«Որոտան-7» փոքր հիդրոէլեկտրոկայանը շահագործող «ՀԳՆՔ Գրուպ» ընկերությունը երկրորդ անգամ հայտնվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԾԿՀ-ն անցած տարվա օգոստոսի 24-ի որոշմամբ` ընկերությունը տուգանվել է մեկ միլիոն դրամ գումարի չափով: Պատճառն այն է, որ ընկերությունը «Որոտան-7» ՓՀԷԿ-ում էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով տրամադրված լիցենզիայի պայմանների 6-րդ, 16-րդ եւ 28-րդ կետերը խախտել է:
Սակայն պարզվել է, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ընկերությունը դարձյալ գերազանցել է կայանի հաշվարկային հզորությունը:
Արդյունքում այս տարվա հունիսի 30-ից ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Ապա` ընկերությունը այս տարվա հուլիսի 6-ի գրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտնել է, որ Կայանի հաշվարկային հզորության գերազանցումը պայմանավորված է եղել տեղակայված լրացուցիչ հիդրոագրեգատների ոչ լիարժեք հզորությամբ աշխատելու հետեւանքների վերացման համար հիդրոագրեգատներ արտադրող կազմակերպության ներկայացուցիչների հետ կատարված փորձարկումներով:
Ինչին ի պատասխան` ՀԾԿՀ-ն պնդում է, որ ընկերությունը պարտավոր է Հանձնաժողովին անմիջապես հայտնել այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրել են լիցենզիայի պայմանների խախտումների: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում կայացրեց լիցենզիայի պայմանների խախտման համար ընկերությանը տուգանել եւս մեկ միլիոն դրամ գումարի չափով: