«ԹԱՏՐՈՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԱՎՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում, ինչպես եւ համանուն ֆիլմի առաջին մասում կարելի է հանդիպել դերասանական նոր սերնդի ներկայացուցիչների, այսպես ասած` թարմ դեմքերի: Նրանցից մեկն էլ Արծրուն Չոբանյանն է, ով աշխատում է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: «Ժողովուրդ»-ը դերասանի հետ զրուցել է իր համար դեբյուտային ֆիլմում մարմնավորած կերպարի, առաջիկա ծրագրերի, թատերական ասպարեզում իր տեղը գտնելու եւ այլ թեմաների շուրջ:

-Արծրո՛ւն, որքանով տեղյակ եմ` ծնվել եք Լոռիում: Հիմա հարազատ Ագարակ գյուղի հետ կապը պահո՞ւմ եք:
-Այո՛, իհարկե, մեր տունն այնտեղ է: Ուղղակի թատերական ինստիտուտում սովորելու տարիներին եկա Երեւան: Հետո գնացի բանակ, վերադարձա ու սովորեցի մագիստրատուրայում: Դրան հաջորդեց իմ աշխատանքը «Մհեր Մկրտչյան» թատրոնում (արդեն 6 ամիս է, ինչ այնտեղ եմ):
-Սովորաբար բուհում մեզ պատրաստում են այնպիսի կյանքի, միջավայրի, որը, հաճախ, իրականում գոյություն չունի: Եվ երբ տվյալ մասնագետը մուտք է գործում իր ասպարեզ, բախվում է խոչընդոտների, որոնց մասին չէր էլ կարող ենթադրել: Ձեր դեպքում ինչպե՞ս է այդ ամենը դասավորվել:
-Ես սովորել եմ Նիկոլայ Ծատուրյանի կուրսում: Նա միշտ սերմանել է մեր մեջ, որ այս ոլորտում պետք է անընդհատ պայքարել` քո տեղը գտնելու համար, ծանոթացրել է հետագա դժվարություններին: Հիմա ուսանողներից ամեն մեկը քիչ-քիչ սկսում է իր մաշկի վրա զգալ այդ ամենը: Մի մասը հաղթահարում է դա, մյուս մասը` ոչ: Դեռեւս ուսանողական տարիներից ընկերներով որոշել էինք ունենալ մեր թատերախումբը: Այդ ուղղությամբ մի քանի քայլեր արեցինք, բայց բան դուրս չեկավ, հիմա արդեն կազմը փոխել ենք, եւ ամեն բան քիչ-քիչ ստացվում է, նորից աշխատանքային պրոցեսի մեջ ենք: Այս թատերախմբում երիտասարդներ են, որոնք ուզում են իրենց ոլորտում ինչ-որ բան փոխել, բայց դրա հնարավորությունը չունեն:
-Իսկ ինչո՞ւ չունեն, դրսեւորվելու արենա չկա՞:
-Երեւի պատճառը թատրոնների խիտ եւ քիչ լինելն է: Այսինքն` անձնակազմերը երիտասարդներին դժվարությամբ են ընդունում թատրոն: Սերնդափոխության պրոցեսը ծանր կերպով է տեղի ունենում: Թատերական ինստիտուտն ամեն տարի առնվազն 25 դերասան է տալիս այս դաշտին: Դա նշանակում է, որ այդ երիտասարդները պետք է գտնեն իրենց տեղերը: Իսկ թատրոններում տեղավորվելը շատ դժվար է: Գուցե ելքն այն է, որ ավագ սերնդի ներկայացուցիչները չլքեն թատրոնները, բայց երիտասարդներին էլ հրավիրեն, տեղ տան: Ի վերջո, թատրոնը երիտասարդի ավյուն է սիրում:
-Արծրո՛ւն, ռեժիսոր Մհեր Մկրտչյանը էկրան բարձրացրեց նոր, «անաղարտ» դեմքերի: Առաջին քայլը այդ ուղղությամբ արված է, ի՞նչ եք կարծում` ի՞նչ է հարկավոր, որ այս միտումը շարունակական բնույթ կրի:
-Հուսով եմ` կլինեն մարդիկ, որոնք երկրորդ, երրորդ քայլերը կանեն եւ երիտասարդներին իրենց կարողությունները ցուցադրելու հնարավորություն կընձեռեն: Բայց դա իմ լավատեսական մոտեցումն է: Չի բացառվում, որ ռեժիսորները նախապատվությունը տան արդեն ծանոթ, նույն դեմքերին:
-«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում մարմնավորել եք հատուկ ջոկատայինի: Բանակում ծառայած լինելու հանգամանքը օգնե՞ց դրան:
-Այո՛, բայց բանակում ծառայելը մի բան է, խաղալը, այն էլ` հատուկ ջոկատայինի` այլ: Դրա համար հատուկ պատրաստվածություն է պետք: Ամեն դեպքում, հեռու չեմ այդ ամենից: Եղել է նաեւ մասնագիտական խորհրդատվություն: Ես մարմնավորել եմ կիրթ, հումորով տղայի:
-Իսկ թատրոնում կա՞ նոր ներկայացում, որտեղ Ձեզ կտեսնենք: Առհասարակ, ո՞ր ռեժիսորների հետ կցանկանաք աշխատել:
-Մարտի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում «Փշրված պատրանքների գիշեր» պիեսի հիման վրա (հեղ.` Մհեր Մկրտչյան): Ես եւ Անի Խաչիկյանը գլխավոր դերերում ենք: Ինչ վերաբերում է նախընտրելի ռեժիսորին, ապա ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել Նարինե Գրիգորյանի հետ, ով եղել է նաեւ իմ դասախոսը: Հաճույքով հարմար առիթի դեպքում կհամագործակցեմ:

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԵՐԳԱՀԱՆ ԴԵՐՀՈՎԱՆ

Երգահան, գործիքավորող ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան), ում ստեղծագործություններից, գործիքավորումներից շատերը դարձել են տարբեր տարիների հիթեր (օրինակ` Սիրուշոյի «Քելե, քելեն», որը վերջինս ներկայացրել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին եւ գրավել 4-րդ տեղը, Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում եւ այլն), արդեն շուրջ երկու տարի է` ասպարեզում չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շարունակում է ստեղծագործել, սակայն ոչ նախկին ակտիվությամբ:

ԴերՀովան վերջերս գործիքավորել է «Ախպերս ու ես» երգը, որը կատարում են ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն ու սփյուռքահայ կատարող Գառնիկ Սարգսյանը: ԴերՀովան աշխատել է նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ հայ երգի շուկան փոխել է պահանջները. «Տարիներ առաջ մենք աշխատում էինք լսարանին նոր արտադրանք տալ, եւ վերջինս հաճույքով ընդունում էր այն: Հիմա արդեն երգիչները ձգտում են երգել երգեր, որոնք ստեղծվում են հարսանեկան խնջույքների համար: Իսկ ես շատ հեռու եմ այդ ժանրից: Ես մեղադրում եմ մեր երգիչներին, որ լսարանին մատուցում են նման երգեր եւ երգահաններից էլ նույնն են պահանջում: Մեր ասպարեզի իննսուն տոկոսը արվեստի հետ կապ չունի: Իսկ մնացած տասը տոկոսը սովորաբար վճարունակ չէ, ես էլ փորձում եմ ուժերիս ներածին չափով օգնել այս վերջին խավին»,-մեկնաբանեց նա:
ԴերՀովան խոստովանեց, որ իրեն հաճախ դիմում են երգիչ-երգչուհիներ, որոնց հետ անհետաքրքիր է աշխատելը. «Փառք Աստծո, ֆինանսապես այն վիճակում չեմ, որ ստիպված համաձայնեմ համագործակցել»,-ասաց նա:
Երգահանը հայտնեց, որ Հայաստանում ուզում է ստեղծել իր ֆորմատով նմանը չունեցող խումբ (բաղկացած երգիչներից եւ երաժիշտներից), որը ներկայանալի կլինի նաեւ արտերկրի շուկայի համար. «Արդեն մի քանիսին աչքիս տակ ունեմ, հուսով եմ` այս տարի աչքի կընկնեմ ավելի ակտիվ գործունեությամբ, քան նախորդ տարիներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է
2016 թվականին Հայաստանից արտահանվել են 1 մլն 204.8 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»¬ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի համեմատ ցուցանիշն աճել է ավելի քան 80 տոկոսով: 2015 թվականին Հայաստանից արտահանվել էին 660.3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արվեստի ստեղծագործություններ: 2014 թվականին ցուցանիշը կազմել էր 1 մլն 617.2 հազար ԱՄՆ դոլար, իսկ 2013 թվականին` 1 մլն 745.6 հազար ԱՄՆ դոլար:
 

ԼԵՆՈՆԻ ԵՎ ՕՆՈՅԻ ՄԱՍԻՆ
Բրիտանական The Beatles խմբի մասնակից Ջոն Լենոնի եւ ճապոնացի ավանգարդիստ նկարիչ, երգչուհի Յոկո Օնոյի հարաբերությունների մասին պատմող ֆիլմ կնկարահանվի: Այս մասին հայտնել է ամերիկացի պրոդյուսեր Մայքլ դե Լուկան The Hollywood Reporter-ի հետ զրույցում: «Ֆիլմը կլինի սիրո, արիության եւ ԱՄՆ-ում ակտիվիզմի հրատապ թեմաների մասին»,- նշել է նա: Դե Լուկայի խոսքով` ֆիլմը նպատակ ունի ներկայիս երիտասարդությանը ոգեշնչել իր իրավունքները պաշտպանելու գործում: Հատկանշական է, որ Լենոնի 83¬ամյա այրին մասնակցել է ֆիլմի ստեղծմանը: Սցենարը կհեղինակի Էնթոնի Մաքքարթենը: Ֆիլմի թողարկման ժամկետի եւ անվանման վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն բացահայտվում:

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԿՈՒՆԵՆԱՆ
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը` ռեփեր Ջեյ Զին, շուտով կրկնակի ուրախություն են ապրելու: 35-ամյա երգչուհին հղի է, նա երկվորյակ է լույս աշխարհ բերելու: «Շատ ենք ուզում կիսվել մեր երջանկությամբ: Անսահման ուրախ ենք, որ մեր ընտանիքում եւս երկու մարդ է ավելանալու: Բոլորին շնորհակալություն բարեմաղթանքների համար»,- Instagram-ի իր էջում գրել է Բեյոնսեն եւ լուսանկար հրապարակել, որտեղ կեցվածք է ընդունել Agent Provocateur-ից ներքնազգեստով:
Երգչուհուն արդեն հասցրել են այդ առիթով շնորհավորել Ռիհանան, Բրի Լարսոնը եւ Ռիտա Օրան:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն եւ Ջեյ Զին 5-ամյա դուստր ունեն:




Լրահոս