Տավուշի մարզից ովքեր կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակում. կազմն ամբողջանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմի մեջ մտնող «Գրանդ տոբակո» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: Գ. Ավալյանը ծնունդով սահմանամերձ Մովսես գյուղից է: Տարեմուտին «Գրանդ հոլդինգ»-ի կողմից Տավուշի մարզի ընտանիքներին բաժանված սննդի տոպրակների մեջ դրված Տավուշի համայնքներում կատարած բարեգործական ծրագրերի մասին պատմող ամսագրի նախավերջին եւ վերջին էջերում ներկայացված են Գ. Ավալյանի կենսագրությունը եւ Միքայել Վարդանյանի հետ նրա լուսանկարը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու է նաեւ «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով այժմ Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է: ՀՀԿ համամասնական ցուցակում, հավանաբար, կներառվի նաեւ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանի անունը: Վերջինս Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի աներորդին: Առայժմ մյուս կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում Տավուշի մարզի ցուցակներում ընդգրկվելու համար հայտնի մարդկանց պակաս ունեն:

Մեր տեղեկություններով՝ Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատեր, Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանն ընդգրկվելու է Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ հայտնի միկրովիրաբույժ, ծնունդով Տավուշի մարզի Կողբ գյուղից Արտավազդ Սահակյանը, մամուլի հրապարակումների հմաձայն, 3 քաղաքական ուժերից համագործակցության առաջարկ է ստացել, սակայն դեռ չի որոշել՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը եւ եթե այո՝ ապա ո՞ր կուսակցության ցուցակով:




Լրահոս