ՀՀ առողջապահության նախարարությունից ArmLur.am-ը տեղեկանում է, որ նախարար Լևոն Ալթունյանն անձնակազմին է ներկայացրել նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` Նելսոն Զուլոյանին: Նախարարը հույս է հայտնել, որ կազամերպչական ունակությունների և կառավարման հմտությունների շնորհիվ Նելսոն Զուլոյանը կկարողանա թիմային աշխատանքը դարձնել առավել արդյունավետ և նորարարական` օգտագործելով առողջապահության նախարարության ողջ ներուժը:
«Ծանոթ լինելով պարոն Զուլոյանի գործունեությանը նախորդ աշխատավայրում` համոզված եմ, որ դա նրան կհաջողվի»,- նշել է Լևոն Ալթունյանը:
Նելսոն Զուլոյանը վստահություն է հայտնել, որ առողջապահության թիմը լավագույնն է դառնալու, և ջանք չի խնայի նախարարության աշխատանքները հանրապետության վարչապետի և նախարարի տեսլականին համահունչ կազմակերպելու համար:
Ստորև ներկայացնում ենք Նելսոն Զուլոյանի կենսագրական տվյալները.
Նելսոն Զուլոյանը ծնվել է 1978 թվականին Վանաձորում:
1991-1996թթ. սովորել է Վենետիկի «Մուրադ-Ռաֆայելյան» վարժարանում, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանը, որտեղ ստացել է սկզբում իրավաբանական, այնուհետև քաղաքագիտական կրթություն:
1996-2007թթ. ընթացքում սովորել և աշխատել է Փարիզում:
2001թ. հիմնադրել և ղեկավարել է «Lori.com» ընկերությունը, որը գործել է կապի և ինֆորմատիկայի ոլորտում:
2003-ից հանդիսացել է «Defster» ամերիկյան խմբի ներկայացուցիչը Եվրոպայում և համակարգել ընկերության ներդրումային գործունեությունը, զբաղվել ծրագրերի մշակմամբ: 2006 թվականից եղել է տարբեր հասարակական կենտրոնների իրավախորհրդատու:
2007-2012թթ. զբաղեցրել է «Euro Future» հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է վերլուծական և խորհրդատվական գործունեությամբ` հիմնականում քաղաքականության, տնտեսական, սոցիալական և ռազմական բնագավառներում:
2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ առաղջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Ամուսնացած է, ունի որդի: