Մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների եւ Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկման դատապարտված Արթուր Այվազյանի` Մանախի միջեւ տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր երանգներ է ստանում: Ըստ մեզ հասած լուրերի՝ միջադեպի մասնակից է եղել նաեւ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը (հորեղբոր որդին)` Գոռ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 1-ին, «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ժամը 22:50-ին անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաեւ հանել է ատրճանակը եւ ուղղել իր վրա, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկ Վ.-ի կողմից: Ավելի ուշ իրավապահները ձերբակալեցին Արթուր Այվազյանին:
Հիշեցնենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար:
Տուժողի պատմածը
Միջադեպի մասնակից Հայկ Սարգսյանի ներկայացուցիչ, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ վիճաբանությունը սկսել է այն բանից, երբ քարոզարշավի ժամանակ Արթուր Այվազյանը Հայկ Սարգսյանի մեքենայից վերցրել է եռագույն դրոշը, իսկ երբ Հայկը խնդրել է այն վերադարձնել, Արթուր Այվազյանը պատասխանել է՝ իրավունք չունեք եռագույնով քարոզչություն իրականացնել, ես այն դրել եմ ընկերոջս գերեզմանին:
Ըստ նրա` Արթուր Այվազյանը հանել է ինքնաշեն ատրճանակը, բախտի բերմամբ, նրա կողքին գտնվող Գոռը (ըստ էության, Գոռը իրավապահների կողմից ներկայացված Գառնիկ Վ.-ն է) հարվածել է Արթուր Այվազյանի ձեռքին, գետնին գցել զենքը, ապա վերցրել, եւ Արթուրին չի հաջողվել այն կիրառել:
Տուժողը փորձել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, սակայն Արթուր Այվազյանը պահել է ավտոմեքենայի դուռը, երբ արդեն տուժողի ավտոմեքենան ընթացքի մեջ է գտնվել, Արթուր Այվազյանը չի կարողացել ավտոմեքենայի դռնից երկար կախված մնալ, ընկել է, դեմքով հարվածել ասֆալտին, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք:
Մեղադրյալի խոսքերով
Ի հակադրություն այս ամենի՝ Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ զենքը չի պատկանել Արթուր Այվազյանին: Ըստ Ալումյանի. «Քարոզչության ժամանակ եռագույնը ընկել է գետնին, «Ելք»-ի անդամներից որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել: Այդ ժամանակ Արթուր Այվազյանը մոտակայքում նստած է եղել, մոտեցել է, վերցրել եռագույնը, խրել է հողի մեջ, որ եռագույնը գետնին ընկած չմնա: Այդ հարցի շուրջ «Ելք»-ի անդամների եւ Արթուր Այվազյանի միջեւ վեճ է սկսվել: Այվազյանը բացատրել է եւ ասել, որ այդ տոնով իր հետ չխոսեն… Արթուր Այվազյանը նախ առաջարկել է, որ զանգեն Սասուն Միքայելյանին, որին վաղուց ճանաչում է: Զանգահարել են Սասուն Միքայելյանին, սակայն զանգին պատասխան չի եղել: Ասել է՝ Նիկոլ Փաշինյանն էլ է ինձ ճանաչում, իրեն էլ զանգահարեք՝ այս կերպ փորձելով հանդարտեցնել այդ տղաներին: Նրանք զանգահարել են Նիկոլ Փաշինյանին, թե ինչ են խոսել, Արթուր Այվազյանին հայտնի չէ, սակայն արդյունքում ավելի ագրեսիվ մոտեցել են ու կռիվ են սկսել: Տղաներից մեկը գնացել, մտել է մեքենայի մեջ, եւ Արթուրը տեսել է, որ նա զենքի նման մի բան է վերցնում:
Այդ ժամանակ Արթուրը եկել է, որ մեքենայի դուռը բացի, թույլ չտա, որ նա զենքով դուրս գա մեքենայից, բայց այդ տղան մեքենան արագ քշել է, եւ Արթուրի մատները մնացել են մեքենայի բռնիչի մեջ, նա չի կարողացել ազատվել, եւ մի քանի մետր մեքենան իրեն ասֆալտով քարշ է տվել, մի կերպ կարողացել է ազատվել, այդ տղաները թողել, հեռացել են»:
Մանախը կալանավորվեց
Ինչպես նկատում ենք՝ երկու կողմի ներկայացրած նկարագրությունը հակասում է միմյանց: Այնուամենայնիվ, ապրիլի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացել դատարան՝ Արթուր Այվազյանին կալանավորման մասով, եւ ահա երեկ տեղեկացանք, որ Արթուր Այվազյանը կալանավորվել է: Սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ բողոքարկելու է կալանքի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում:
Նոր մանրամասներ
Այս գործով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ լուրեր են հասել, որ դեպքի օրը Արթուր Այվազյանի հետ են եղել եւս 4 անձ, որոնցից մեկը եղել է Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը` Գոռ Հարությունյանը: Ասել է, թե Մանախը այդ օրը «Ելք»-ի անդամների հետ վիճելու ժամանակ մենակ չի եղել: Լուրեր կան, որ Արթուր Այվազյանը, մոտենալով «Ելք» դաշինքի անդամների մեքենային, ցանկացել է ամեն գնով վերցնել ատրճանակը, որը իրեն չի պատկանել, այլ պատկանել է իր հետ նշված վայրում գտնվող Գոռ Հարությունյանին: Գոռը Մանախի մորաքրոջ որդին է:
Այստեղ հարց է առաջանում՝ ինչու են իրավապահները գաղտնի պահում Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները: Լուրեր կան, որ այս հանգամանքը կապված է Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնով: Ասել է, թե դատախազը ուզում է եղբորը «միջադեպից մաքրել տալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղել է Մանախի հետ, եւ, առհասարակ, ճիշտ են այն տեղեկությունները, որ իր միջամտության արդյունքում փորձում են Գոռին գործից «մաքուր դուրս բերել», ինչին ի պատասխան՝ Վազգեն Հարությունյանն ասաց.«Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ: Եթե այլ հարցեր ունեք, դիմե՛ք դատախազության հանրային կապերին»:
-Այսինքն՝ Դուք տեղյակ չե՞ք, Գոռը չի՞ եղել այդ միջադեպի մասնակից:
-Ես ինչ պետք է իմանամ, ես բնակվում եմ Կապան քաղաքում:
-Դուք որեւէ միջամտություն չե՞ք արել Գոռ Հարությունյանի մասով, որպեսզի նրա անունը այս գործից մաքրեք:
-Իհարկե ոչ, անգամ չգիտեմ՝ ով է Մանախը, ես կրկնում եմ՝ բնակվում եմ Կապան քաղաքում, որեւիցե բանից տեղյակ չեմ, որեւէ միջամտություն էլ առհասարակ չեմ ցուցաբերում:
-Գոռին վերջին անգամ ե՞րբ եք տեսել:
-Խնդրում եմ՝ այլ հարցերով դիմեք դատախազության հանրային կապերի բաժին:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Գոռ Հարությունյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մարզի դատախազի ազգականը՝ Գոռ Հարությունյանը, 2013 թվականին ապօրինի զենքի մասով հարուցված քրեական գործով ազատազրկման է դատապարտված եղել եւ պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԵՏԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ
Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի անվտանգության պետի եւ ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցած կաշառքի գործով վճիռը հրապարակվեց: Դատարանը սահմանափակվեց՝ ամբաստանյալների նկատմամբ միայն տուգանք սահմանելով:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել: Պարզվել է, որ համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը եւ նույն համալսարանի ուսանող Հարություն Խոստիկյան՝ տեղեկանալով, որ իրենց ծանոթ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սերյոժա Հովսեփյանը չի կարողանում ստանալ ախտաֆիզիոլոգիա, դեղագիտություն, ախտաբանական անատոմիա, մանրէաբանություն եւ օպերատիվ վիրաբուժություն առարկաների քննությունները, որոշել են «օգնել» նրան:
Հարություն Խոստիկյանն ասել էր, որ «կօգնի» 1 միլիոն 436 հազար 910 դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար ստանալու պայմանով: Ու չնայած համալսարանի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը խոստացել էր գումարը ստանալուց հետո լուծել ուսանողի խնդիրը, սակայն վերցնելուց հետո որեւէ քայլ չէր ձեռնարկել: Ու թերեւս հենց այս պատճառով ԱԱԾ-ի կողմից բացահայտվեց այս դեպքը: Ինչպես կաշառք տվող Սերյոժա Հովսեփյանը, այնպես էլ միջնորդող Հարություն Խոստիկյանն ու պահանջող Վանիկ Գինոսյանը հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում:
Արդյունքում Վանիկ Գինոսյանին եւ Հարություն Խոստիկյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34` հանցափորձ, 313-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական կեղծիք, իսկ Սերյոժա Հովսեփյանին` 34՝ հանցափորձ եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ: Գինոսյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել, իսկ մյուս երկուսի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին:
Քրեական այս գործը քննվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, եւ մինչ դատական քննությունը սկսելը ամբաստանյալներ Վանիկ Գինոսյանը, Հարություն Խոստիկյանը եւ Սերյոժա Հովսեփյանը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են իրենց պաշտպանների հետ, առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում լիովին:
Այսպիսով՝ մարտի 31-ին դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց վճիռը, եւ Վանիկ Գինոսյանի, Հարություն Խոստիկյանի նկատմամբ պատիժ նշանակվեց՝ տուգանք 200 հազար դրամի չափով, իսկ ահա Սերյոժա Հովսեփյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի` հանցափորձ, եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալ, եւ ազատազրկման դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՂԾԱՐԱՐ ՈՍՏԻԿԱՆԸ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով ոստիկանության նախկին աշխատակից Գեւորգ Պապյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության աշխատակիցը դիտավորությամբ կազմել է կեղծ պաշտոնեական փաստաթուղթ եւ այն դրել շրջանառության մեջ: Պարզվել է, որ Գ. Պապյանը 2014թ.-ի ընթացքում մասնակցել է ոստիկանության կրթահամալիրում անցկացված վերապատրաստման դասընթացին, սակայն մինչ այդ Տավուշի մարզային վարչության կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Լուիզա Մատինյանն ի պաշտոնե պարտավոր է եղել օրենքով սահմանված կարգով, վերապատրաստման նպատակով պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր կնքել Գ. Պապյանի հետ, ինչը չի կատարել: Հետագայում իր ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու պատրանք ստեղծելով՝ կազմել է հիշյալ պայմանագիրը եւ նրանում կեղծելով Գ. Պապյանի ստորագրությունը՝ այն վերջինիս անձնական գործին կցելու եղանակով դրել շրջանառության մեջ: Գ. Պապյանը կեղծիքը նկատել է, երբ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը քաղաքացիական հայց է ներկայացրել նույն մարզի ընդհանուր իրավասության դատարան` վերապատրաստման ընթացքում կատարված ծախսերն իրենից բռնագանձելու պահանջով: Այսպիսով՝ Լուիզա Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասերով:
900 ԿՐԱԿՈՑ
Ապրիլի 4-ին եւ լույս 5-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (10 արկ):