Այս կիրակի համայնքի ղեկավարի ընտրություններ են. որտեղ թեժ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հայաստանի 5 մարզերի 9 գյուղերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Իսկ առաջադրված թեկնածուները հիմնականում համայնքի գործող ղեկավարներն են: Օրինակ՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում գործող գյուղապետը պետք է պայքարեր գյուղի դպրոցի պահակի հետ, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել:

Նույն մարզի Սաղմոսավան գյուղում գյուղապետի պայքարն ընթանալու է հիմնականում դաշնակցական եւ ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ, բայց նրանք ունեն նաեւ մեկ այլ՝  անկուսակցական մրցակից: Իսկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետը, որի մրցակիցն է ԲՀԿ-ական թեկնածուն: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում էլ են ընտրությունները թեժ անցնելու, որովհետեւ առաջադրված են երեք թեկնածու:

Բայց ավելի թեժ ընտրությունները կանցնեն Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, որտեղ պայքարի են դուրս եկել նախկին եւ գործող քաղաքապետերը: Կոտայքի մյուս համայնքում՝ Պռոշյանում, առաջադրվել էին երեք թեկնածու, որից մեկն ինքնաբացարկ է հայտարարել: Գյուղապետի ընտրություններ տեղի են ունենալու նաեւ Շիրակի մարզի Բայանդուր, Կարմրաքար եւ Հովիտ գյուղերում. Բայանդուրում եւ Կարմրաքարում միակ թեկնածուները գործող ՀՀԿ-ական գյուղապետերն են: Իսկ Հովիտում գործող ՀՀԿ-ական գյուղապետը կպայքարի ՀՀԿ-ական հողագործի հետ:




Լրահոս