Էդմոն Մարուքյանն ահազանգում է Վանաձորի Քիմպրոմի ունիկալ սարքավորումների իրացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ կոմբինատի ունիկալ սարքավորումների իրացման մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր կործանվում է հանրապետության վերջին պահպանված արտադրական հսկան՝ «Վանաձորի Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Կոմբինատի ներկայացուցիչները հայտնում են, որ իրականում կոմբինատի համար կենսական նշանակության ակտիվների վաճառք չի իրականացվում, այնինչ վաճառվում են ունիկալ սարքավորումներ, որոք հնարավոր չի լինելու վերականգնել։ Թե ում է պատկանում իրականում գործարանը, պետական մարմինները լռում են՝ թաքցնելով իրական սեփականատիրոջը։ Դրա վառ ապացույցն է ՀՀ պետական ռեգիստրի պաշտոնական կայքում կոմբինատի սեփականտերերի մասին ինֆորմացիայի բացակայությունը։ ՀՀ պետական ռեգիստրի կայքում արաջարկվում է կատարել վճարում կազմակերպությունների սեփականտերեին վերաբերվող ինֆորմացիա ստանալու համար, սակայն վճարումը կատարելուց հետո համակարգը տալիս է «Access Denied» ազդանշանը։

Շրջանառվող լուրերի համաձայն ՝ ի սկզբանե կատարվել է ոչ բարեխիղճ գործարք։ «Արդշինբանկ»-ի սեփականատերը, գնելով (ոչ ուղղակիորեն իր անունով) կոմբինատը, գրավադրել է այն իր իսկ սեփական բանկում։ Տվյալ մեքենայության նպատակը հավանաբար եղել է հետեւյալը. կոմբինատի շահագործման որոշ փորձերից հետո, որոնք չեն հաջողվել սխալ կառավարման եւ համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չներգրավելու պատճառով, առաջացել են բազմաթիվ պարտավորություններ երրորդ անձանց նկատմամբ (ՀԷՑ, Գազպրոմ եւ այլն)։ Տվյալ անձանց նկատմամբ պարտավորությունը չկատարելու հետեւանքով բնականաբար սկսվել է սնանկության գործընթաց վերջիններիս նախաձեռնությամբ։ Բայց կոմբինատի սեփականատերը, կանխորոշելով հանգամանքների զարգացման այդպիսի սցենարը, գրավադրել է ակտիվները իր սեփական բանկում, որպեսզի սնանկության գործընթացի ընթացում կոմբինատի ակտիվները հնարավոր չլինի իրացնել, քանի որ բանկը դրանց նկատմամբ ունի առաջնային իրավունք։

Օգտվելով դրանից՝ սեփականատիրոջ նախաձեռնությամբ եւ հանրությունից գաղտնի, դուրս են հանվում քիմիական կոմբինատի ունիկալ սարքավումները եւ իրացվում՝ ներկայացնելով դրանք հասարակությանը որպես անպետք սարքավորումների ջարդոնի իրացում։ Դրանով սեփականատերը հետ է բերում իր ներդրումնեը։ Տվյալ սցենարը նույնպես ձեռնտու է սեփականատիրոջը, քանի որ ձեռքբերման գինը բավականին ցածր է եղել եւ ջարդոնի տեսքով ակտիվների վաճառքը նույնպես հետ կբերի ներդրումը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում է մի գործարան, նաեւ որի շնորհիվ է ժամանակին կառուցվել ներկայիս Վանաձորը։

Պետական մարմինները կամ անտեղյակ են սրա մասին, կամ Կոմբինատը դիտարկում են որպես հասարակ հացի փուռ, որը սեփականատերը մաս-մաս վաճառում է։ Իրականում կատարվում է ռազմավարական նշանակության կոմբինատի ակտիվների իրացում, ինչը չի կարելի դիտարկել որպես սեփականատիրոջ մասնավոր շահ։

Պետական մարմինները պետք է անհապաղ իրականացնեն կոմբինատի ներկայիս ակտիվների գույքագրում եւ կոմբինատի հաշվապահական հաշվեկշռում դրանց արտացոլման համապատասխանության ստուգում»։




Լրահոս