Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուրի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը՝ ժամը 23:15-ին, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ահազանգել էր ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /խուլիգանություն/ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք նաև, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատպարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար եւ վերջերս էր ազատ արձակվել բանտից:
Մանախը միջադեպի մասին
Ապրիլի 1-ին Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ իրականությունը բոլորովին այլ է. «Իրական տուժողը նշված դեպքից Արթուր Այվազյանն է, իսկ զենքը, որը ցուցադրվում է այժմ համացանցում, իրենը չի: Նկատի ունենալով, որ վաղն ընտրություններ են, ես հիմա չեմ ուզում սրանից ավելի մանրամասներ ներկայացնել» :
Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եւ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ:
-Պարո՛ն Ալումյան, ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
-Այն, ինչ Ձեզ ներկայացնում եմ, Արթուր Այվազյանի դիրքորոշումն է: Քարոզչության ժամանակ եռագույնը ընկել է գետնին, եւ «Ելք»-ի անդամներից որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է հողի մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: Այդ հարցի շուրջ «Ելք»-ի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ վեճ է սկսվել: Այվազյանը բացատրել է եւ ասել է, որ այդ տոնով իր հետ չխոսեն… Արթուր Այվազյանը նախ առաջարկել է, որ զանգեն Սասուն Միքայելյանին, որին վաղուց ճանաչում է: Զանգահարել են Սասուն Միքայելյանին, սակայն զանգին պատասխան չի եղել: Ասել է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է ինձ ճանաչում, իրեն էլ զանգահարեք՝ այս կերպ փորձելով հանդարտեցնել այդ տղաներին: Նրանք զանգահարել են Նիկոլ Փաշինյանին, թե ինչ են խոսել, Արթուր Այվազյանին հայտնի չէ, սակայն արդյունքում ավելի ագրեսիվ մոտեցել են ու կռիվ են սկսել: Տղաներից մեկը գնացել, մտել է մեքենայի մեջ, եւ Արթուրը տեսել է, որ նա զենքի նման մի բան է վերցնում: Արթուրի ասելով՝ իր ճակատի վնասվածքը, ամենայն հավանականությամբ, ատրճանակի կոթով խփածի հետեւանք է:
-Այսինքն՝ զենքը մեքենայից հանել է «Ելք» դաշինքի անդա՞մը:
-Արթուրի ասելով՝ այո: Այդ ժամանակ Արթուրը եկել է, որ մեքենայի դուռը բացի, թույլ չտա, որ նա զենքով դուրս գա մեքենայից, բայց այդ տղան մեքենան արագ քշել է, եւ Արթուրի մատները մնացել են մեքենայի բռնիչի մեջ, նա չի կարողացել ազատվել եւ մի քանի մետր մեքենան իրեն ասֆալտով քարշ է տվել, մի կերպ կարողացել է ազատվել, այդ տղաները թողել, հեռացել են: Կրկնում եմ՝ այն, ինչ ներկայացրեցի, սա Արթուր Այվազյանի դիրքորոշումն է: Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը բոլորս լսել ենք: Բայց հիմա հարց է առաջանում՝ եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես որ նկարագրում են, բա ո՞ւր են այդ վիդեոները, ամեն ինչ նկարում են իրենք:
-Իսկ Դուք վստա՞հ եք, որ նկարել են:
-Երկու տարբերակ ունեմ. կա՛մ նկարել են, հիմա ցույց չեն տալիս, կա՛մ էլ չեն նկարել: Իսկ թե ինչո՞ւ չեն նկարել, ամեն ինչ միանգամից նկարում են… Ահագին մարդկանցով են իրենք եղել, երկու մեքենայով:
-Բայց մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Այվազյանը Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հետ խնդիրներ ունի, եւ միգուցե միջադեպը կապված է այս հանգամանքի հետ:
-Ամեն մի երեւակայություն իր սահմանը պետք է ունենա… Փնտրե՛ք նրան, ում սա ձեռնտու էր:
-Տեղեկություններ կան, որ Արթուր Այվազյանի հետ այդ օրը այլ անձինք են եղել:
-Այդպիսի նկարագրություն ես որեւէ տեղ չեմ տեսել:
Տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեն Արթուր Այվազյանի կալանավորման հարցով միջնորդություն է ներկայացրել դատարան, Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ զենքի գործադրման համար:
Քնար Մանուկյան