ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտումները, թե ինչպես են այս կամ այն միջոցառման անվան տակ մարդիկ արտագաղթում երկրից: Նախորդ համարներից մեկում «Ժողովուրդ»-ը գրել էր, թե ինչպես են մի խումբ անհատներ պարի խմբի անդամների անվան տակ մի շարք քաղաքացիների երկրից ապօրինի դուրս հանել: Տեղեկացանք, որ օրերս ավարտվել եւ դատարան է ուղարկվել «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավարի եւ «Վահրամաբերդ» պարի խմբի անդամների մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը:
Մասնավորապես «Վահրամաբերդ» պարի խմբի ղեկավար Արա Գեղեցիկ Մելիքսեթյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2016թ. հունվար ամսին տեղեկացել է, որ «Ա. Շաբոյան» պարի խումբը Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե Կառլո քաղաքներում մասնակցելու է միջազգային փառատոնի, պայմանավորվածություն է ձեռք բերել «Ա. Շաբոյան» պարի խմբի ղեկավար Արմեն Շաբոյանի հետ եւ «Վահրամաբերդ» պարի խմբի մեջ է մտցրել ՀՀ 9 քաղաքացիների, որպեսզի օգնի նրանց գնալ Ֆրանսիա:
Այդ ծառայության դիմաց նա քաղաքացիներից պահանջել եւ ստացել է 200-ից մինչեւ 380 եվրո գումար:
Այս արարքի համար Արա Գեղեցիկ Մելիքսեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի հատկանիշներով` անօրինական միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: Հետաքրքիր է, թե դատավորն ինչ վճիռ կկայացնի: