Պատգամավոր Ռուբեն Գևորգյանը երեկ հայտարարեց ԲՀԿ-ից հեռանալու մասին և նույնիսկ չբացառեց, որ կարող է իր քաղաքական կարիերան շարունակել ՀՀԿ-ի հետ, քանի որ այդ կուսակցության գաղափարախությունը հարազատ է իրեն: Գևորգյանն այսօր հայտարարել է, թե ԲՀԿ-ի պատերն իրենը չէին: Ուշագրավ է, որ Գևորգյանն այդ մասին հասկացավ միայն տասը տարի անց: Նա 2 անգամ նույն ԲՀԿ ընտրացուցուցակով պատգամավոր է դարձել. առաջին անգամ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր էր դարձել 2009 թվականին, ապա նաև 2o12-ին: Բայց հիմա նրա մոտ արժեքների վերադասավորման, իսկ իրականում ունեցվածքի պահպանության, այսինքն շահի թելադրանքի շրջափուլն է:
Ով է Ռուբեն Գևորգյանը
Ռուբեն Գևորգյանը ևս երկար տարիներ եղել է ՀՀԿ-ի մարդը, 1993-2011թթ. եղել է ԵԿՄ վարչության անդամ, 1994-2005թթ.` ԵԿՄ Մաշտոցի, ապա` Դավթաշենի տարածքային կազմակերպության նախագահ: 1999-2003թ. պատգամավոր ընտրվել էր հենց ՀՀԿ-ից: 2012 թվականին նա իր հարազատ Դավիթաշեն համայնքում չառաջադրվեց մեծամասնական ընտրակարգով` այդ կերպ իր տեղը զիջելով ՀՀԿ-ական եղբոր որդուն` Արթուր Գևորգյանին, ով այդ տարի մեծամասնական ընտրակարգով ընտրվեց պատգամավոր: Հիշեցնենք, որ նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
Գևորգյան-Գրիգորյան վեճերը
Ռուբեն Գևորգյանի և ԵԿՄ-ականների լարված ու մրցակցային հարաբերություններն ակնհայտ դարձան հատկապես 2014 թվականին, երբ Գևորգյանը ստեղծեց «Երդվյալ ազատամարտիկների միություն»-ը, որը բնականաբար Մանվել Գրիգորյանի սրտով չէր: Նրանց հարաբերությունները սրվեցին նաև 2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Գագիկ Ծառուկյանի մասին խոսելիս, անդրադարձել էր նաև Ռուբեն Գևորգյանին: Վերջինս էր հայտարարեց, թե թույլ տված «բռակն» աններելի է, և Գրիգորյանը պետք է «աչոտ» տա: Այս խոսքերից հետո վիտուալ տիրույթում Գևորգյան-ԵԿՄ իսկական վեճեր էին ընթանում:
ԲՀԿ-ից դառնալով ՀՀԿ
Դեռ ԱԺ-ում պատգամավորի ունեցած ելույթներից կարելի էր եզրակացնել, որ Ռուբեն Գևորգյանին ամեն դեպքում ճողոպրելու է ՀՀԿ-ն: Այն ՀՀԿ-ն, որտեղից նրան տարիներ առաջ հեռացրել են: Ներկայացնում ենք 2015 թվականի հոկտեմբերին ունեցած ելույթից մի հատված. «Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, իր մեջ արթնացնելով հավաքական ուժի գիտակցությունը, որում իշխում է ողջ հայ ժողովրդով հայրենիքը ուժեղ ու հզոր պետություն դարձնելու գաղափարը»: Սակայն ոչ վաղ անցյալում նա ջանք ու եռանդ չէր խնայում տարբեր ամբիոններից խրոխտ կոչեր հնչեցնել հայ ազգի փրկության և ճահճից ազատելու վերաբերյալ: Նա պնդում էր, թե հեղափոխությունն անխուսափելի է և ինքն իր ստեղծած հասարակական կազմակերպությունով գնալու է մինչև վերջ: Սակայն ինչպես միշտ, վերջին կայարանը դարձավ նախագահականից ստացված զանգը ու զգուշացումը՝ խելոք մնա:
Այստեղից այնտեղ «թռչողները»
Այսպիսով, ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ճամբարափոխներ շատ ենք տեսնելու: Ռուբեն Գևորգյանն էլ նրանցից մեկն է. ԵԿՄ-ական լինելով, ՀՀԿ-ին պաշտպանելուց, երկրպագելուց հետո նա դարձավ ԲՀԿ-ական, սկսեց մեծարել, փառաբանել, ինչու չէ՝ քծնել Գագիկ Ծառուկյանին, սակայն հիմա էլ հեռացավ հենց վերջինիս գալուց հետո: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի այստեղից այնտեղ «թռչողների» ճակատագիրը: