Ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին անմիջապես հաջորդող Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստությունը, կարծես թե, երկրորդ պլան մղեց Աժ ընտրությունների արդյունքների լիարժեք վերլուծությունը: Մասնավորապես, այդպես էլ չքննարկվեց այն, թե ինչպես եղավ, որ ՀՀ-ում հստակ արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժն այդքան քիչ քվե ստացավ:
Դեռեւս 2013թ-ին, երբ քննարկվում էր Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցը, եւ իշխանությունները ցանկանում էին համոզել, որ մեր հանրության զգալի մասը երազում է ընդգրկվել եվրասիական այդ կառույցին, ներկայացվում էին անցկացված սոցիոլոգիական հարցումների տվյալներ, որոնց համաձայն՝ արեւմտամետ էր Հայաստանի բնակչության 34 տոկոսը:
Ասել, որ հաջորդող տարիներին ՀՀ քաղաքացիներն այնպիսի մի գոհունակության մեջ հայտնվեցին ԵՏՄ-ի տված պտուղներից, որ այեւս դադարեցին նայել Եվրամիության կողմը, մեղծ ասած իրականությունից հեռու կլինի: Եթե չասենք, որ տեղի ունեցավ հակառակը. ԵՏՄ-ին անդամակցությունից հետո է՛լ ավելի վատթարացած տնտեսական ցուցանիշները, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարցում գրանցված ետընթացը եւ, ամենակարեւորը, ապրիլյան պատերազմը, որի ընթացքում առավել ակնհայտ դարձավ, որ ԵՏՄ-ում ՀՀ-ի, այսպես կոչված, դաշնակիցները ավելի շատ մեր թշնամու շահերն են պաշտպանում, ահա այս ամենից հետո անգամ ավանդաբար ռուսամետ շերտերը սկսեցին մտածել, որ ՀՀ-ի ապագան այլ կլիներ, եթե մենք ԵՄ հետ առավել սերտ ինտեգրվեինք:
Եվ ուրեմն, որն է պատճառը, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություներում ԵՏՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ ինտեգրացիայի կողմնակից «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավաքեց 1 տոկոսից էլ քիչ քվե: Արդյոք ՀՀ-ում հենց այդքան՝ 1 տոկոս մարդ է կողմ այդ գաղափարներին: Եթե ոչ, ինչու, ուրեմն, եղավ նման արդյունք: Այս հարցին միանշանակ պատասխան տալն, իհարկե, բարդ է: Սակայն տարբերակներից մեկը, ընդ որում առավել հավանականը, այն է, որ պրոարեւմտյան ակտիվ մասսան, որն այնքան սիրում է իր առաջադեմ գաղափարները տարածել ֆեյսբուքում, այդպես էլ դուրս չեկավ այդ վիրտուալ տիրույթից եւ ռեալ քայլ չարեց իր գաղափարների կյանքի կոչման ուղղությամբ:
Ընտրություններին մասնակցելու եւ «Ազատ դեմոկրատների» օգտին քվեարկելու փոխարեն՝ բոցաշունչ ստատուսներ գրող այդ շերտի համար ֆեյսբուքը դարձավ նպատակ ու արդարացում: Եթե այլ երկրներում վերջին տարիներին սոցիալական ցանցերը դարձել են պայքարի ծավալման եւ համակարգման գործիք /ինչպես, օրինակ, Լիբիայում, Թունիսում, Եգիպտոսում, Ուկրաինայում/, ապա ՀՀ-ում Ֆեյսբուքը դարձել է վիրտուալ ճահիճ, որտեղ գործելու կոչեր անող եւ բոլորին քննադատող ստատուսագիրները ինքնադրսեւորվում-ինքնաբավարարվում են՝ այդպես էլ չնկատելով, որ վիրտուալ այդ գաղջի մեջ մաշեցնում են իրական գործողությունների իրենց կամքն ու կարողությունը: