Հուսա՞նք, որ Ալեգրովայի սպասվելիք համերգը խնդրահարույց չի լինի. ինչո՞վ այն կառանձնանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին ռուսական էստրադայի կայսրուհի Իրինա Ալեգրովան «Մոնո» անունը կրող հոբելյանական համերգային ծրագրով հանդես կգա Երեւանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչը «Ֆորպոստարտ» ընկերությունն է:

Բոլորիս հիշողություններում, սակայն, թարմ է երգչուհու` 2015-ին չեղյալ հայտարարված եւ երկու անգամ հետաձգված երեւանյան համերգն ու դրան հաջորդած դժգոհության ալիքը (այն ժամանակ եւս համերգի կազմակերպիչը նույն ընկերությունն էր): Ուստի մենք «Ֆորպոստարտ»-ի հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանին հարցրինք` ինչ երաշխիք կա, որ այս անգամ եւս պատմությունը չի կրկնվի. «Նախ ուզում եմ հիշեցնել, որ 2015-ին Իրինա Ալեգրովան ժամանել էր Երեւան, բայց, քանի որ բարձր տաքություն ուներ, չկարողացավ բեմ բարձրանալ: Այնուամենայնիվ, ավելի ուշ համերգը տեղի ունեցավ լեփ-լեցուն դահլիճում: Բացի այդ` նշեմ, որ մեր կազմակերպությունն արդեն տասը տարի է` աշխատում է Ալեգրովայի հետ, եւ արդեն մի քանի անգամ մեր կողմից մայրաքաղաքում կազմակերպվել են նրա համերգները:

Պետք է շեշտեմ, որ երբ մեկնարկում են նրա շրջագայությունները, երգչուհին իր գրաֆիկում անպայման ներառում է այցը Հայաստան: Նա, ունենալով հայկական արմատներ, սիրում է մեր ազգին եւ վստահ է, որ Հայաստանում իրեն մշտապես սպասում են: Մեր ժողովուրդը անհանգստանալու պատճառ չունի, քանի որ Ալեգրովայի համերգները միշտ էլ կայացել են (իսկ հետաձգվելու հանգամանքը հարգելի էր)»,-մեկնաբանեց Զ. Մխեյանը:

Մենք հետաքրքրվեցինք նաեւ` ինչով է առաջիկա համերգը առանձնանալու, տարբերվելու նախորդ համերգներից. «Հանդիսատեսին սպասվում է ծրագիր-անակնկալ, առաջիկա համերգին հնչելու են ինչպես նոր երգեր, այնպես էլ ժամանակի քննությունն անցած հայտնի կատարումներ: Կայսրուհու հին հիթերը կհնչեն ժամանակակից մեկնաբանություններով, անսպասելի տարբերակներով: Այս անգամ համերգի ֆորմատը միանգամայն այլ է լինելու: Այն ուղեկցվելու է մեծ տեսաշարով: Սպասվում են նաեւ հայտնի արտիստների հետ դուետներ»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս