Համաձայնագիրը չունի կախարդական փայտիկ, բայց շոշափելի բարելավումներ կլինեն. Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատրաստակամ է անելու ամեն ինչ` ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների իրականացումն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Ես և պատվիրակության մեր գործընկերները պատրաստ ենք անելու առավելագույնը համաձայնագրի իրականացման համար: Այս համաձայնագիրը նոր հնարավորություններ ու դռներ է բացում, բայց ամենաէականը դրա լավ իրականացման ապահովմամբ՝ օգուտ ստանալն է: Դրա համար մենք յուրաքանչյուրս մեր դերակատարմամբ լծված ենք կատարելու համաձայնագրից բխող կետերը»,-ասաց ԵՄ պաշտոնյան:

Նա հավելեց, որ ակտիվացնելու են իրենց ջանքերը ՀՀ զարգացման գործում, որպեսզի հասարակ քաղաքացիների համար տեսանելի ու ճանաչելի դառնա համաձայնագրի կարևորությունը: «Համաձայնագիրը չի պարունակում որևէ կախարդական փայտիկ, որը մի գիշերվա մեջ ամեն ինչ կփոխի: Բայց այն առաջ կբերի շոշափելի բարելավումներ սովորական քաղաքացու տեսանկյունից»,-ավելացրեց Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ հայ-եվրոպական համատեղ ջանքերի շնորհիվ այս համաձայնագիրը կարող է ծառայել գործիք սովորական քաղաքացիների իրավունքների առավել պաշտպանվածության համար, ինչպես նաև պատշաճ կառավարման հայեցակարգի ամրապնդման առումով: Սվիտալսկու դիտարկմամբ՝ համաձայնագրի իրականացումը կարող է բերել նաև տնտեսական օգուտներ:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:




Լրահոս