Ժողովրդագրական նման պայմաններում, երբ նվազում է բնակչության թիվը, ինչպե՞ս է ՀՀԿ-ն իրագործելու «Ազգ-բանակ» ծրագիրն առանց ազգի. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդագրական վիճակն արդեն ոչ թե մտահոգիչ է, այլ պարզապես սպառնում է երկրի ազգային անվտանգությանը: Այդ մասին ահազանգում են անգամ մասնագետները: Մասնավորապես երեկ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ Հայաստանի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ են ներկայացվել, ըստ որոնց՝ վերջին 25 տարիներին ծնելիության ցուցանիշը նվազել է 2 անգամ, վերարտադրության բնական աճը՝ պակասել 5 անգամ: Երկրից հիմնականում արտագաղթում է միջնակարգ եւ բարձրագույն կրթությամբ, աշխատունակ տարիքի բնակչությունը, արդյունքում աճել է 60 տարեկանից ավել բնակչության տեսակարար կշիռը, ինչն էլ անխուսափելիորեն բերելու է սոցիալ-տնտեսական խնդիրների: Ընդ որում, հիմնական արտագաղթը սահմանամերձ շրջաններից է, որտեղից մարդիկ պարզապես փախչում են:

Դա երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ. ըստ ԱՎԾ տվյալների՝ Լոռու մարզի բնակչությունը մեկ տարվա ընթացքում պակասել է 3.9 հազարով, նույնքան պակասել է Շիրակի մարզի բնակչությունը, մոտ հազարով` Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի բնակչությունը, եւ այսպես շարունակ: Իսկ ընդհանրապես ՀՀ մշտական բնակչության թվաքանակը եթե 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 998.6 հազար հոգի, ապա այս տարի հասել է 2 մլն 986.1 հազարի:
Բայց Հայաստանի ժողովրդագրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար անգամ այս տվյալները մեջբերելու կարիք չկա. բավական է հետեւել դեպի Ռուսաստան իրականացվող ուղեւորափոխադրումներին. երկրից հեռանում են ընտանիքներով, հեռանում են դառնացած` չվերադառնալու հեռանկարով: Բավական է խոսել սպասարկման ոլորտի աշխատակիցների` խանութպանների, տաքսու վարորդների, վարսավիրների հետ, եւ նրանք լավագույնս կպատմեն, թե որքան է նվազել իրենց հաճախորդների քանակը:

Պատճառների մասին շատ է խոսվել` սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, արդարադատության բացակայություն, երկրի հեռանկարի հանդեպ վստահության իսպառ բացակայություն եւ, վերջապես, ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով ամեն րոպե պատերազմի վերսկսման վտանգ: Ու չնայած աղետալի ցուցանիշներին՝ իշխանությունները որեւէ քայլ չեն անում իրավիճակը շտկելու ուղղությամբ, անգամ չեն խոսում այս մասին, կարծես նման խնդիր չկա: Փոխարենը իշխանությունը զբաղված է իր հետագա պաշտոնավարումը հնարավորինս երկարաձգելու «սրբազան» գործով` մսխելով վերջին ռեսուրսներն ու անխնա քամելով երկիրը: Մի բան էլ` իշխող ՀՀԿ-ն շրջանառության մեջ է դրել «Ազգ-բանակ» գաղափարը: Միայն թե հետաքրքիր է` ժողովրդագրական նման պայմաններում, երբ նվազում է բնակչության թիվը, ինչպե՞ս է ՀՀԿ-ն իրագործելու «Ազգ-բանակ» ծրագիրն առանց ազգի:




Լրահոս