խորհրդական եւ մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: 2015 թվականին ներկայացված հայտարարագրից պարզում ենք, որ այս պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են ընդամենը 3 մլն դրամ, իսկ եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, ավելի քան 9 մլն դրամ է: Հիշեցնենք, որ նախարարական պաշտոնավարման շրջանում Խաչատրյանը մի քանի անգամ աղմկոտ պատմությունների մեջ ընկավ, որոնք հիմնականում կապված էին գիշերային ակումբներ այցելելու նրա նախասիրության հետ: Գուցե հենց գիշերային ակումբնե՞րն են այս պաշտոնյայից տարել իր գումարները, որովհետեւ 2011-ին նա ունեցել է 15 մլն դրամ եւ 35 հազար դոլար:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՆԻՍՏ ԵՆ ԱՆՈՒՄ
«Ազատամարտիկների դաշինքն» այսօր նիստ է անցկացնելու: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ազատամարտիկների դաշինիքի» վարչության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ներկայացնելով նիստի օրակարգը, հայտնեց, որ գլխավոր հարցը նոր վարչության ընտրությունն է: Մեր զրուցակցի փոխանցմամբ` նիստը համագումարի բնույթ է կրելու, այն հրավիրվում է յուրաքանչյուր տարին մեկ անգամ. «Դաշինքին անդամագրվելու հայտեր եւս ունենք: Դրանց հարցն է քննարկվելու, վարչության անդամների: Այլ հյուրեր չունենք: Նիստին մասնակցելու են վարչության անդամները, նաեւ շրջաններից եկած ազատամարտիկները»,- հավելեց «Ազատամարտիկների դաշինիքի» վարչության անդամը:
Մեր հարցին` քաղաքական հարցերն օրակարգում ընդգրկվա՞ծ են, Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց, որ եթե անհրաժեշտություն լինի, մոտ օրերս նաեւ այդ հարցերին անդրադառնալու համար նիստ կհրավիրվի: Այդ ժամանակ, գուցե, որոշվի նաեւ` առաջիկա ընտրություններին որ քաղաքական ուժին կմիանան:

 

 

ՉԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՆԱԽՈՐԴԻՆ
Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Թադեւոսյանն ազատվեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն: Նա Արտաշես Գեղամյանի կուսակցության ներկայացուցիչն էր:
Երբեմնի ընդդիմադիր Թադեւոսյանին հեռացնելուց հետո միանգամից 2 փոխնախարարներ նշանակվեցին: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Բորիս Դեմիրխանյանը նշանակվել է Գագիկ Թադեւոսյանի փոխարեն, զբաղվելու է ՏՏ ոլորտով, իսկ Արման Խաչատրյանի՝ այդ հաստիքում նշանակումը պայմանավորված է նախարարության գործունեության շրջանակների ընդլայնմամբ:
Հիշեցնենք, որ դեռեւս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսել էր ծախսերի նվազման նպատակով կրճատել փոխնախարարների հաստիքները, օրինակ՝ Սերգեյ Ավետիսյանը, ազատվելով էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից, նշանակվեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: Իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կրճատելու փոխարեն ավելացնում է հաստիքները:

 

 

ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՄՍԵՐ ԿԳՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը պարզեցված ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, քաղաքապետարանը ամանորյա տոների կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքների 4000 երեխաների համար մտադիր է ձեռք բերել ամանորյա թեմատիկայով մանկական, հեքիաթային, երաժշտական ներկայացման թատրոնի տոմսեր: Քաղաքապետարանի հայտարարության մեջ նշված է, որ ներկայացումը պետք է կազմակերպել մայրաքաղաքի թատրոններից որեւէ մեկում՝ 300 եւ ավելի տեղ ունեցող փակ դահլիճում:




Լրահոս