ՖՈՏՈ. «Տիգրան Մե՞ծն էլ է հող հանձնող». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը` Տեր Պետրոսյանին «հող հանձնող» բնորշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանում իրենց ակտիվների հետ հանդիպումից հետո, այսօր անցկացրած իր քարոզարշավը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ավարտեց Աբովյան քաղաքում: Հանդիպումների ժամանակ դաշինքի ներկայացուցիչները հիմնականում անդրադառնում էին իրենց կարգախոսին՝ համարելով այն ամենաուժեղը եւ հավաստիացնում իրենց համակիրներին, որ ընտրություններին մասնակցող ոչ մի քաղաքական ուժ չունի այնպիսի լուրջ ծրագիր, ինչպիսին իրենցն է: Մյուս քաղաքական ուժերի ներկայացրած ծրագիրը դաշինքի անդամները որակում էին ընդամենը խոստումներ:

Դաշինքի կողմից Կոտայքում առաջադրված ռեյտինգային թեկնածու Վիկտոր Միրումյանը, օրինակ, անդրադարձավ նաեւ Լեւոն Տեր Պետրոսյանին «հող հանձնող» բնորոշմանը. «Տիգրան Մեծը նվաճեց 2,5 միլիոն քառակուսի կմ՝ ներկայիս Բրազիլիայի չափ տարածք: Քսանհինգ տարի նվաճածը պահելուց հետո նա Հռոմի եռապետներից մեկի հետ Արտաշատում կնքեց պայմանագիր. պատկերացնո՞ւմ եք նրա փոխզիջումները որքան էին՝2,5 միլիոն քառակուսի կմ…հիմա Տիգրան Մեծը հող հանձնո՞ղ էր, դավաճա՞ն էր»,- նշեց պատագամավորության պատմաբան թեկնածուն: Լեւոն Զուրաբյանն էլ շարունակելով այդ թեման հավելեց. «Հող տվողները նրանք են, ովքեր դեմ են այդ ծրագրին»:

Ի վերջո, դաշինքի խաղաղության ծրագիրը քարոզողները եւ դաշինքի համակիրները հանդիպումը ավարտեցին միմյանց հաջողություն եւ արդյունավետ ընտրություններ ցանկանալով:




Լրահոս