Ովքե՞ր են փոթորկում Թրամփի անդորրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր` հընթացս Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի գործունեությանը, քաղաքական կյանքն այս երկրում կմտներ տրամաբանական զարգացման շրջափուլ: Սակայն մինչ օրս սկանդալների պակաս չի զգացվել, եւ նոր բացահայտումները ամերիկյան մամուլում շարունակվում են: Այս անգամ դրանք վերաբերում են նախագահի ավագ խորհրդական փեսային` Ջարեդ Քուշներին: Ըստ ամերիկյան մամուլի` վերջինս նույնպես թաթախված է «ռուսական հետքի» սկանդալում:

Թրամփի հաղթանակը կարծես հանգիստ չի տալիս ինչ-ինչ շրջանակների, որոնք նոյեմբերի 8-ից ի վեր ջանք չեն խնայում ապացուցելու նրա եւ ռուսական շրջանակների միջեւ առկա գաղտնի կապերը: Մինչ օրս, սակայն, որեւէ իրական ապացույց չի հրապարակվել: Մինչդեռ Թրամփի վարչակազմի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի մասին ամերիկյան պարբերականները բազմաթիվ հոդվածներ են հեղինակել` մատնացույց անելով գաղտնի կապերն ու հարաբերությունները ռուսական դիվանագիտական, քաղաքական եւ նույնիսկ հատուկ ծառայությունների հետ:

Այդ հրապարակումները հանգեցրին նախագահի անվտանգության գծով արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականին, լարվածություն առաջացրին ՀԴԲ-ի ու ԱՄՆ արդարադատության նախարարության միջեւ, ստիպեցին նախագահին ազատել ՀԴԲ-ի ղեկավարին եւ վերջապես ամեն օր փոթորկում են Թրամփի անդորրը: Այս անգամ արդեն հերթը բաժին է հասել նախագահի փեսա Քուշներին, որը օրեր առաջ Սաուդյան Արաբիայում հսկայական հաջողության էր հասել` բազմամիլիարդանոց պայմանագիր կնքելով:

Washington Post-ը օրերս տեղեկություններ հրապարակեց, որոնց համաձայն` Քուշները 2016թ. դեկտեմբերին հանդիպել էր ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակին եւ առաջարկել Կրեմլի ու Թրամփի թիմի միջեւ հաստատել անվտանգ ու գաղտնի հեռահաղորդակցական կապ` ազատորեն շփվելու ու տեղեկատվական արտահոսքերը կանխելու միտումով: Ըստ լրատվականի` Քուշներն առաջարկել է դրա համար օգտագործել ռուսական դիվանագիտական հնարավորությունները: Թեպետ, ըստ աղբյուրների, նման կապ չի ստեղծվել, սակայն Քուշների շուրջ ստեղծված իրավիճակը դրանից չի փոխվում:

Նկատենք, որ նախագահականը պաշտպանել է Քուշներին` հայտարարելով, որ գաղտնի ու անվտանգ կապի հաստատումը միտված է եղել կանխելու համար անհարկի արտահոսքերը, ինչպես նաեւ ապահովելու դիվանագիտական խոսակցությունների առավելագույն արդյունավետությունը: Առաջին հայացքից լիովին օրինաչափ այս մեկնաբանությունը խորքային իմաստով կաղում է, քանզի նման կապի հաստատումը ոչ թե կանխելու էր արտահոսքերը, այլ պարզապես խաթարելու էր ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը: Եվ ապա Թրամփը դեռեւս չէր ստանձնել նախագահական լիազորությունները եւ գուցե երբեք էլ չստանձներ, ուստի Ռուսաստանի հետ նման կապ ունենալու պատճառ, ըստ էության, չպետք է ունենար:

Ի՞նչ գործ ուներ Թրամփը Սիրիայի եւ այլ հարցերով Կրեմլի հետ քննարկումներ անցկացնելու հետ, երբ դեռ մեկ ամիս նախագահի պարտականություններն իրականացնում էր Բարաք Օբաման: Տրամաբանական է, որ Թրամփի կողմնակիցները չէին ցանկանում, որ իրենց եւ ռուսների խոսակցությունների մասին տեղեկանային ամերիկյան հետախուզական ծառայություններն ու նախագահ Օբաման: Միաժամանակ քանի դեռ նախագահական լիազորություններին տիրապետում էր Օբաման, Թրամփի թիմի որեւէ ներկայացուցիչ իրավունք չուներ առանց Սպիտակ տան հատուկ թույլտվության կամ համաձայնության, նման հարաբերությունների մեջ գտնվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ:

Մասնագետները մեկնաբանում են, որ դեռ պաշտոնեական դիրք չունեցող Քուշները կարող էր օգտագործվել օտարերկրյա ծառայությունների կողմից` թեկուզ անգիտակցաբար գաղտնի տեղեկություններ փոխանցելով նրանց: Ի վերջո, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ պիտի Թրամփի թիմը օգտագործեր ԱՄՆ հակառակորդ Ռուսաստանի դիվանագիտական ծառայության հնարավորությունները, երբ նման հարցով առաջին հերթին պիտի դիմեր հենց ամերիկյան պատկան մարմիններին կամ նախագահին:

Թրամփի վարչակազմին հարող շրջանակները պատմական էքսկուրսներ են կատարում եւ հիշեցնում, թե ինչպես էր Ֆ. Ռուզվելտը գաղտնի կապ պահպանում Չերչիլի հետ, Քիսսինջերը` ՌԴ դեսպան Դոբրինինի հետ, Օբամայի վարչակազմը` Կուբայի դիվանագիտական շրջանակների եւ այլն: Սակայն բաց է մնում ամենակարեւոր հարցը` չէ՞ որ դրանք բոլորն էլ իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ են եղել եւ, ըստ էության, նման գործելակերպի իրավասություն ունեցող: Մինչդեռ Քուշների առաջարկը միտված է եղել ամերիկյան հատուկ ծառայություններից գաղտնի կապի ստեղծմանը` տեղեկատվությունը ամերիկյան իշխանություններից թաքցնելուն: Այս հանգամանքը իրապես բարդացնում է Քուշների դրությունը, եւ արդեն իսկ պահանջներ են հնչեցվում նրան հարցաքննության կանչել Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում:

Անշուշտ, սա չի նշանակում, որ Քուշները անխուսափելիորեն հրաժեշտ կտա իր պաշտոնին, հատկապես, որ Թրամփը հրապարակել է իր անվերապահ աջակցության մասին: Բայց եւ այնպես, նախագահի փեսան մտահոգվելու լուրջ տեղ ունի, քանզի այսուհետ նրա յուրաքանչյուր քայլը գտնվելու է մամուլի խիստ հայացքի ներքո, իսկ դեմոկրատները Թրամփի դեմ պայքարում կարող են օգտագործել նրան որպես թուլություն ցույց տված օղակի: Որքան էլ Թրամփն ու նրա թիմը ձեւացնեն, թե մամուլի կարծիքը իրենց չի հետաքրքրում, հասարակական կարծիքի հետ հաշվի չնստել չեն կարող, որն էլ, ի դեպ, որոշակիորեն ձեւավորվում է հենց լրատվականների ինտոնացիայով:

ԱՄՆ-ն Հայաստանը չէ, որտեղ ամենաաղմկալի հանցագործությունն իսկ գործնական հետեւանք չի ունենում: Այդ երկրում նույնիսկ մի անմեղ պատահականությունն է ամենավերին էշելոնների չինովնիկների պաշտոնանկությունն արժենում, էլ չասած՝ պետական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին:

Ն.Հովսեփյան




Լրահոս