«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է: Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է հանուն վարչապետ Կարեն Կարապետյանի, որպեսզի երկրորդ անգամ եւս ձայնը տա ՀՀԿ-ին:
«Գիտեք, մի քիչ խմած էի, ու վարչապետի խոսքերից շատ էի ոգեւորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ ՀՀԿ-ին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»,- պատմել է նա, եւ վերջում մեր թղթակցին հարցրել. «Հիմա բան հարցնեմ, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի, որ սենց կլինի: Էլ նման բան չեմ անի»: Ի դեպ, ինչ վերաբերում է կալանավորված ընտրակեղծարարին, ապա նա Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն է, որը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ բոլոր ընտրություններում միշտ աշխատել է ՀՀԿ օգտին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: