Քաղաքական լուրջ ճգնաժամ է. ինչով են զբաղված արտախորհրդարանական ուժերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին 9 քաղաքական ուժերից ընտրական շեմը հաղթահարեցին միայն 4-ը: Ընտրություններում ձախողված ուժերը դրանից հետո, կարծես, անհետացած լինեն, այդ ուժերի առանձին գործիչները մեկ-մեկ իրենց մասին հիշեցնում են, իսկ քաղաքական ուժերը ծպտուն անգամ չեն հանում:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը որոշեց հետաքրքրվել, թե ինչ գործունեություն են ծավալում նվազագույն շեմը չհաղթահարած մյուս քաղաքական ուժերը:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյան

-Պարո՛ն Հարությունյան, խորհրդարանական ընտրություններից հետո ՀԺԿ-ն այժմ ի՞նչ գործունեություն է իրականացնում:

-Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, ինչպես բոլորի մոտ: Կուսակցությունները խիստ ակտիվանում են ընտրությունների ժամանակ: Հիմա սովորական աշխատանքային մթնոլորտ է: Լինում են քննարկումներ եւ հանդիպումներ մեր ակտիվի, ժողովրդի հետ:

-Ձեր կողմից նշված հանդիպումները ՀԺԿ-ն առանձի՞ն է անցկացնում, թե «Հայ ազգային կոնգրեսի» հետ միասին:

-Կոնգրեսի անդամների հետ քննարկումներ եւս լինում են, սակայն ավելի շատ մեր ակտիվի հետ, մեր քարտուղարների հետ: Իհարկե, Կոնգրեսի հետ կապ կա:

-Ամեն դեպքում, դաշինքի կամ առանձին ՀԺԿ-ի գործունեության մասին տեղեկություններ որպես այդպիսին չկան, ինչո՞ւ:

-Այսօր քաղաքական լուրջ ճգնաժամ է երկրում: Ես նկատի ունեմ, որ քաղաքական ուժերը ճգնաժամի մեջ են, բոլորը՝ վերցրած իշխող քաղաքական ուժից, վերջացրած ընդդիմադիրներից: Սա ընդհանրապես տխուր իրավիճակ է եւ սա լավ բանի չի տանելու: Նախագահական ընտրություններ որպես այդպիսին չի լինի, եւ որեւիցե սրացումներ, պայքար չկա փաստորեն, եւ այս ամբողջը շատ տխուր է մեր երկրի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի համար: Ոչ մրցակցային մթնոլորտ է ստեղծվել: Ընտրությունների միջոցով ոչ ոք լուրջ հաջողությունների չի կարող հասնել: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, զավթել են իշխանությունը, եւ արդյունքն այն է, որ մարդիկ արդեն ոտքի վրա են քվեարկում: Նայե՛ք, ինչ է կատարվում, դատարկ է մեր երկիրը: Տղա երեխաներն այսօր 10-11 տարեկան են, արդեն մտածում են երեխաներին ոնց հանեն երկրից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս