Ընտրական գործընթացները՝ անգործության պատճառ. որ պաշտոնյաներն են արձակուրդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ՀՀ մարզպետարաններում անգործության հերթական շրջանն է: Բանն այն է, որ մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը: Մարզպետարանների ղեկավար կազմերի մի զգալի մասն էլ առաջադրված է որպես թեկնածու եւ ներկայումս գտնվում է արձակուրդում:

Ներկայացնենք պատկերն՝ ըստ մարզերի:

Սկսենք Տավուշի մարզից, որտեղ մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 6-31-ը ներառյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարդան Ալեքսանյանը ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: Բացի նրանից՝ Տավուշի մարզպետարանի կրթության մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն էլ է արձակուրդում գտնվում: Պատճառը ընտրական գործընթացներն են. նա էլ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: Այս պահին դեռ հստակ չէ՝ մարզպետ Հովիկ Աբովյանը գնալո՞ւ է արձակուրդի, թե՞ ոչ:

Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանին նույնպես արձակուրդ է տրամադրվել մարտի 6-31-ը ներառյալ: Վերջինս առաջադրվել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով: Արագածոտնի մարզպետի խորհրդական Սիրամարգ Ղուկասյանը եւս առաջադրվել է ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով եւ այժմ գտնվում է «ընտրական» արձակուրդում: Իսկ Արագածոտնի փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը արձակուրդում է լինելու մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ:

Ի դեպ, Աբգարյանը առաջադրված չէ, բայց նա ՀՀԿ-ական է: Ենթադրվում է, որ վերջինս զբաղվելու է ընտրական գործընթացներով: Իսկ ինչ վերաբերում է դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, տեղեկացանք, որ նա արձակուրդի չի մեկնելու:

Մինչ մյուս մարզպետները աշխատում են, այս ընթացքում Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը գտնվում է արձակուրդում: Հարություն Սարգսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի վրա: Նշենք, որ Վայոց ձորի մարզպետից բացի՝ մարզպետարանի այլ աշխատակից արձակուրդում չի գտնվում:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս արձակուրդում է գտնվելու մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Նրա՝ արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված է փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի վրա: Նշենք, որ Ղահրամանյանը աշխատելու է ՀՀԿ-ի օգտին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ չվճարվող արձակուրդ՝ 2017 թվականի մարտի 6-31-ը ներառյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գաբրիելյանը ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է: Բացի այս՝ ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաեւ Արմավիրի մարզի Բաղրամյանի ՍԱՏԳ-ի առաջատար մասնագետ Ժաննա Թավակալովան: Վերջինս նույնպես արձակուրդում է:
Իր գործընկերների օրինակին է հետեւել նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով նույնպես արձակուրդում է մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ:

Տեղեկացնենք, որ նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: Ի դեպ, Ռաֆիկ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված է փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի վրա: Բացի մարզպետից՝ մարտի 1-ից մինչեւ ապրիլի 4-ը ներառյալ արձակուրդում է գտնվում նաեւ Գեղարքունիքի փոխմարզպետ Արտաշես Նիկոյանը, որը ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է:

Նույն մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը նույնպես արձակուրդում է, քանի որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է որպես թեկնածու:

Ինչ վերաբերում է Արարատի մարզին, ապա այստեղ ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը, ով ստացել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն եւ լրացուցիչ արձակուրդները՝ 2017 թվականի մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Բացի Բաբայանից՝ մարզպետարանի այլ աշխատակից արձակուրդում չէ: Արարատի մարզպետարանից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ դեռ հայտնի չէ՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը մեկնելո՞ւ է արձակուրդ, թե՞ ոչ:

Իսկ ահա Կոտայքի մարզի երեք փոխմարզպետներն էլ այս օրերին արձակուրդում են. նրանցից Կարեն Մարգարյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2017-2018 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ մարտի 6-31-ը ներառյալ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ական Մարգարյանը թեեւ առաջադրված չէ, բայց ակտիվ զբաղվելու է քարոզչական աշխատանքներով: Հետաքրքիր է՝ Մարգարյանը ՀՀԿ-ի քարոզչական աշխատանքներո՞վ է զբաղվելու, թե՞ Ծառուկյան դաշինքի: Չէ՞ որ Կարապետ Գուլոյանը, լինելով Գագիկ Ծառուկյանի փեսան, զբաղեցնում է մարզպետի պաշտոնը եւ կուսակցական պատկանելության հարցում պաշտոնապես կողմնորոշված չէ: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, հայտարարել էր, որ իր որդին ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի աշխատելու ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ ԲՀԿ-ի օգտին: Հետեւաբար հայտնի չէ՝ նրա տեղակալ Կարեն Մարգարյանը աշխատելու է ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի օգտին:

Իսկ մյուս փոխմարզպետ Մուշեղ Մանասյանին տրամադրվել է 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը եւ 2017-2018 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասն ու լրացուցիչ արձակուրդը՝ մարտի 6-ից մինչեւ ապրիլի 7-ը ներառյալ: Նշենք, որ Մանասյանը ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է: Կոտայքի մյուս փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը արձակուրդում է փետրվարի 24-ից մինչեւ ապրիլի 13-ը ներառյալ: Ինչպես հայտնի է՝ նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է:

«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանից տեղեկացավ, որ այս պահին կառույցի 5 աշխատակից գտնվում է արձակուրդում: Պատճառը ընտրական գործընթացներն են: Այսպես՝ մարտի 6-ից արձակուրդում է նորանշանակ փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը: Այսինքն՝ վերջինս փետրվարի 22-ին նշանակվել է փոխմարզպետ եւ այս պաշտոնին աշխատել ընդամենը 8 աշխատանքային օր:

Ինչպես հայտնի է՝ վերջինս ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել: Նա նախկին ՀՀԿ-ական է եւ Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի եղբայրը: Շիրակի մարզպետի խորհրդական Կառլեն Աբրահամյանն էլ է արձակուրդ մեկնել, քանի որ ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը, ով եւս ՀՅԴ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է, այժմ արձակուրդում է:

Իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել եւ նույնպես գտնվում է արձակուրդում: Նույն մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ ՕՐՕ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է:

Եվ վերջում անդրադառնանք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերահսկողությունից գրեթե իսպառ դուրս եկած Սյունիքի մարզին. այստեղ նոր մարզպետ Վահե Հակոբյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ մարտի 6-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ: Նա, ինչպես հայտնի է, ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու է:

Հակոբյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրված է փոխմարզպետ Վարդան Դավթյանի վրա: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի մարզպետից՝ ընտրական գործընթացների հետ կապված արձակուրդ են մեկնելու նաեւ նրա վարորդը՝ Արտյոմ Հարությունյանը, մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը, աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը եւ օգնական Էդուարդ Մսրլյանը:

Հ.Գ. Պետական չինովնիկների այսպիսի թվով առաջադրումների պարագայում, բնականաբար, որեւէ գերատեսչություն չի կարող լիարժեք եւ արդյունավետ գործել, եւ արդյունքում, ինչպես միշտ, տուժելու է պետության եւ քաղաքացու շահը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս