Նախընտրական բախումները հասան Արագածոտնի մարզ. ինչ է տեղի ունեցել Խաչիկ Մանուկյանի և Արագած Ախոյանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն տարբեր ընտրատարածքներում պարբերաբար բախումներ են լինում թեկնածուների միջև: Մասիսում տեղի ունեցած բախումներից դեռ չանցած այժմ էլ լուրեր տարածվեցին, թե ընդհարվել են ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանը և «Ծառուկյան դաշինք»-ի թեկնածու Խաչիկ Մանուկյանը: Մինչ այս էլ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել դաշնակցության կողմնակից ընտրողին:

Եվ այս վերջին երկու միջադեպերը տեղի ունեցան չնայած նրան, որ շաբաթ օրը կայացած հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը ռեյտինգային թեկնածուներին հանձնարարել էր կռիվ-դավի չանել: Փաստորեն, այս ռեյտինգային համակարգը նման հնարավորություն չի տալիս:

Ի վերջո փորձեցինք պարզել, թե ինչ միջադեպ է եղել Արագածոտնի մարզում: ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ եղել է ոչ թե բախում կամ ծեծկռտուք, այլ միայն հեռախոսային տհաճ խոսակցություն: Ըստ մարզում տարածված տեղեկությունների, Խաչիկ Մանուկյանը, ով միայն վերջերս է դուրս եկել ՀՀԿ-ից և առաջադրվել Ծառուկյան դաշինքով,  մասնավոր հանդիպումներում վատաբանել է Արագած Ախոյանին, իսկ այդ լուրերն էլ հասել է վերջինիս: Ախոյանն էլ զանգահարելով Մանուկյանին` զգուշացրել է նման բաներ այլևս չանել, և խոսակցությունն այդպիսով տհաճ բնույթ է ունեցել:

Տեղի ունեցածի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ երկու կողմերից էլ: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Եղել է նման բան, չեմ հերքում: Բայց թեթև խոսակցություն է եղել: Փոքրիկ բան է եղել, բայց այնքան չէ, որ կարելի է դրան անդրադառնալ»:

Զրուցեցինք նաև նախկին ՀՀԿ-ական, ներկայումս «Ծառուկյան դաշինք»-ից առաջադրված թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, ի՞նչ է տեղի ունեցել Ձեր և Արագած Ախոյանի միջև:

– Ոչ մի բան էլ չի եղել:

– Իր հետ խոսակցություն չե՞ք ունեցել:

– Չէ, չեմ տեսել, ոչ էլ խոսել եմ:

– Հեռախոսային խոսակցությո՞ւն էլ չի եղել:

– Հեռախոսով շատերի հետ եմ խոսում, ինչ կապ ունի: Ոչ մի տհաճ խոսակցություն էլ չկա: Թող իրանից բաներ չհնարեն:

– Արագած Ախոյանի մասին այլ վայրերում չե՞ք խոսել:

– Չէ, չէ, չէ: Համենայնդեպս ընտրական պրոցեսի հետ կապված ոչ մի բան չենք խոսել:

– Իսկ Ձեր հարաբերությունները մինչ այժմ ինչպե՞ս էին:

– Շատ լավ է եղել:

-Իսկ Մնացական Մնացականյա՞նի հետ:

– Իմ հարաբերությունները բոլորի հետ լավ են, բոլորի:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ խնդիրներ էին ծագել Խաչիկ Մանուկյանի և Մնացական Մնացականյանի միջև, որի պատճառով վերջիններս նույնիսկ թշնամիներ են դարձել:  Բանն այն է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 15 ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանը ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել էր Մնացական Մնացականյանին, ինչից հետո վերջինս բողոքարկել էր արդյունքները:

Մանուկյանն էլ հրաժարվել էր մանդատից`  իր քայլը այսպես պատճառաբանելով. «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան» :

Ուշագրավն այն է, որ երկրորդ անգամ ևս հաղթեց Խաչիկ Մանուկյանը`այս անգամ չհրաժարվելով մանդատից: Այս դեպքերից հետո նրանց հարաբերությունները շարունակվում են լարված մնալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս