ԱՄՆ-ում չի դադարում Թրամփի և լրատվական դաշտի միջև ընթացող պատերազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում չի դադարում Թրամփի եւ լրատվական դաշտի միջեւ ընթացող պատերազմը, եւ պատճառներից մեկն էլ այն է, որ ամենշաբաթյա ռեժիմով նախագահի շրջապատից որեւէ մեկը հայտնվում է սկանդալային բացահայտումների թիրախում: Լրատվական հարթակի ու իշխանության ջրերը մեկ առվով չեն հոսում ոչ մի դեմոկրատական երկրում, սակայն միմյանց հանդեպ հարգանքն ու հանդուրժողականությունը անպակաս է: Թրամփի ընտրությամբ ԱՄՆ-ում իրավիճակը շեշտակիորեն փոխվել է:

Թրամփի անհատականությունն ինքնին հրաշալի առիթ է, որ ամերիկյան լրատվականները ամենօրյա ռեժիմով տեղեկատվական սկանդալային նյութեր հրապարակեն: Եվ եթե դրան հավելում ենք նրա շրջապատի ներկայացուցիչների գործունեության ընթացքում հանդիպող բացթողումները, պատկերն ավելի ամբողջական է դառնում: Ավելին` նոր թափ է ստանում նախագահի ու նրա շրջապատի` Ռուսաստանի հետ ունեցած գաղտնի հարաբերությունների թեման եւ այդ առթիվ կազմակերպված հսկայական արտահոսքերը, որոնք անարգել տպագրվում են ամերիկյան մամուլում:

Թրամփը բազմիցս բարձրաձայնել է նման արտահոսքեր թույլ չտալու կարեւորությունը, սակայն նույնիսկ ՀԴԲ-ի «անվստահելի» ղեկավարի պաշտոնազրկությունը չկանխեց, որ նախագահի վարչակազմը նոր դժվարությունների բախվի այս հարցում: Ամերիկյան մամուլը շարունակում է ստանալ գաղտնի տեղեկություններ, մշակել ու հանրության դատին հանձնել դրանք` դժոխային իրավիճակի առաջ կանգնեցնելով նախագահական վարչակազմին:

Իրավիճակն այն աստիճան է խառնափնթորության վերածվել, որ Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է, որ այլեւս չի պատասխանելու «ռուսական հետքի» մասին հրապարակումների առթիվ ծագած հարցերին: Բայց եւ այնպես, որքան էլ նախագահականը ջայլամի քաղաքականություն վարի, դրանից իրավիճակի դրամատիզմը չի մեղմվում: Ի վերջո, Թրամփը հայտնի է թվիթերում իր գրառումներով, որոնք հիմնականում վերաբերում են այդօրինակ սկանդալներին պատասխանելուն: Ապա, եթե հրապարակված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը կամ էլ նույնիսկ շշմեցնող են, Սպիտակ տունը անկարող կլինի արհամարհել դրանք:

Թրամփը արդեն իսկ հայտարարել է, որ արտահոսքերի մեծամասնությունն իրականության հետ կապ չունեն եւ արդյունքն են «կեղծ լրատվամիջոցների» անհեթեթ մտահղացումների: Սակայն Թրամփը այն ճշմարտախոսի հեղինակությունը չունի, որի խոսքին կարելի կլիներ անվերապահորեն հավատալ: Դեռ նախընտրական շրջանում էին վերլուծվում նրա պնդումները, որոնց ճնշող մեծամասնությունը փաստական աղավաղումներ էին: Ենթադրելի է, որ տեղեկատվական արտահոսքերը իրականացնում են կա՛մ նախագահի հակառակորդները` նրան վնասելու համար, կա՛մ էլ կառավարությունում աշխատող պարկեշտ մարդիկ, որոնք ցանկանում են հանրությանը տեղյակ պահել կուլիսներում ընթացող ապօրինությունների մասին:

Ինչն էլ լինի տեղեկատվական արտահոսքերի պատճառը, դրանով է՛լ ավելի է կարեւորվում ազատ մամուլի դերը: Երբ երկրում գոյություն ունեն լրատվամիջոցներ, որոնք գործադիր իշխանության խաղալիքը չեն, դրանից միանշանակորեն շահում է պետությունը: Բայց եւ այնպես, մի շարք լրատվականներ մտահոգիչ տեղեկություններ են տարածում, որոնց համաձայն` ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդեն իսկ թույլտվություն է ստացել ԱՄՆ արտաքին հետախուզական դատարանից, ըստ որի` հետախուզական աշխատանքներ պիտի կատարվեն նախագահականից արտահոսած տեղեկություններ ստացած լրագրողների նկատմամբ:

Նշվում է, որ թիրախը ոչ թե լրագրողներն են, այլ արտահոսքերի հեղինակները: Թեպետ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն դա միանշանակորեն կարող է սահմանափակել լրատվական դաշտի ազատությունը: Ի դեպ, ԱՄՆ-ում գործադիրը քանիցս փորձել է ճնշել չորրորդ իշխանությանը, սակայն դատական կայացած համակարգը դա թույլ չի տվել:

Այսպես, օրինակ, 1971թ. New York Times-ում հրապարակվեցին «Պենտագոնի թղթերը», որոնք գաղտնի տեղեկություններ էին բացահայտում, թե ինչու էր ԱՄՆ-ն ներքաշվել Վիետնամի պատերազմում, եւ ինչպես էին նախագահական վարչակազմերը կեղծ տեղեկություններ մատուցել հանրությանը: Սպիտակ տունը դատի էր տվել պարբերականին, սակայն ԱՄՆ գերագույն դատարանը վճռել էր, որ լրատվականն ազատ էր իր հրապարակումներում, եւ որ միայն ազատ ու չսահմանափակվող մամուլը կարող էր արդյունավետորեն պայքարել կառավարության թույլ տված խախտումների դեմ:

Այս եւ մի շարք այլ դեպքեր ցույց են տալիս, որ անկախ դատական համակարգի զորակցությամբ մամուլը կարող է հավասարակշռող ազդեցություն ունենալ իշխանության նկատմամբ, եւ եթե ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը փորձի ավելի առաջ գնալ լրագրողների դեմ իր պայքարում, նրան կկասեցնեն կայացած պետական ինստիտուտներն ու արդարադատության համակարգը:

Նման «վտանգ», «բարեբախտաբար», Հայաստանին չի սպառնում, որտեղ Սերժ Սարգսյանի իշխանությունը գրեթե ամբողջապես տնօրինում է լրատվական դաշտը: Սարգսյանի թշնամանքը ԶԼՄ-ների նկատմամբ գալիս է դեռ 1990-ականներից, երբ նա դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին իր մասին արված մի հրապարակման առթիվ: Իսկ արդեն 2000-ականներին ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ նա ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների առաջ տրտնջում էր, որ որոշ լրագրողներ իր մասին սուտ տեղեկություններ են հրապարակում, եւ հարցնում էր, թե ինչպե՞ս պիտի ինքը վարվեր իր բարի համբավն այդօրինակ կերպով ոտնահարողի հետ:

Սարգսյանը հայտնել էր, որ ինքը կարող էր հաստավիզներ ուղարկել լրագրողի տուն ու պատժել նրան, բայց նման բան չի արել, քանի որ դա բոլոր սահմաններից դուրս կլիներ: Աստիճանաբար Սարգսյանը հասկացավ, որ ԶԼՄ-ների դեմ պայքարում բանդաները կարելի է փոխարինել ավելի փափուկ մեթոդներով, ինչպես, օրինակ, ֆինանսական տարաբնույթ լծակներով հարմարվողներին բերել իր դաշտ, իսկ առավել ըմբոստներին դուրս մղել ասպարեզից՝ ֆինանսապես խեղճացնելով:

Նկատենք, որ եթե հեռուստաընկերությունների պարագայում Սարգսյանի իշխանությունը անվերապահ տերուտիրական է, ապա կայքերի ու տպագիր մամուլի դեպքում դեռեւս գոյություն ունեն որոշակի օազիսներ, որոնց գոյությունը վերածվում է կենսական անհրաժեշտության, առավել եւս որ արդարադատական համակարգ գոյություն չունի:

Ն. Հովսեփյան




Լրահոս