ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ArmLur.am-ը հնարավոր պատճառների և այլ հարցերի շուրջ զրուցեց Նարինե Հովհաննիսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ երկարատև աշխատանքի ընթացքում է այս որոշումը կայացրել. «Ցանկանում եմ նորից վերադառնալ դպրոց, որտեղից որ եկել եմ, ու վերջին տարիները դպրոցում աշխատեմ: Ես ընտրեցի դպրոց, որը ինձ համար շատ հետաքրքրիր է: Վարդաշենի` դժվար դաստիարակվող երեխաների դպրոցն է: Ես ուզում եմ այդ երեխաների հետ աշխատել»:
Նարինե Հովհաննիսյանի խոսքով՝ Լևոն Մկրտչյանը նրան հանրակրթության գծով խորհրդական է նշանակել. «Երևի ինչ-որ նոր ասելիք ու անելիք կա: Ես այդ երկուսն իրար հետ կհամատեղեմ»:
Հարցին՝ ինչ աշխատանք է պատրաստվում կատարել հանրակրթական դպրոցում, Հովհաննիսյանն ասաց, որ այնտեղ պետք է վերականգնողական աշխատաքներ իրականացվեն ներառական կրթություն ունեցող երեխաների հետ. «Պետք է մտնեմ նոր հասկանամ: Ես ուզում եմ, որ իրենք վերականգնվեն, գնան հանրակրթական դպրոցներ և իրենց լիիրավ անդամ զգան: Մենք պետք է կարողանանք ընտանիք, դպրոց, աշակերտ կապն ապահովվել: Հասնեմ նրան, որ դպրոցի վրայից այդ անունը հանվի և դառնա նորմալ սովորական դպրոց: Իրենց հետ աշխատելու շատ գործ կա: Այսպես տրամադրված գնում եմ»:
Լիդա Եղիազարյան