«ԱԻՄ-ն իր ղեկավար մարմնի՝ ներկայացուցչական խորհրդի քվեարկությամբ (19 կողմ, 2 դեմ) միանում է Սեյրան Օհանյան, Արամ Սարգսյան, Վիկտոր Դալլաքյան եւ Վարդան Օսկանյան գործիչների անունով հանրությանը հայտնի նախընտրական համագործակցությանը»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Չնայած այդ հայտարարությանը՝ ArmLur.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նշել էր, որ դա այն դաշինքը չէ, որ իրենք էին կամենում: «Խորհուրդն ասում էր՝ սա այն դաշինքը չէր, որ երազում էինք, սպասենք եւ միասին դաշինք ստեղծենք: Սակայն սպասելու ժամանակ չկա, նույնիսկ հիմա մենք պետք է սովորականից ավելի արագ աշխատենք»,-նշել էր Հայրիկյանը:
Հետաքրքիր է, թե ինչպես է իր հակառուսական դիրքորոշումներով հայտնի Հայրիկյանը որոշել միանալ մի դաշինքի, որի կազմում կան բացահայտորեն ռուսամետ գործիչներ:
«Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՄ ղեկավարից փորձեց պարզել՝ ինչպես է պատկերացնում իր համագործակցությունը դաշինքի ռուսամետ առաջնորդների հետ:
«Տարաձայնություններ շատ կան ու շատ կարող են լինել, բայց դրանք բոլորը տասներորդական են: Նախ Ռուսաստանին դեմ լինելը, այո՛, դուք էլ եք դեմ, նրանք էլ են դեմ, ով է ասում, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների կողմնակիցը կողմ է, որ Ռուսաստանը Հայաստանում գազը երկու անգամ ավելի թանկ վճարի, քան Ուկրաինայում: Հիմա դրա մասին խոսող Արամ Սարգսյանը կարո՞ղ է իրեն համարել հակառուս, ո՛չ, ինքը Ռուսաստանի քաղաքականության տվյալ փուլն է, տվյալ դրսեւորումն է բացասական համարում, նույնը վերաբերում է ինձ»,- նշեց Հայրիկյանը:
Վերջինս կարեւորը համարում է այն փաստաթուղթը, որը ստորագրվել է կուսակցությունների կողմից.«Ազատվել ռեժիմից, մեր տարբերակով իշխանությունը վերադարձնել ժողովրդին, որի հետ իրենք բոլորը համաձայն են, այստեղ առաջնային հարց է դառնում ժողովրդավարությունը: Որեւէ մեկն այսօր իր դրոշը չի դարձրել դեպի Ռուսաստան կամ դեպի Եվրոպա: Ես մի բան գիտեմ, թող դա դավադրություն չհամարվի, ես գիտեմ, որ ժողովրդավարությունը քաղաքակրթական արժեք է: Եւ բոլոր նրանք, ովքեր կասեն՝ մենք ժողովրդավարությանը կողմ ենք, իրենք կողմ են եվրոպական արժեքային համակարգին, ինչպես Եվրոպական խորհրդի կազմի մեջ մտնող Ռուսաստանը կողմ է եվրոպական այդ արժեքներին: Այսինքն՝ այստեղ հակասություն չկա, մենք ուզում ենք, որ այդ արժեքները դառնան մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը, որից կօգտվեն բոլորը՝ ե՛ւ ռուսամետները, եթե կան, ե՛ւ թուրքամետները, եթե կան, բայց կօգտվեն օրենքի ընձեռած ազատությունների շրջանակներում»,- ներկայացրեց ԱԻՄ առաջնորդը:
Նա նաեւ նկատեց, որ բոլոր տարաձայնությունները տեղափոխում է այլ միջավայր, այլ փուլի համար.«Այնպես որ, ես կարծում եմ, որ դաշինքի իմաստն այն է, որ տարաձայնությունները հաղթահարել կարողանալով՝ համախմբվենք ընդհանրականի, միասնականի շուրջ»,-եզրափակեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան