Շաքարի գնի նվազեցման խոսակցությունները զավեշտ են. Սպառողների միության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ շաքարավազը 40 դրամով էժանացել է:
Մասնավորապես նշվում էր, որ 2016 թվականի հուլիս ամսվա համեմատ, երբ շաքարավազը եղել է 390 դրամ, այս տարի նույն ամսին 340-350 դրամ:
Ընդ որում՝ պետական պաշտոնյան նշել էր, որ չնայած աշխարհում շաքարի հումքը թանկացել է, Հայաստանում գներն իջել են՝ ի հաշիվ ներկրողների թվի կրկնապատկման:

ArmLur.am-ը կապ հաստատեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ: Վերջինս նշեց, որ չնայած նրան, որ ամեն օր չի հետևում շուկային, սակայն կարող է ասել հետևյալը.
«Դա զավեշտ է: Եթե դա իրականություն է, մենք միայն ուրախ ենք, բայց բոլորովին դրան նման չէ, որովհետև չենք նկատել էժանացումը: Մենք հետևում ենք Ազգային վիճակագրության ծառայության տվյալներին, սակայն այնտեղ նման բան չենք նկատել: Այդ ռեպորտաժը բացատրում եմ այսպես. առաջ մի տերմին կար՝ «լաքիրովկա անել» գեղեցկացնել իրականությունը», – ասաց պարոն Պողոսյանը:

ArmLur.am-ի այն դիտարկմանը, որ նշվում էր, թե շաքարավազի գնի նվազեցումը պայմանավորված է ներկրողների թվի կրկնապատկմամբ, պարոն Պողոսյանն ընդգծեց.
«Դա հեքիաթի նման է: Այդ հիվանդությունն այդքան արագ լուծում չունի: Ես ժամանակին բազմիցս ասել եմ՝ շաքարավազի 98 տոկոսը ներկրում է մեկ մարդ, իսկ մնացած 2 տոկոսը ներկրում է նորից ինքը՝ այլ ազգանունի տակ: Եթե այդ ասպարեզում կա փոփոխություն, ապա մենք նույն երկրում ենք ապրում, եթե փոփոխություններ եղած լինեն, ապա պետք է նկատած լինեինք»:

Լուսինե Առաքելյան




Լրահոս