ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ռուսական օղակը շարունակում է սեղմվել: Թվում էր` Թրամփը կհաջողեր ազատվել իր նախընտրական քարոզարշավում ռուսական հետքի փնտրտուքների ճնշող ներկայությունից: Սակայն նրա հակառակորդները չեն պատրաստվում նախագահին հանգիստ տալ, ինչի վառ վկայությունն է օրերս ԱՄՆ հատուկ դատախազ ՌոբերտՄյուլլերի ներկայացրած առաջին մեղադրանքը: Դա նոր փոթորիկ է առաջացրել ամերիկյան հասարակական-քաղաքական շրջանակներում` հարուցելով Թրամփի նոր զայրույթը:
Երբ գարնանը պաշտոնից հեռացվեց ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին, ԱՄՆ արդարադատության համակարգի հանդեպ համատարած կասկածներ առաջացան: Տպավորություն էր, որ նախագահը կարող էր ինքնուրույնաբար պաշտոնից ազատել իրավապահ համակարգի ցանկացած ներկայացուցչի, որը չի սպասարկում իր շահերը: Թրամփը, որը սկսնակ էր քաղաքականության մեջ եւ, ըստ էության, գործնական պատկերացումներ չուներ իր իսկ պետության պետական կառավարման գործերից, թվում է՝ նույնպես այդպես էր մտածում: Ինչ-ինչ պատրվակներ օգտագործելով` նախագահը պաշտոնից կոպտորեն հեռացրեց Քոմիին` հուսալով, որ այդ կերպ կավարտի ռուսական հետքի հետաքննությունը: Սակայն Թրամփին է՛լ ավելի մեծ անակնկալ էր սպասում, քանզի ԱՄՆ արդարադատության փոխնախարարի հրամանով ռուսական հետքի հետաքննությունը փաստացիորեն վերցվեց ՀԴԲ-ի ձեռքից եւ ղեկավարման հանձնվեց հատուկ այդ գործըքննելու համար նշանակված դատախազին: Ըստ էության, եթե մինչ այդ հետաքննությունը ՀԴԲ-ի գործերից մեկն էր, ապա Մյուլլերի նշանակմամբ այն դարձավ մի արտակարգ իրադարձություն: Թրամփը, առանց գիտակցելու իր քայլերի անհեթեթությունը, ուղղակիորեն վնասեց ինքն իրեն: Պատահական չէ, որ այդժամ սրվեցին նաեւ Թրամփի ու ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշընսի հարաբերությունները, որն ինքնակամ հրաժարվել էր պաշտոնապես ծանուցվել կոնկրետ այդ հետաքննության մասին: Թրամփը հրապարակավ կշտամբել էր իր դատախազին` արձանագրելով, որ եթե իմանար, որ Սեշընսը հրաժարվելու է այդ գործից, դժվար թե նրան նշանակեր այդ պաշտոնում:
Ինչեւէ, հատուկ դատախազ Մյուլլերի գործունեությունն արդեն մի քանի ամիս է, ինչ հետեւողականորեն սեղմում է Թրամփի շուրջ առկա օղակը: Թրամփի նախկին քարոզչական շտաբի ղեկավարի տանը իրականացրած անակնկալ խուզարկությամբ Մյուլլերը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում` հստակորեն ազդանշան հաղորդելով, որ հետաքննությունը վարում է բավականին վստահ եւ չի կաշկանդվում որեւէ գործողությունից: Եվ ահա արդեն ուրբաթ օրը, ըստ CNN-ի պաշտոնական աղբյուրների, Մյուլլերի հետաքննիչների խումբը արդեն իսկ առաջադրել է առաջին մեղադրանքները: Ըստ հաղորդման` դաշնային ատենակալների խորհուրդը հաստատել է մեղադրանքը, եւ ակնկալվում է, որ կարճ ժամանակում գործի շրջանակներում ձերբակալություն է սպասվում: Առայժմ անհայտ է, թե ում է մեղադրանք առաջադրել հատուկ դատախազը: Այդ փաստը հրաժարվում են մեկնաբանել ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ Թրամփի փաստաբանները: Այդուհանդերձ, Թրամփի քարոզչական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթն արդեն իսկ ձերբակալված է, եւ նրան առաջադրված մեղադրանքների շարքում է դավադրությունը Միացյալ Նահանգների դեմ: Սա չափազանց ծանր մեղադրանք է, որն անուղղակիորեն հարվածում է նախագահ Թրամփին, թեպետ վերջինս հայտարարել է, որ Մանաֆորթն իր համար արդեն անցած էտապում է:
Սակայն եթե փաստաբանները խելամտորեն լռություն են պահպանում` խուսափելով որեւիցե տեսակի կարծիք արտահայտելուց, քանի դեռ ամեն ինչ հրապարակային չէ, Թրամփը կրկին իր տարերքի մեջ է: Նա ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությունը անվանել է «վհուկների որս», որը ուղղակիորեն հարվածում է ամերիկյան քաղաքականությանը: Ըստ նախագահի` իր դեմ կատարվող գործողություններին մասնակից են ինչպես դեմոկրատները, այնպես էլ մի շարք հանրապետականներ, որոնք չեն ցանկանում վարչակազմի հաջողությունը: Թրամփը զայրույթով նկատել է, որ բոլորի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հետքի մասին կեղծ տեղեկատվությունը, ու ոչնչից մեծ բան է սարքվում, մինչդեռ Քլինթոնի կոնկրետ գործած հանցագործությունները շարունակում են մնալ չբացահայտված: Թրամփը միաժամանակ հայտարարել է, որ բոլորն էլ ընդունում են, որիր քարոզարշավի ու Ռուսաստանի միջեւ որեւէ առնչություն չի եղել: Դրան անմիջապես հակադարձել է այդ առնչությունները քննող հանձնաժողովի անդամ, սենատոր Էնգուս Քինգը` պնդելով, որ գոնե հանձնաժողովի ներսում նման կարծիք չկա: Ըստ նրա` հանձնաժողովի վերջնական եզրակացության առկայությամբ կարելի է միայն նման տեսակի պնդումներ կատարել:
Ակնկալվում է, որ այսօր Մյուլլերը պաշտոնապես կհրապարակի իր հանձնախմբի ներկայացրած պաշտոնական մեղադրանքները: Մանաֆորթի կալանավորումն արդեն իսկ հուշում է, որ գործը չափազանց վտանգավոր ընթացք է ստացել: Ինչ Մյուլլերը ստանձնել է հատուկ դատախազի գործառույթները, շարունակաբար քննարկվում էր, թե արդյո՞ք նա կհամարձակվի ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրել: Մեկ այլ խնդիր էր, թե արդյո՞ք փաստարկներ կգտնվեն, որոնք այդքան ծանրակշիռ կլինեն՝ քրեական գործը վճռական փուլ մտցնելու համար: Այժմ արդեն պարզ է, որ վատագույն կանխատեսումներն այս առումով իրականանում են: Անշուշտ, մեղադրանքի առաջադրումը դեռ դրա հաստատումը չէ, առավել եւս քանի դեռ չկա դատական գործընթաց ու դատական որոշում, սակայն իրավիճակն արդեն ինչ-որ առումով աննախադեպ է եւ ուղղված է նախագահի դեմ: Ահա այստեղ է, որ դրսեւորվում է ԱՄՆ-ի կառավարման ժողովրդավարականությունը, երբ իրավապահ համակարգն այնքան անկախ է, որ ամիսներով կարող է հետաքննել նախագահի անվան շուրջ կապվող քրեական գործը, իսկ դատախազն էլ հատուկ մեղադրանք է առաջադրել:
Իսկ Հայաստանում ո՞վ կհամարձակվի Սերժ Սարգսյանի մերձավորների ուղղությամբ խեթ նայել, էլ ուր մնաց քրեական գործ հարուցել:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺԸ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է ՏՆՕՐԻՆՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող Հայաստանի ամենաբարձր (18մ բարձրություն) ջրվեժի` գեղատեսիլ Շաքիի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ է ստանում այն մասին, որ ջրվեժը վերջին շրջանում ավելի է ցամաքել: Նշենք, որ Շաքիի ջրերը օգտագործվում են թե՛ հիդրոէներգետիկ, թե՛ գյուղատնտեսական, թե՛ կենցաղային նպատակներով:
Բացի այս՝ ջրվեժի տարածքը մասնավոր սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի տարածք է, ամբողջովին ցանկապատված է, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների ազատ ելումուտը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ջրվեժի ճակատագիրը տնօրինում է «Հակոբջանյան եւ Գալստյան ՀԷԿ»-ի («Շաքիի» ՀԷԿ-ի) համասեփականատեր, Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: «Շաքի» ՀԷԿ-ը գտնվում է Սյունիքի մարզում՝ Շաքի գյուղի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Շաքի գետի վրա, դրա շահագործման ընթացքում Շաքիի ջրվեժը ցամաքում է. այս ՓՀԷԿ-ի ջրառը ազդում է ջրվեժի ջրատվության վրա: Տեղեկացնենք, որ Շաքիի ջրվեժը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում` համաձայն ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 14-ի 967-Ն որոշման:
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիների դժգոհությունները փոխանցեց Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին: Սակայն վերջինս լսելով հարցը՝ զայրացած նկատեց. «Ղալաթ են արել, զանգել, դժգոհել են: Մենք ավազանը մաքրել ենք, եւ մի քանի ժամ տեւում է ջրվեժի լցվելուն: Դրա համար էլ ցամաքում է: Ժամանակ է պահանջվում, որպեսզի այն լցվի: Տարվա մեջ մենք մի 5-6 անգամ այդ գործընթացն անում ենք: Գրաֆիկ գոյություն ունի, որտեղ նշված է, թե որ ժամերին ենք տալիս: Ջրվեժը տնօրինում է բնապահպանության նախարարությունը, մենք կապ չունենք դրա հետ»: Ի դեպ, մենք տեղեկություններ ստացանք նաեւ այն մասին, որ ջրվեժի մոտակայքում Հակոբջանյանը օբյեկտներ է կառուցում: «Ժողովուրդ»-ը նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչ է կառուցում այնտեղ: Հարցին ի պատասխան՝ նախկին քաղաքապետը արձագանքեց. «Ես ունեմ իմ վարձակալության տարածքները, որտեղ զբոսաշրջիկների համար հանգստի գոտիներ եմ կառուցում: Դրանք շատ հեռու են ջրվեժի տարածքից»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԵՌՆԱՏԱՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է
Քաղաքացի Վահե Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 6-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից, առանց համապատասխան թույլտվության, հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազար 500 դրամի վնաս: Նա իր կատարած ապօրինի ծառահատումից հետո անմիջապես նկատվելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամասի ղեկավար Արտակ Հարությունյանի եւ նույն տեղամասի 10-րդ պահաբաժնի անտառապահ Մկրտիչ Ավետիսյանի կողմից՝ «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարով դիմել է փախուստի, որի ընթացքում Դիլիջան-Սեւան թունելի սկզբնամասում բեռնատարով հարվածել եւ վնասել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան՝ պետությանը պատճառելով 130 հազար դրամի գույքային վնաս:
Տեղեկացնենք, որ Վ. Գուլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել») եւ 185 հոդվածի 1-ին մասով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Վ. Գուլանյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է նոյեմբերի 2-ին:
ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Ամեն տարի հունվարի 1-17-ը Տավուշի մարզի տարածքում կատարվում է խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հաշվառում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այս տարվա սկզբին կատարված հաշվառումը ցույց է տվել, որ նախորդ տարվա համեմատ մարզում կովերի, խոզերի եւ ոչխարների գլխաքանակը նվազել է: Ըստ Վ. Սուքոյանի` դրա պատճառն այն է, որ ընտանիքների տարեց անդամները մահանում են, իսկ երիտասարդներն անասուններ չեն պահում: Շատ ընտանիքներ գերադասում են ապավինել ընտանեկան նպաստի գումարին, քան թե չարչարվելով՝ անասուններ պահել: Մարզում անասնապահության զարգացմանը խոչընդոտ է նաեւ անասնաբույժների ցածր աշխատավարձը եւ այն փաստը, որ որոշ հիվանդություններ ընդգրկված չեն պետականորեն պարտադիր անցկացվող պատվաստումների ցանկում, եւ այդ հիվանդություններից անասունների անկում է լինում:
Մի խոսքով, պետական հոգածության պակասի հետեւանքով գյուղացիները հրաժարվում են անասուն պահելուց:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ