Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ մեկ հիմնական դպրոցի շինարարական աշխատանքներն իրականացնելիս, շինարարները հայտնաբերել են, նախնական գնահատմամբ, վաղ շրջանի հնածո իրեր: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրատվական բաժնից, դպրոցում ժամանակավորապես դադարեցվել են շինարարական աշխատանքները:
Հիմնադրամը գրավոր դիմել է Մշակույթի նախարարությանը, որպեսզի, պատկան մարմինը, համաձայն կատարված եզրակացության, համապատասխան որոշումներ կայացնի հետագա աշխատանքների բնականոն ընթացքի վերաբերյալ: Մշակույթի նախարարությունից, սակայն, տեղեկացրին, որ նման դիմում դեռ չեն ստացել:
Եղեգնաձորի համայնքապետարանից տեղեկացրին, որ դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելիս կոտրված կուժ եւ քարից շարված մթերքի պահոց են հայտնաբերել: Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կնքած միջպետական համաձայնագրի շրջանակներում իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Երևանում և մարզերում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 46 դպրոց: Կառավարությունը հաստատել է իրականացվող 20 ծրագրերի ցանկը, որոնցից 14-ը Երևան քաղաքում, իսկ 6-ը մարզերում: Այդ ծրագիրն իրականացնող կառույցը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: