Ընտրյալս շոու-բիզնեսից չէ, ես հանգստություն եմ փնտրում. Վլադիմիր Բարխոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Վլադիմիր Բարխոյանը քրոջից` Մարգարիտայից, հեղինակային նոր երգ է նվեր ստացել եւ պատարստվում է առաջիկայում այն ներկայացնել հանրությանը: «Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, թե Վլադիմիրը, կարծես, կարողանում է իրեն «շռայլություն» թույլ տալ եւ երգարվեստին որպես հոբբի վերաբերվել, վերջինս պատասխանեց. «Կարելի է եւ այդպես ասել: Ամեն դեպքում, ո՛չ ես, ո՛չ քույրս երբեք շուկայի պահանջի ետեւից չգնացինք, փորձեցինք ներկայացնել այն, ինչ մեր հոգուց է բխում: Թեպետ ես էլ եմ 6/8 չափի երգ երգել, հիմա էլ հաճախ միջոցառումների ժամանակ կատարում եմ այն, բայց փորձում եմ չհեռանալ նաեւ դասական երգեցողությունից, որը համարում եմ իմը»:

Մենք հետաքրքրվեցինք` Վլադիմիրն ավելի ակտիվ կերպով դասական երգեցողության ոլորտում դրսեւորվելու նպատակ ունի՞. «Երեւի թե ոչ: Ցավոք, դասական երգարվեստն ավելի շատ գնահատվում է դրսում: Եթե ես պետք է մեր օպերային թատրոնում ներկայանամ, չեմ ուզի, քանի որ ակտիվ կյանքի սիրահար եմ, միայն այդ գործունեությամբ չեմ կարող սահմանափակվել, բայց եթե արտերկրից հետաքրքիր առաջարկներ ստանամ, միանշանակ կընդունեմ. դրսում կլասիկ երգարվեստի ներկայացուցիչների առջեւ շատ դռներ են բացվում, դրսեւորվելու արենան բավական լայն է»,-մեկնաբանեց երգիչը:

Մենք մի փոքր խոսեցինք նաեւ Վլադիմիրի անձնական կյանքից: Վերջինս նշեց, որ ընտրյալ ունի, որը, սակայն շոու-բիզնեսի, երգարվեստի հետ որեւէ կապ չունի. «Մեր ասպարեզի մարդիկ մի քիչ խենթ ու խելառ են լինում, իսկ ես հանգստություն եմ փնտրում: Թող ընտանիքից միայն մեկը երգող լինի: Երբ ամուսիններից երկուսն էլ արվեստի բնագավառից են լինում, հաճախ մի պայթյուն լինում է( ծիծաղում է)»,-ասաց նա:

Հարցին` առաջիկայում կարգավիճակի փոփոխություն սպասենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդ առումով չեմ շտապում, փորձում եմ ինքս ղեկավարել իմ կյանքը` հայավարի հասարակական կարծիքին չտրվելով: Նույնիսկ ծնողներս անձնականիս հետ կապված հարցերին չեն միջամտում: Այնպես որ, ամեն բան` իր ժամանակին»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս