Ճանապարհային ոստիկանությանը Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում երթևեկող արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաներին:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 14-ին անդրադարձել էր արդեն մի քանի տարի ձգվող այս խնդրին: Մասնավորապես, գրել էինք, որ արդեն մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում:
Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան:
Ի դեպ, օտարերկրյա համարանիշներով վարորդները չեն վճարում նաեւ կարմիր գծերում կայանելու համար արձանագրված խախտումների տուգանքները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից:
Երեւանի փողոցները «լցվել են» ռուսական համարանիշներ կրող ավտոմեքենաներով, որոնց վարորդները վարում են, ինչպես ցանկանում են, քանի որ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումները չեն վճարում։
Ինչպես հայտնի է` դեռեւս 2015 թվականին ռուսական համարանիշներով վարորդների թույլ տված խախտումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա այն ժամանակ խիստ հրահանգ էր տվել` ապահովել, որպեսզի երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Իսկ ի՞նչ է արվել այդ հրահանգից հետո մինչ օրս: Փաստացի ոչինչ: Հայ վարորդների պատմելով՝ այդ «օրենքից դուրս» ավտոմեքենաների պատճառով երթեւեկության ընթացքում պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում։
Եվ ահա, այսօր ի լուր աշխարհի` հերթական խորհրդակցությունն է կայացել` գրեթե նույն բովանդակությամբ: Տեսնենք ` ինչ կփոխվի այս անգամ: